Ինչպես Հիմնադրամի փողերը հայտնվեցին բյուջեում, և ինչ տվեց դա կառավարությանը
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական բյուջեի կատարման 10 ամիսների հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունն առանձնահատուկ է նրանով, որ դրանում տեղ են գտել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակություններից պետական բյուջեին նվիրաբերված գումարները։ Խոսքը շուրջ 52 մլրդ դրամի մասին է։
«Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 51,7 մլրդ դրամ այլ կատեգորիաներում չդասակարգված տրանսֆերտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 560,3 մլն դրամի դիմաց: Ստացված միջոցներից 50,1 մլրդ դրամը կազմել են ռազմական դրությամբ պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար պետությանը ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրաբերությունից ստացված միջոցները, 1,1 մլրդ դրամը՝ ՀՀ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից պետությանը ֆինանսական աջակցության գումարները»,- արձանագրել է Ֆինանսների նախարարությունը:
Սա այն գումարն է, որը պատերազմի ժամանակ անհասկանալի պատճառաբանություններով ու հիմնավորումներով հայտնվեց պետական բյուջեում։ Կառավարությունը հնարավորություն ստացավ օդից շուրջ 52 մլրդ դրամ մուտքագրել բյուջե և տպավորություն ստեղծել, թե բարելավել է բյուջեի կատարումը։ Առանց այդ գումարի, բյուջեի կատարողականը շատ ավելի տխուր կլիներ։ Բայց քանի որ իշխանությունները սովոր են մանիպուլյացիաներով առաջնորդվել՝ փորձել են այդ ճանապարհով ինչ-որ ձևով փրկել կառավարության դեմքը։ Թեև պարզ է, որ դա կառավարության աշխատանքի արդյունքը չէ։ Այդ գումարները հանգանակել է համայն հայությունը ու դա արել է ոչ թե կառավարության դեմքը փրկելու, այլ արցախահայությանը օգնելու համար։
Հոկտեմբերին համահայկական հիմնադրամից շուրջ 52 մլրդ դրամի հավելյալ մուտք է արձանագրվել բյուջեի եկամուտներում։ Դրանք բնորոշվել են՝ որպես բյուջեի այլ կատեգորիաներում չդասակարգված տրանսֆերտներ։ Այդպիսի մուտքեր Հիմնադրամից բյուջե նախկինում չեն եղել, դրա համար էլ ստացել են չդասակարգված տրանսֆերտներ անվանումը։
Հիմա տեսնենք, թե ի՞նչ է տվել այդ գումարը բյուջեին։
Բյուջեի եկամուտները 10 ամսվա կտրվածքով կազմել են 1 տրիլիոն 248 մլրդ դրամ։ Առանց Հիմնադրամի մուտքերի՝ այն կլիներ 1 տրիլիոն 196 մլրդ դրամ։ Եթե Հիմնադրամի գումարներով բյուջեի եկամտային պլանը, խոսքը ճշգրտված պլանի մասին է, կատարվել է 79,8 տոկոսով, ապա առանց Հիմնադրամի գումարների կատարված կլիներ 76,4 տոկոսով։ Տարբերությունն ակնհայտ է։
Այսպիսի հնարավորություն, բնականաբար, կառավարությունը չէր կարող ձեռքից բաց թողնել։ Հատկապես որ, լուրջ խնդիրներ ունի բյուջեի եկամուտների ապահովման հետ կապված և 2 անգամ արդեն հասցրել է վերանայել ու կրճատել բյուջեն։
Թեև կառավարության խնդիրները միայն բյուջեի եկամուտների հետ չեն կապված։ Ինչպես միշտ, դրանք առկա են նաև ծախսերի առումով։ Կառավարությունը չի կարողանում ոչ միայն եկամուտները հավաքել, այլև հավաքած եկամուտների դիմաց ժամանակին կատարել նախատեսված ծախսերը։
Այս տարի ևս շարունակել են պահպանվել բյուջեի կատարման նախկին արատավոր երույթները։ Կառավարությունը փողերը հավաքել է ու կրկին ավանդ դրել, փոխարենը՝ պլանավորված աշխատանքները կատարեր և փորձեր աշխուժություն հաղորդել ճգնաժամի մեջ հայտնված տնտեսությանը։
«Հաշվետու ժամանակահատվածում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների դիմաց ստացվել են շուրջ 14,5 մլրդ դրամ տոկոսավճարներ՝ 104,2 տոկոսով (7,4 մլրդ դրամով) գերազանցելով տարեկան ծրագրված մուտքերը, և 47,3 տոկոսով (4,6 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ծրագրված ցուցանիշի գերազանցումը պայմանավորված է 2020 թվականի ընթացքում պետական բյուջեի եկամուտների համեմատ ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով, որի պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ, ինչպես նաև ֆինանսական կարիքի ապահովման նպատակով պետական գանձապետական պարտատոմսերի լրացուցիչ թողարկումներով, որոնց տեղաբաշխումից մուտքագրված միջոցները ևս ներդրվել են՝ ապահովելով լրացուցիչ եկամուտ:
Վերոհիշյալ հանգամանքներով, ինչպես նաև 2020 թվականին ավելի շատ ավանդների փոխանցմամբ է պայմանավորված նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տոկոսագումարների աճը»,- բյուջեի 10 ամսվա կատարվողականի հաշվետվության մեջ արձանագրել է Ֆինանսների նախարարությունը։
Ինչպես միշտ, մեծ շեղում է արձանագրվել կապիտալ ծախսերի կատարողականում։ Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են շուրջ 162 մլրդ դրամ։ Տարեկան ծրագիրը կատարվել է ընդամենը 51 տոկոսով։ Վատ, նույնիսկ շատ վատ է կատարողականն արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի դեպքում՝ «Ցածր կատարողականը մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով, որոնց շրջանակներում օգտագործվել է տարեկան ծրագրված միջոցների 29,9 տոկոսը՝ 31,6 մլրդ դրամ»:
Դատելով բյուջեի հաշվետվությունից՝ կառավարությունը լրացուցիչ բավական մեծ միջոցներ է տրամադրել այս տարի ի հայտ եկած մեկ այլ խնդրի՝ համավարակի կանխարգելմանը։ Այդ նպատակով բյուջեի այլ ծախսերը ավելացվել են 7 մլրդ դրամով։ Խոսքը գրեթե 14 մլն դոլարի մասին է։
«Այլ ծախսերի տարեկան ծրագիրն ավելացվել է 7 մլրդ դրամով` պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների ֆինանսավորման անհրաժեշտությամբ»,- ասվում է հաշվետվության մեջ։
Այլ հարց է, թե այդ գումարները որքանո՞վ են նպաստել համավարակի կանխարգելմանը։
Հայտնի է, որ համավարակի ցուցանիշներով Հայաստանը ռեկորդային բարձր դիրքում է գտնվում ամբողջ աշխարհում։ Եվ ոչ միայն վարակվածության, այլև մահացության աստիճանով։
Վարակվածների թիվը Հայաստանում մոտենում է 150 հազարի, իսկ մահացածներինը անցնում է 3 հազարից։ Այս թվերը վկայում են, թե մենք ինչպիսի արդյունավետությամբ ենք պայքարել համավարակի դեմ և ինչպիսի արդյունքների ենք հասել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ