Ու այսքանից հետո նա փորձում է մնալ իշխանության. մնա, որ ի՞նչ անի
Չնայած հասարակության շրջանում օր օրի ահագնացող դժգոհությանը, Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ ինքնակամ հեռանալ իշխանությունից։ Մյուս կողմից՝ նրան հրաժարական պարտադրելու շատ մեծ հնարավորություններ այս պահին չեն երևում, որքան էլ դրա համար առկա են բոլոր պայմանները. իշխանությունը լիակատար ձախողում է արձանագրել բոլոր ոլորտներում։
Այդ պայմաններում իրեն հարգող ցանկացած ղեկավար վաղուց ինքնակամ հեռացած կլիներ։
Բայց Նիկոլ Փաշինյանն այդպիսին չէ։ Նա պատրաստվում է մինչև վերջ կռվել ու նույնիսկ արյուն թափել՝ իշխանության մնալու համար։ Ոչ մի նշանակություն չունի, թե դա ինչպիսի հետևանք կարող է ունենալ երկրի համար։
Որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում ինքնակամ հեռանալ իշխանությունից, դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Մարդը հասցրել է այս կարճ ժամանակահատվածում լիաթոք վայելել իշխանության ընձեռած բարիքները։ Ու հիմա պատրաստ չէ հրաժարվել այդ ամենից, որքան էլ գուցե հասկանում է, որ կորցրել է վստահությունը հասարակության շրջանում։
Եվ ոչ միայն կորցրել է վստահությունը, այլև վաստակել է դավաճանի պիտակը։ Բայց նույնիսկ դա պատճառ չէ նրա համար, որպեսզի թողնի իշխանությունը։
Լավ, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը չի ուզում թողնել իշխանությունը, իսկ ի՞նչ է մտածում իշխանության քաղաքական թիմը։ Չէ՞ որ իրենց ընտրած վարչապետը խայտառակել է երկիրը և քարը քարին չի թողել։
Այսքանից հետո ի՞նչ փայլուն հաջողությունների ու ձեռքբերումների համար են ուզում նրան պահել իշխանության ղեկին։ Այդքան բա՞րդ է հասկանալ, որ ձախողված ղեկավարը, եթե ինքնակամ չի հեռանում, պետք է հեռացնել, որպեսզի գա մեկ ուրիշը, ով ի վիճակի է երկիրը հանել այս փոսից։
Դժվար է գտնել որևէ ոլորտ, որտեղ խայտառակ պատկեր չէ։ Այն, ինչ ունենք, բոլորի աչքի առաջ է։ Չկա ձեռքբերում որևէ տեղ։
Այդքանից հետո ատամներով պահել կառավարության ղեկավարի պաշտոնը՝ արհամարհելով դրա բոլոր բացասական հետևանքները, կարող է անել միայն երկրի ապագայի նկատմամբ բացարձակ պատասխանատվություն չունեցող մարդը։
Եվ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, ով իշխանության եկավ բոլորովին այլ խոստումներով ու լոզունգներով, որոնցից ոչ մեկն ի վիճակի չեղավ իրականացնել։ Փոխարենը՝ կարճ ժամանակում քանդեց այն ինստիտուտները, որոնք ստեղծվել էին տարիների ընթացքում, և, լավ թե վատ, կատարում էին իրենց ֆուկցիաները։
Խոսքը հատկապես տնտեսության և երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգերի մասին է։ Այսօր չկա թե՛ մեկը, և թե՛ մյուսը։ Երկրի անվտանգությունը վտանգված է, իսկ տնտեսությունը կոլապսի մեջ է։
Նախնական տվյալներով՝ տնտեսական անկումը մեր երկրում արդեն մոտեցել է 7,5 տոկոսի։ Սա տարվա առաջին երեք եռամսյակների ցուցանիշն է։
Այսինքն՝ առանց պատերազմի հետևանքների։ Պատերազմի հետևանքներն այս ցուցանիշի մեջ ներառված չեն։ Այն հետո է գալու։ Թեև արդեն կան առաջին արձագանքները, ու դրանք խիստ մտահոգիչ են։ Պատերազմի հետևանքով տնտեսության անկումը խորացել է։ Արդեն հնչում են գնահատականներ, որ տարեվերջին ունենալու ենք նույնիսկ երկնիշ անկում։
Սա է կառավարության աշխատանքի արդյունքը։ Այսպիսի կառավարությունն իրավունք չունի մեկ օր անգամ մնալ իշխանության։ Դա ձախողված կառավարություն է, և անկախ նրանից, թե ինչպիսին կլիներ պատերազմի ելքը, այդ կառավարությունը պետք է հեռանար։
Իսկ այն, ինչ տեղի ունեցավ պատերազմից հետո, պարզապես խայտառակություն էր։ Նման իշխանությունն ամոթ է ցանկացած հասարակության համար, և ինքը պետք է օր առաջ մտածեր ինքնակամ հեռանալու մասին։
Բայց Նիկոլ Փաշինյանը՝ իր ղեկավարած կառավարությունով հանդերձ, ոչ միայն չի մտածում հեռանալու մասին, այլև առիթը բաց չի թողնում նույն խաղը խաղալ մարդկանց գլխին, ինչ խաղում էր անցած 2,5 տարում՝ խաբելով ու ստերով կերակրելով։
Դեռ թարմ են այն հայտարարությունները, որոնք Նիկոլ Փաշինյանն անում էր՝ հասարակությանը մանիպուլյացնելու համար։ Հիմա գուցե նույնիսկ անիմաստ է խոսել դրանց մասին, բայց հավանաբար շատերը կհիշեն, թե անցած տարի Նիկոլ Փաշինյանն ինչպիսի հեղափոխական զարգացումներ ու ձեռքբերումներ էր խոստանում Հայաստանի տնտեսությանը։ Այնքան առաջ էր գնացել, որ արդեն տասնամյակների ծրագրեր էր հրապարակում։ Ի՞նչ է մնացել այսօր այդ ամենից։ Հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսությունն այնպիսի խորը անդունդի մեջ է, որ դուրս գալու հեռանկարներն անգամ տեսանելի չեն։
Այս իշխանությունը մեզ բարեկեցիկ կյանք էր խոստացել։ Այնինչ, այսօր անգամ ավելորդ է խոսել այդ մասին։ Ապագան մեր երկրում խիստ մշուշոտ է։
Դեռ մի բան էլ՝ սոցիալական իրավիճակը գնալով ահագնանում է, իսկ կառավարությունը բյուջեում փող չունի, որպեսզի բավարարի նույնիսկ Արցախից մազապուրծ եղած մեր հայրենակիցների տարրական սոցիալական կարիքները։ Ու դրա համար ձեռքը մեկնել է Համահայկական հիմնադրամի միջոցներին, որոնք շատ ավելի կարևոր խնդիրներ ունեին լուծելու, քան կենսաթոշակ ու նպաստ վճարելն է և մի քանի տասնյակ հազար դրամի օգնություն ցույց տալն այն մարդկանց, որոնց մի մասը պատերազմի հետևանքով կորցրել է տունն ու ունեցվածքը։
Որքան էլ ասենք, որ Հիմնադրամն է ինքնակամ հանգանակված միջոցները նվիրաբերել կառավարությանը, պարզ է, որ այդպես չէ։ Կառավարությունն ինքն է վերցրել այդ գումարները։ Խոսքն ավելի քան 100 մլն դոլարի մասին է։
Մի կողմից՝ Հիմնադրամի փողերը վերցրել են, որովհետև բյուջեն բավարար միջոցներ չի ունեցել, մյուս կողմից՝ շարունակել են պարգևավճարներ վճարել։ Ու այսօր փորձում են արդարացնել, թե Հիմնադրամի փողերով չեն վճարվել պարգևավճարները։ Իսկ ի՞նչ տարբերություն, պարգևավճարը Հիմնադրամի՞, թե՞ բյուջեի փողերով է վճարվել։ Որտե՞ղ է այդ բաժանարարը։
Պատերազմի ծանր օրերին, երբ համայն հայությունն էր գումարներ հանգանակում երկրին օգնելու համար, բյուջեից միլիոների պարգևավճար չտալով՝ գոնե կարող էին այդքանով խնայել Հիմնադրամի փողերը։ Բայց անգամ դա չեն արել։
Նիկոլ Փաշինյանի կառավարության «փայլուն» աշխատանքի արդյունքն է, որ այսօր Հայաստանը ոչ միայն ծանր պարտություն է կրել պատերազմում, այլև հայտնվել տնտեսական, բյուջետային ու պարտքային ճգնաժամի մեջ։ Սոցիալական ճգնաժամի մասին դեռ չենք խոսում։
Ու այսքանից հետո նա փորձում է մնալ իշխանության։ Մնա, որ ի՞նչ անի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ