«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու համար կա մեկ ճանապարհ՝ Հայաստանն և հայ ժողովրդին իրական ոչնչացման եզրին կանգնեցնել». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները, որոնք օրակարգ են բերում Ադրբեջանի հետ երկխոսության գնալու հարցը, կա՛մ իրավիճակին չեն տիրապետում, կա՛մ միտումնավոր փորձում են տգիտություն սերմանել։

«Անհնարին է այս պարագայում նույնիսկ մտածել հարաբերություններ վերականգնելու մասին, նույնիսկ շատ պարզ պատճառով, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն դիտարկել և չեն դիտարկելու Հայաստանին՝ որպես սուբյեկտ, որի հետ իրենք մոտ ապագայում կարող են ունենալ ինչ-որ հարաբերություններ։ Ինձ համար զարմանալի է, և հիմա կդժվարանամ ասել, թե ինչ շահեր են հետապնդում այդ օրակարգն առաջ բերողները, բայց կարող եմ ասել մեկ բան, որ դա չի բխում հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի շահերից։ Այն մարդիկ, որոնք փորձում են այդ ամենն ինչ-որ ձևով հիմնավորել, կներեք, հիմնավորումները մանկապարտեզային մակարդակում են և ջախջախվում են քաղաքագիտության երկրորդ կուրսի ուսանողի կողմից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը։

Ըստ նրա՝ միայն հիմար մարդը կարող է հենվել թուրքերի կամ ադրբեջանցիների «պոզիտիվ» հայտարարությունների վրա։

Նրա բնորոշմամբ՝ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի միայն այն դեպքում, եթե Հայաստանն օրակարգից հանի Հայոց ցեղասպանության հարցը։

«Որևէ մեկը չի խոսում Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունից, որն իրականում պետք է ռումբ պայթեցներ տեղեկատվական դաշտում, սակայն դրա մասին որևէ մեկը չխոսեց։ Գիտե՞ք՝ նա ինչ էր ասել, ասել է, որ խնդիր չունեն հայերի հետ, կողմնակից են արդար կիսմանը, թուրքական և ադրբեջանական արդար կիսելը նշանակում է՝ Հայաստանի և հայ ժողովրդի ոչնչացում։ Ես խորհուրդ կտամ կարդան, թե երիտթուրքերն ինչ են ասել հայերի մասին, որ հայերի հետ ախպեր ընկեր են, իսկ վերջում ի՞նչ արեցին՝ բոլորին կոտորեցին։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու համար կա մեկ ճանապարհ՝ Հայաստանն և հայ ժողովրդին իրական ոչնչացման եզրին կանգնեցնել»,- հավելեց Արման Աբովյանը։

Տեսանյութեր

Լրահոս