Պարտքի սպասարկումը ծանր բեռ է դառնում

Մեր երկրի կուտակած պետական պարտքը սպասարկելու համար տարեկան միլիարդավոր դրամներ են հատկացվում։ Այդ գումարները դուրս են գալիս պետական գանձարանից։ Միայն պարտքի տոկոսների վճարումը հաջորդ տարի կպահանջի բյուջեի ծախսերի գրեթե 10,4 տոկոսը։ Չհաշված մայր գումարների մարումը, ինչն անհամեմատ ավելի մեծ բեռ է։

Հայաստանի պետական պարտքը՝ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ՝ վերջին տարիներին, արագորեն աճում է, ու դա ենթադրում է նաև պարտքի սպասարկման համար հատկացվող գումարների ավելացում։ Կանխատեսվում է, որ արդեն այս տարվա վերջին պետական պարտքը կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի։ Այն համարժեք կլինի ՀՆԱ 69 տոկոսին։

Այս գումարները գոյացել են տարիների ընթացքում և ահռելի բեռ են դարձել պետության վրա։

Չնայած իշխանափոխության օրերին մարդիկ հույս ունեին, որ պարտքը ոչ միայն կդադարի ավելանալ, այլև կմարվի՝ դա տեղի չունեցավ։ Ընդհակառակը՝ հիմա պարտքն ավելի արագ է աճում։ Կանխատեսվում է, որ միայն այս տարվա ընթացքում պարտքը կավելանա ևս 1,5 մլրդ դոլարով՝ ընդհուպ մոտենալով 9 միլիարդի սահմանին։

Այս գումարների սպասարկումը ծանր բեռ է պետական բյուջեի վրա։ Բավական է իմանալ, որ բացառապես կառավարության պարտավորությունների կատարման գծով հաջորդ տարի կպահանջվի ավելի քան 470 մլրդ դրամ։

Գումարի մի մասը նախատեսված է պարտքի մարման, մյուս մասը՝ տոկոսավճարների փոխհատուցման համար։ Թեև որևէ նշանակություն չունի, թե ինչ գծով է իրականացվելու պարտավորությունների սպասարկումը։ Այսպես թե այնպես, դա նստած է պետական բյուջեի վրա։

470 միլիարդը մեծ ծանրություն է մեր բյուջեի համար, որքան էլ այդ գումարների մի մասի մարումն իրականացվում է նոր պարտավորությունների ներգրավման հաշվին։ Այսինքն՝ պարտք ենք վերցնում՝ եղած պարտքերը սպասարկելու համար։

2021թ. պետական բյուջեի նախագծի ուղերձի համաձայն՝ կառավարության պարտքի տոկոսավճարները հաջորդ տարի կկազմեն 191,7 մլրդ դրամ։ Եթե սա վերածենք դոլարի այն փոխարժեքով, որը դրված է պետական բյուջեի նախագծում, ապա կստացվի ավելի քան 394 մլն դոլար։

Նշենք, որ 2021թ. բյուջեի նախագծում դրված է դոլարի 486 դրամ փոխարժեքը, որը, սակայն, այսօր արդեն չի արտահայտում շուկայի իրական պատկերը։ Որքան դոլարի գինը բարձր լինի, այնքան պարտքի, մասնավորապես՝ արտաքին պարտքի տոկոսավճարների համար հատկացումները կավելանան։

Արտաքին պարտքի տոկոսավճարները հաջորդ տարի կկազմեն 84,3 մլրդ դրամ կամ ավելի քան 173 մլն դոլար։ 44,1 մլրդ դրամը կուղղվի արտաքին վարկերի սպասարկմանը։ 40,2 միլիարդ կվճարենք արտարժութային պետական պարտատոմսերի թողարկման գծով ներգրավված գումարների տոկոսավճարների դիմաց։ Խոսքը եվրոբոնդերի մասին է։ Վերջին տվյալներով՝ այդ գծով Հայաստանի պարտքն անցնում է 900 մլն դոլարից։

Տոկոսավճարների կատարման համար պահանջվող 191,7 մլրդ դրամի մյուս մասը կուղղվի ներքին պարտքի սպասարկմանը։ Դրա համար անհրաժեշտ կլինի 107,4 մլրդ դրամ։

Ի տարբերություն արտաքին պարտքի, այս դեպքում՝ տարադրամի գնի փոփոխությունը որևէ նշանակություն չունի։ Ներքին պարտքը ձևավորվում է պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման արդյունքում՝ բացառապես ազգային դրամով։ Պետական բյուջեն չի կրում դրամի արժեզրկման ռիսկը։ Ամեն դեպքում, այն անհամեմատ ծանր բեռ է բյուջեի համար։ Պատահական չէ, որ մի քանի անգամ ավելի փոքր ներքին պարտքի տոկոսավճարների համար ստիպված ենք շատ ավելի մեծ հատկացումներ կատարել, քան արտաքին պարտքի պարագայում։

Պատկերացնելու համար ասենք, որ, եթե այս պահին կառավարության արտաքին պարտքը հասնում է 5,5 մլրդ դոլարի, ապա ներքին պարտքը 1,9 միլիարդից քիչ է։ Արտաքին պարտքը գրեթե 2,9 անգամով մեծ է։ Բայց նույնիսկ այդ պարագայում ստիպված ենք ավելի մեծ գումարներ հատկացնել ներքին պարտքի տոկոսավճարների վճարմանը։ Հաջորդ տարվա համար տարբերությունն անցնում է 23 մլրդ դրամի դրամից։

Թեև այդ հանգամանքը խոչընդոտ չէ, որպեսզի նախապատվությունը տրվի ներքին պարտքին։ Վերջին տարիներին այն շատ ավելի արագ է աճում, քան արտաքինը։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 10 ամիսներին կառավարության պարտքն ավելացել է 667 մլն դոլարով, որից 470 միլիոնը բաժին է ընկնում ներքին պարտքին։ Եթե արտաքին պարտքն ավելացել է ընդամենը 3,7 տոկոսով, ապա ներքինը՝ ավելի քան 30 տոկոսով։

Կառավարության բաժին պարտքի տոկոսավճարներից բացի, հաջորդ տարի բավական մեծ ֆինանսական միջոցներ կպահանջվեն նաև հիմնական գումարների մարման համար։ Դրա համար անհրաժեշտ կլինի ավելի քան 278 մլրդ դրամ։ Եվ կրկին գումարի մեծ մասը կուղղվի ներքին պարտքի սպասարկմանը։ Խոսքը 159,6 մլրդ դրամի մասին է։ Նախատեսվում է իրականացնել այդքան գումարի պետական գանձապետական պարտատոմսերի մարում կամ հետգնում։

Արտաքին պարտքի մայր գումարների սպասարկումը պետական  բյուջեի համար կարժենա 119 մլրդ դրամ։ Այն համադրելի կլինի շուրջ 245 մլն դոլարի, որը կուղղվի բացառապես վարկերի մարման նպատակով։ Արտարժութային պարտատոմսերի մարում, որպես այդպիսին, հաջորդ տարի չի նախատեսվում։

Այդպիսով՝ կառավարության արտաքին պարտքի մարման և տոկոսավճարների վճարման համար 2021թ. նախատեսվում է ուղղել ավելի քան 203 մլրդ դրամ կամ շուրջ 418 մլն դոլար։ Եվս 267 մլրդ դրամ կկազմի ներքին պարտքի սպասարկումը՝ մարումը և տոկոսավճարը միասին։

Ահա այսպիսին է Հայաստանի պետական պարտքի սպասարկման բեռը, որը գնալով ավելանում է։ 2019թ. կառավարության պարտքի տոկոսավճարները կազմել էին 157,5 մլրդ դրամ, սպասվում է, որ 2020թ. կկազմեն 166,7 մլրդ դրամ։ Արդեն 2021թ. կհասնեն 191,7 միլիարդի։ Երկու տարում այն կավելանա ավելի քան 34 միլիարդով։

Ու դեռ չհաշված Կենտրոնական բանկի պարտավորությունների սպասարկումը, որ, ճիշտ է, նստած չէ պետական բյուջեի վրա, բայց դրանք գումարներ են, որոնք դուրս են գալիս մեր երկրից։ Վերջին տվյալներով՝ Կենտրոնական բանկի պարտքը 477 մլն դոլար է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս