Նիկոլ Փաշինյանի վերջին օրերը

Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը չընդունեց ընդդիմադիր 16 ուժերի ներկայացրած վերջնագիրը և հրաժարական չներկայացրեց։ Դրան հետևեցին անհնազանդության ակցիաներ, փակվեցին տասնյակ, գուցե հարյուրավոր փողոցներ Երևանում ու մարզերում։ Կարո՞ղ էին անհնազանդության ակցիաներն ավելի մարդաշատ լինել։ Այո, կարող էին։ Եթե դրանք մարդաշատ չէին, նշանակո՞ւմ է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել։ Ոչ, չի նշանակում։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ իրականում ձևավորվել է ինստիտուցիոնալ կոնսենսուս։ Նրա հրաժարականն են պահանջում տեղական ինքնակառավարման մարմիննները՝ տասնյակ համայնքներ նման հայտարարություներ են արել, նրա հրաժարականն են պահանջում ակադեմիական շրջանակները՝ ԳԱԱ, ԵՊՀ և այլն, սփյուռքյան կազմակերպություններ, նրա հրաժարականն են պահանջում տարբեր մասնագիտական հանրույթներ․․․ Հրաժարականների այս ինստիտուցիոնալ շրջանակն ամբողջացավ և ըստ էության վերջնականացավ Ամենայն Հայոց և Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսների՝ հրաժարականների պահանջով։

Ճակատագրի հեգնանքով, Նիկոլ Փաշինյանին այսօր ընդդիմանում են այն համակարգերը, որոնց կազմաքանդմամբ նա զբաղվել է իշխանության գալու առաջին իսկ օրից։ Դատական իշխանությանը նա անվանեց «վնգստացողներ», դրա ներկայացուցիչներն այսօր հրաժարվում են կատարել ընդդիմախոսներին կալանավորելու՝ իշխանության պատվերը։

Իշխանության գալուց հետո Փաշինյանը քաղաքաքրեական արշավ սկսեց բազմաթիվ համայնքապետերի դեմ, այսօր տասնյակ համայնքներ պահանջում են նրա հրաժարականը։

Այս շարքում, սակայն, բացառիկ էր եկեղեցու հանդեպ Փաշինյանի իշխանության իրականացրածը, որը նույնական էր սրբապղծության հետ․ այսօր Կաթողիկոսները պատասխանեցին Փաշինյանին։ Դեռևս լուռ միակ համակարգը, որի ներկայացուցիչներին Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն անվանարկել են, հայկական բանակն է, որի վրա իր վերջին լայվում Փաշինյանը բարդեց պատերազմում պարտության ողջ մեղքը։ Կմիանա՞ բանակը եկեղեցուն՝ ցույց կտան առաջիկա իրադարձությունները։

Այսպիսով, համակարգային առումով Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ մերժված է։ Բայց եթե առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ այսօր Փաշինյանի հրաժարականն են պահանջում բոլոր այն շերտերը, ում նա ու նրա իշխանությունը անարգել ու նսեմացրել են, մնում է անարգված ու նսեմացված մյուս, բայց ամենամեծ շերտը՝ Հայաստանի հասարակությունը։ Այն, որպես այդպիսին, ինստիտուցիոնալ կազմավորվածություն չունի, դրա մի մասը մինչև այսօր էլ չի գիտակցել սեփական նսեմացվածությունն ու նվաստացվածությունը, բայց դա վաղ թե ուշ տեղի է ունենալու։ Դա անխուսափելի է, քանի որ հնարավոր չէ, որ հանրային ներկայացուցչականություն  ունեցող բոլոր ինստիտուցիաները հակադրվեն իշխանությանը, հասարակությունը՝ ոչ։ Դա ուղղակի հնարավոր չէ՝ անգամ պատճառահետևանքային կապի ու օրգանական միասնականության կանոններով։

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանն ապրում է իր իշխանության վերջին օրերը։ Հաշվի առնելով, թե նա որքան է կառչած իշխանությունից, դրանք իրականում Նիկոլ Փաշինյանի վերջին օրերն են՝ բառի փոխաբերական իմաստով, բնականաբար։ Նիկոլ Փաշինյանն այնքան է սերտաճել իշխանությանը, որ առանց դրա ուղղակի չի պատկերացնում սեփական գոյությունը։ Բայց դա հնարավոր է ու իրատեսական, ճիշտ այնպես, ինչպես հնարավոր դարձավ անհնար ու անիրատեսական թվացող այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց վարչապետի աթոռին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս