Ռուսաստանն ու Թուրքիան փակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի «էջը»․ ի՞նչ կարող է փոխել համանախագահների այցը Երևան և Բաքու

Երկար դադարից և, ըստ էության, Արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջին անգամ շաբաթավերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ասելով, որ շարունակում են շեշտել՝ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին և Ադրբեջանին, գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000-2001թթ. Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»,- ընդգծել էր Ռիկերը:

Նա կարևորել էր Մինսկի խմբի ու համանախագահների դերը վերջին երեք տասնամյակում փխրուն խաղաղության պահպանման հարցում: Նրա կարծիքով՝ դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, որոնք գրանցվեցին վերջին շրջանում: Ռիքերը շեշտել էր՝ կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ համանախագահներն այս հարցում լավագույն միջնորդներն են: Մենք աշխատում ենք մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, ասել է պետքարտուղարի տեղակալը:

«Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք-զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,- ընդգծել է Ռիկերը: Նա հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին և գտնվում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում: Նա տեղեկացրել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը շաբաթվա վերջում նախատեսում է մյուս համանախագահների հետ մեկնել Բաքու և Երևան, ուր կքննարկվեն խաղաղ գործընթացի վերականգնման և դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցեր:

Մենք ուշադրությամբ կհետևենք այս գործընթացին և կշարունակենք բարձրացնել այս հարցերն այլ երկրների հետ քննարկումների ժամանակ, ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը: Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, որի շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ տրված ճեպազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջիկա դերակատարությանը։ Եթե փորձենք կարճ խմբավորել նախարարների մտքերը, ապա պարզ դարձավ, որ Արա Այվազյանը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման հնարավորություն հակամարտության գոտում իրավիճակի կայունացումից հետո և շեշտում է, որ համանախագահների այցը կարող է հող նախապատրաստել բանակցային գործընթաց վերսկսելու համար, իսկ Սերգեյ Լավրովը, թեև կարևորում է ԵԱՀԿ ՄԽ շուրջ 30-ամյա դերակատարությունը հակամարտության գոտում, գտնում է, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են ուշադրություն հատկացնել մշակութային, կրոնական օբյեկտների և մշակութային ժառանգության պահպանման թեմային։ «Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև պատրաստվում է գնահատման առաքելություն իրականացնել»:

Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան, կարող են ավելի ակտիվորեն խրախուսել միջազգային կազմակերպություններին՝ այդ ուղղությամբ աշխատելու համար։ Նա ողջ ճեպազրույցի ընթացքում նաև ուշագրավ ակնարկ արեց՝ նշելով, որ բոլորը ստիպված եղան ընդունել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

«168 Ժամ»-ի ռուսական մերձդիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ լավրովյան դիվանագիտության օրակարգում ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը, թվում է, փակված է։

«Բնական է, որ փակված է այդ էջը, քանի որ Ռուսաստանն իր օրակարգով, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի հետ հարաբերությունների շնորհիվ՝ ստացել է մի իրավիճակ, երբ նույնիսկ կարիք չունի աշխատել այս խմբի հետ, և այս խումբը գոնե այս փուլում լիովին արհեստական բնույթ է կրում և ծառայում է Ֆրանսիայի ու Նահանգների ցանկությանը՝ պարզապես դուրս չմնալ գործընթացից։ Տարածաշրջանի տերությունները, որոնցից յուրաքանչյուրը խնդիր ունի Արևմուտքի հետ լիարժեք կամ մասնակի, նոր իրավիճակ են ստեղծում, նոր հարթակներ են ձևավորում և արդյունավետ համագործակցում են։

Սա նոր աշխարհակարգին անցման նշաններն են, երբ նոր բևեռներ են լինելու և փոխվելու են աշխարհի գերտերությունների ավանդական դերերն աշխարհում։ Ռուսաստանը ևս կմասնակցի դրան ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին, այդ ֆորմատը չի խանգարում ՌԴ-ին, բայց ՌԴ-ն իր օրակարգով է գնում կարգավորման գործընթացում, և տեսնում եք, թե ինչ օրակարգ է տեսնում համանախագահների համար՝ աջակցություն արդեն իսկ արձանագրված արդյունքներին և հետևանքների վերացման հումանիտար աշխատանքներին, թե երբ կվերսկսվի կարգավորման հաջորդ փուլը, սա ևս ՌԴ-ն նախատեսում է սկսել այն ժամանակ, երբ դա ինքը անհրաժեշտ կհամարի, սակայն ոչ մոտ ապագայում, իսկ այդ ընթացքում համանախագահները կարող են փորձել կրկին գնալ ու գալ տարածաշրջան։ Կարգավիճակի հարցի քննարկում պետք է ցանկանան նաև Ղարաբաղում, իսկ այնտեղ ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման նոր միտումներ են սկսվում, սա ևս կանխորոշում է ապագա պատկերը։

ՌԴ-ում կարծես վստահություն կա, որ Ադրբեջանը հետաքրքրված չի լինելու խոսել այս ձևաչափի շրջանակում, այնուամենայնիվ, համանախագահները կարող են փորձել։ Ռուսական ազդեցությունը հավասարակշռելու համար Հայաստանը փորձում է վերակենդանացնել Մինսկի խումբը, Ղարաբաղի ձևաչափի հարցն են դիտարկում բանակցել այս խմբի աշխատանքի շրջանակում, բայց դա Ռուսաստանն արդեն լուծում է ներկայիս իր քաղաքական և դիվանագիտական ջանքերով։ Այս ֆոնին Արևմուտքը հայտնվել է ավելորդի կարգավիճակում և ցանկանում է ուղղել այդ սխալը կամ պատրանք ստեղծել, թե ուղղվելու է, սակայն որոշում կայացնողներն այլ են և պարզ բոլորի համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեր աղբյուրը նաև ասաց, որ ռուսական դիվանագիտությանը չի անհանգստացնում Հայաստանի ձգտումները՝ վերականգնել ՄԽ աշխատանքները, քանի որ ՌԴ-ն այնպես է ամրապնդվում և այնպիսի հաջողության է հասել, կարող է անտեսել ՀՀ-ի այդ նկրտումները կամ դրանք կասեցնել ցանկացած պահի առանց մեծ ջանքերի։

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս պատերազմի ընթացքում իր զրոյական դերակատարությամբ վերջնականապես ապացուցեց իր անկարողությունն ու անկայացվածությունը։

Ըստ նրա՝ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով նոր իրավիճակ է տարածաշրջանում՝ ՌԴ միջնորդությամբ և խրախուսմամբ ստորագրվեց հրադադարի հայտարարություն, որն այս հակամարտության վերջը չէ, և չափազանց բարդ է ասել, թե ինչ է լինելու վաղը և հատկապես՝ 5 տարի հետո, երբ կլրանա ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը, շատ հարցեր հստակեցված չեն՝ երբ և ինչպես են վերադառնալու փախստականները, ուր և ընդհանրապես ինչ սահմաններ են դրանք։

«Նոր իրողությունն այն է, որ Թուրքիան իրեն զգում և դրսևորում է՝ որպես գերտերություն, այդ ազդեցությունը ընդլայնվելու է, դա և ձեռնտու է Ռուսաստանին, և ոչ, այստեղ դեռ բարդ բանակցությունները և անընդհատ աշխատանքը Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ շարունակվելու է, սա դեռ զարգացող գործընթաց է, բայց որտեղ Մինսկի խումբն այլևս չունի որևէ դերակատարություն։ Ես կրկին վստահ չեմ, որ հակամարտությունն այս հանգրվանով լուծվեց և դադարեց, քանի որ կողմերը կառուցողականորեն չեն պայմանավորվել, չեն համաձայնել լուծել հարցեր, պարզապես անհնար էր շարունակել պատերազմն այդ արդյունքներով, և այն դադարեցվեց ՌԴ ջանքերով և խաղաղապահների տեղակայմամբ, սակայն չափազանց հեռու է վերջնական կարգավորումից, թեև հուսանք, որ սա երկարատև հրադադար և կարգավորում կլինի»,- ասաց Մալաշենկոն։
Նա նշեց, որ հակամարտությունն ըստ էության դադարեց այլ ձևաչափի աշխատանքի արդյունքում, թեև դա ճանաչված և ամրագրված ձևաչափ չէր, այլ փոխադարձ և տարածաշրջանային շահերով փոխկապակցված ձևաչափ, որը դարձավ գործոն։ Մյուս կողմում, Մալաշենկոյի խոսքով, ճանաչված ՄԽ ձևաչափն էր, որը կտրված տարածաշրջանից՝ չկարողացավ որևէ դերակատարություն ունենալ։

«Չեմ կարծում, որ առաջիկա այցը և որևէ այց փոխելու է որևէ հանգամանք։ Նոր իրավիճակ է ձևավորվել և ձևավորվելու է, քանի որ նոր ուժեր են ձևավորվում աշխարհում, որոնք ունեն այլ ազդեցություն Հարավային Կովկասում»,- ասաց Մալաշենկոն։

Ըստ նրա՝ նրանք կարող են անվերջ քննարկել կարգավիճակի հարցը, ինչպես նախկինում շատ հարցեր են քննարկել։

Տեսանյութեր

Լրահոս