«Տղե՛րք, ընկերնե՛ր, ես ձեզանից մեկն եմ». Արթուր Վանեցյանը դիմեց համազգեստ կրող իր գործընկերներին

«Այսօր Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ իրականացնում են անհնազանդության ակցիաներ, դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից շատ շատերին՝ մի քանի հարյուրների, բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: Այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձում է ջլատել մեր պայքարը, բայց արդյո՞ք կստացվի նրա մոտ կասեցնել մեր պայքարը»,- Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցներին դիմեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները՝ բացականչեցին՝ «Ո՜չ»:

Արթուր Վանեցյանը նաև կոչ արեց ողջունել ոստիկանական բաժանմունքներում գտնվող իրենց ընկերներին, որոնց թվում էր նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, ինչին ակցիայի մասնակիցներն արձագանքեցին «Ազատում» կոչով:

«Հայրենիք» կուսակցության առաջնորդը նշեց, որ այսօրվա իրենց երթն ունի երկու խորհուրդ՝ միացում և հաղթանակ. «Հայերը պետք է միանան՝ հանուն հայրենիքի փրկության, և երկրորդը՝ այն է, որ մենք անպայման հաղթելու ենք և ունենալու ենք երկիր՝ առանց դավաճան իշխանությունների՝ հաղթանա՛կ»:

Արթուր Վանեցյանը կոչ արեց իրենց սատարող քաղաքացիներին միանալ պայքարին. «Ժողովո՛ւրդ, դո՛ւրս եկեք փողոց, մի՛ թողեք, որ այս դավաճան իշխանությունները օգտվեն առիթից և ասեն՝ ո՞ւր է ժողովուրդը: Ժողովուրդն այստեղ է, իրենց տներում է, չկա մի հայ մարդ, որ կարող է աջակցել այս դավաճան իշխանություններին: Մենք բոլորս ամենօրյա ռեժիմով պետք է իրականացնենք այս խաղաղ ակցիաները, մեր պահանջների համար իրականացնենք ցույցեր: Որևէ մեկը չկասկածի՝ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ չունի այլևս: Մենք արժանապատիվ ժողովուրդ ենք, և մենք մեր արժանապատվության համար պայքարելու ենք մինչ վերջ:

Եվս մեկ անգամ կոչ եմ անում համազգեստ կրող բոլոր մարդկանց՝ տղե՛րք, ընկերնե՛ր, ես ձեզանից մեկն եմ, ինձ համար անսովոր է այս կարգավիճակը, բայց մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի փրկության համար, Հայաստանի և մեր ժողովրդի, մեր երեխաների համար մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պայքարել այս դավաճան իշխանությունների դեմ, ես ձեզ խնդրում եմ, սթափվե՛ք և հասկացե՛ք, սա պայքար չէ՛ իշխանության համար:

Այստեղ  ներկայացված է հայ ժողովուրդը, դավադիր իշխանությունները փորձում են մեր շարժմանը տալ քաղաքական ենթատեքստ. սա զուտ քաղաքական պայքար չէ, սա պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս