«Ամեն օր Նիկոլ Փաշինյանի խցում հնչելու են զոհված տղաների անունները․ այդ անուններով նա արթնանալու է, և այդ անուններով նա քնելու է, եթե կարողանա»․ Միքայել Մինասյան
«Լավ, դուք գիշերը ո՞նց եք քնում։ Ինչո՞ւ դուք տղաների մահը նույնիսկ սարքեցիք թատրոն։ Ինչո՞ւ եք դուք թաքցնում տղաների մահը, ինչո՞ւ չեք հանձնում տղաների մարմինները ծնողներին, ինչո՞ւ չեք հայտնում նրանց անունները, ինչո՞ւ չարեցիք ամեն ինչ, որպեսզի դիերը կարողանան վերցնել, ինչո՞ւ չեք զբաղվում գերիներով, ինչո՞ւ այդքան թքած ունեք հայ ժողովրդի վրա»,-իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա հիշեցրեց Փաշինյանի ելույթը, որտեղ Փաշինյանը նախկիններին ասում է․ «Ձեր դիվանագիտությունն ի՞նչ է եղել, հետևյալը՝ ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ձեզ էլ թվացել է, թե դա է, այ անինքնասերներ, ու ողբերգությունն այն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից, բայց մենք կոշիկ լիզող չենք, դուք եք կոշիկ լիզողը, դուք լիզել եք ու լիզելու եք։ Էսօր էլ եք վազում եվրոպաներում, մոսկվաներում ինչքան կոշիկ եք տեսնում՝ լիզում եք, այ տենց էլ մինչև կյանքներիդ վերջը լիզելու եք սրա նրա կոշիկները, կոշիկ լիզողներ»։
Միքայել Մինասյանը նկատեց․ «Խոսում է մի մարդ, ով երբեք ոչինչ չի արել իր երկրի, իր ժողովրդի համար, խոսում է մի մարդ, ով թքած ունի երկրի և ժողովրդի վրա։ Ես եղել եմ դեսպան և ներկայացրել եմ իմ երկիրը, ես եղել եմ դեսպան, ով արել է ամեն ինչ իր երկրի և ժողովրդի համար, և ես երբեք չեմ լիզել ոչ մեկի կոշիկը, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը լիզում է, լիզում է թուրքի սապոգը, ադրբեջանցու սապոգը և ինքնամոռաց լիզում է ռուսի սապոգը, այն սապոգը, որի դեմ ինքը խոսում և բամբասում էր։ Նա փաթաթվել և փորձում է այդ սապոգով պաշտպանվել աշխարհից, պաշտպանվել ՀՀ քաղաքացիներից։ Ես շատ եմ ուզում և ամեն ինչ անելու եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ երկար ապրի, և այն խցում, ուր ինքը անցկացնելու է իր կյանքի մնացած ժամանակը, հնչելու են անուններ՝ այն անունները, որոնք Նիկոլը և իր կինը՝ Աննան, թաքցրել են, այն անունները, որոնց Նիկոլը և Աննան տարան դեպի մահ, այն անունները, որոնց ոչ կյանքը նրանք գնահատեցին, ոչ էլ մահը հարգեցին։ Ամեն օր Նիկոլ Փաշինյանի խցում հնչելու են այդ տղաների անունները, և այդ անուններով նա արթանանալու է, և այդ անուններով նա քնելու է, եթե կարողանա»։