Անորոշության մեջ եմ. Արսեն Ջուլֆալակյան

Անցնող տարին իր անջնջելի հետքն է թողնում: 2020-ը սկսվեց համաշխարհային պանդեմիայով և ավարտվեց Արցախյան երկրորդ պատերազմով: «Արմենպրես»-ի հետ զրույցում անցնող տարին ամփոփեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը: Նա խոսեց սպորտում մնալու, մեծ քաղաքականություն վերադառնալու մասին:

-Ավարտին է մոտենում 2020 թվականը. ամփոփելով այս բարդ և դժվարին տարին մարդկության և հատկապես Հայաստանի համար, ի՞նչ կասեք։

-Իրականում տարին աննախադեպ էր, ցավոք սրտի վատ իմաստով։ Դեռևս հունվարից ամբողջ աշխարհում սկսվեց կորոնավիրուսը, վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ էր, որ համաշխարհային պանդեմիա հայտարարվեց ու Հայաստանն էլ, ցավոք, անմասն չմնաց։ Ինչպես ժամանակը ցույց տվեց, մեզ մոտ չստացվեց հաջող պայքարել քովիդի դեմ։ Քանի որ արդեն փաստերով ենք խոսում, հեշտ է գնահատականներ տալ, հունիս-հուլիս ամիսներին կարելի էր ֆիքսել, որ և տարածաշրջանի և որոշ զարգացած երկրների հետ համեմատության մեջ կարելի է ասել, մենք ձախողել ենք պայքարը կորոնավիրուսի դեմ։ Քովիդին հաջորդեց չարաբաստիկ պատերազմը, որը ուղղակի ահավոր էր և վերջին շրջանում ամենաճակատագրականն էր, իհարկե բացասական առումով։ Ցեղասպանությունից հետո մեզ հետ նման ծանր պատմական դեպք չէր եղել։ Կատարվածը շատ երկար ժամանակ հետք կթողնի մեր պետության գրեթե բոլոր բնագավառների վրա։ Հուսամ կգտնենք մեր մեջ խոհեմություն, կկարողանանք գոնե այս անգամ այսքան դասից հետո մեկ անգամ դրսևորել մեր դրական կողմերը։ Յուրաքանչյուրը գիտակցում է, որ մեծ մարտահրավեր է մեր պետականության գոյությանը։

-Դուք վայր դրեցիք ձեր պատգամավորական մանդատը` պատճառաբանելով, որ ԿԳՄՍ նախկին նախարարի ենթակայության տակ գտնվող սպորտի ասպարեզի խնդիրները լուծում չէին ստանում։ Այժմ ի՞նչ առաջարկներ կամ պլաններ ունեք սպորտի ոլորտում բարեփոխումներ կատարելու համար։

-Իրականում խնդիրը ավելի մեծ էր, քան սպորտը։ Հայտարարությանս մեջ հստակ մատնանշել էի խնդիրները, թե ինչու եմ վայր դնում մանդատը։ Եղան որոշակի քննադատություններ, թե ինչու պետք է օրենսդիրի ներկայացուցիչը, ընտրված ժողովրդի կողմից, վայր դնի մանդատը, նշանակված գործադիրի ներկայացուցչի պատճառով։ Չեմ կիսում այդ քննադատությունները զուտ այն պատճառով, որ ապրիլ ամսվա վերջից մինչև սեպտեմբերի տասը պայքարել եմ, որպեսզի լուծումներ գտնենք։ Խնդիրս չի եղել Արայիկ Հարությունյանին պաշտոնից հանելը, նպատակն է եղել խնդիրները լուծելը, իսկ որ խնդիրները անթիվ էին և դրանք չէին լուծվում կամ շատ դանդաղ էին լուծվում` փաստերով կարող եմ հիմնավորել։ Երբ եկավ սեպտեմբերը, հասկացա, որ անիմաստ է տվյալ պաշտոնյայի հետ փորձել փոխզիջումային տարբերակ կամ լուծումներ գտնել։ Որպեսզի այդ բնագավառի ձախողումների համար հետագայում ես պատասխանատվություն չկրեմ, թե իբրև ես չեմ աշխատել, որոշեցի իմ մանդատը դնելու գնով ուշադրություն սևեռեմ ամենաբարձր քաղաքական մակարդակով, որ վիճակը օրհասական է, պետք է քայլեր անել։ Սպորտի ողջ ոլորտում գրեթե արմատական ոչ մի լուրջ փոփոխություններ չէին արվում, ինչ արվում էր, շատ սիմվոլիկ էր և կոսմետիկ։ Անձամբ ուսումնասիրել եմ ԵՊՀ-ի խնդիրը, Տնտեսագիտական համալսարանի խնդիրը, Բարձրագույն որակավորման կոմիտեի խնդիրը։ Մանդատիս վայր դնելու հարցը ավելի ծավալուն էր, միայն սպորտը չէր։ Սա ամենաճիշտ քայլն էր։

-Պարոն Ջուլֆալակյան ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր ապագան , կշարունակե՞ք մնալ մեծ սպորտում։

-Կյանքիս մեջ առաջին անգամ է, որ անորոշություն է։ 33 տարեկան եմ և գիտակից տարիքից միշտ ինձ մոտ ամեն ինչ պլանավորած է եղել առնվազն գոնե մեկ տարով։ Առաջին անգամ պլանավորած չի օբյեկտիվ պատճառներով, նորից չարաբաստիկ քովիդը և պատերազմը։ Արդյունքում պլանավորել և ծրագրելը դարձել է անհնար։ Սպորտը գրեթե պարալիզացված է, չեն անցկացվում լուրջ մրցաշարեր, շատ են անորոշությունները, նույնիսկ գալիք Օլիմպիական խաղերի հետ կապված դեռ հստակություն չկա։ Ինքս մարզվում եմ, փորձում եմ պահպանել մարզավիճակս և վերջնական մյուս տարի մայիսին որոշում կկայացնեմ շարունակել պայքարը Օլիմպիական խաղերի համար, թե ոչ։ Այս պահին, ցավոք սրտի, անորոշ է, բայց հաստատ մի բան կարող եմ ասել, Օլիմպիական խաղերից հետո, որը նախանշված է 2021 թվականի օգոստոսին, կավարտեմ պրոֆեսիոնալ կարիերաս։ Հետագայում ծրագրերս միջազգային սպորտային և քաղաքական կառույցներն են։ Փորձելու եմ ինձ դրսևորել լավագույնս։ Երբ վիճակը կարգավորվի ամեն բան պարզ կլինի։ Վստահ եմ, որ անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ, նման խայտառակ պարտությունից հետո իշխող քաղաքական ուժը հաստատ պետք է գնա արտահերթ ընտրությունների, որպեսզի ճիշտ գծվի նոր քաղաքական պատկերը։ Պետք է նաև հասկանանք` արդյոք խորհրդարանական կառավարման ձևը լավագույնն է Հայաստանի Հանրապետության համար, աշխատում է այդ համակարգը, իսկ եթե ոչ, որն է լավագույն տարբերակը։

-Ձեզ նորից կտեսնե՞նք քաղաքական դաշտում։

-Չեմ բացառում, քանի որ մասնագիտությամբ միջազգայնագետ և պատմաբան եմ, ինձ հետաքրքիր է քաղաքականությունը, դա իմ մասնագիտությունն է։ Իմ երկու մասնագիտություններում ես ինձ մասնագետ եմ համարում, երկուսում էլ կա խորանալու և զարգանալու տեղ։ Ժամանակը ցույց կտա, բայց ավելի հետաքրքրված եմ դիվանագիտական գործունեությամբ և միջազգային կառույցներով։

Տեսանյութեր

Լրահոս