Բաժիններ՝

24-ամյա Գևորգին հարազատները գտել են զոհվելուց 10 օր հետո՝ իր արծաթե խաչի օգնությամբ

Արցախում զոհված 24-ամյա Գևորգ Մկրտիչի Թորոսյանը Գյումրիից էր, աշխատում էր  ոստիկանությունում: Գևորգի քույրը՝ Գայանեն, 168.am-ի հետ զրույցում եղբորը բնութագրեց չափազանց բարի ու ընկերասեր անձնավորություն: Պատմեց, որ Գևորգը 7-րդ դասարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Գյումրու օլիմպիական քոլեջում, սիրում էր սպորտը:

«Եղբայրս շատ բարի էր, սիրում էր բոլորին օգնել: Սպորտով էր զբաղվում՝ ֆուտբոլ և ծանրամարտ, շատ էր սիրում սպորտը: Ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, այնուհետև զորացրվելուց 1 տարի հետո աշխատանքի անցավ ոստիկանությունում: Այս տարի 3 տարին լրացավ, ու նորից պայմանագիր ստորագրեց, որ էլի շարունակեր ծառայությունը:

Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, Գևորգը, ոստիկանության զորքերի հետ միասին, հաջորդ օրը մեկնել էր Արցախ:

«Դրանից առաջ էլի 1 ամիս  տուն չէր եկել, 2 ամիս չէինք տեսել Գևորգին: Մեկ ամսից ավելի ռազմաճակատում մարտական գործողություններին մասնակցելուց հետո՝ սեպտեմբերի 30-ին, եղբորս 5 օրով թողել էին տուն գար: Ամսի 30-ին արդեն տանն էր, բայց 1 օր մնաց, հաջորդ օրն իրեն զանգահարեցին, որ էլի գնա, բայց արդեն կամավոր ջոկատով, քանի որ իրենք իջել էին, ու նոր հերթափոխ էր մեկնել, կարող էր մնալ, սակայն գնաց: Ասաց՝ ես չեմ կարող տանը նստել, երբ 18-19 տարեկաններն այնտեղ կռվում են, հաշվենք՝ իմ փոքր ախպերն այնտեղ է… Այդ մեկ օրը, որ եկավ, ահավոր էր: Ինքը, ոնց որ իմանար, թե ինչ էր լինելու: Ոչ մի բան չէր պատմում, սառը հայացք ուներ, հեռուստացույցով որ զինվորներին տեսնում էր՝ լարված նայում էր, իր հետ խոսում էինք, ինքը՝ սառը, հայացքը՝ սառը… Ոստիկաններով կամավոր ջոկատ կազմեցին ու գնացին…»,- պատմեց Գևորգի քույրը:

Գայանեն հիշում է եղբոր վերջին հեռախոսազանգը, որը մյուս զանգերից տարբերվում էր, կարծես ինչ-որ ներքին զգացողություն ուներ.

«Նոյեմբերի 6-ին մամայի հետ խոսելիս ասել էր՝ բոլորին պաչի՝ քուրիկին, ախպորս, պապային… Ամեն անգամ չէր, որ նման բան էր ասում… Հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Շուշիի Քարին տակ հատվածում եղբայրս զոհվել է»:

Գևորգի քույրը պատմեց, որ եղբոր զոհվելու օրը չեն իմացել դեպքի մասին, պարզապես, երբ զանգերն անպատասխան են մնացել, անհանգստացել են և սկսել փնտրել նրան: Ցավով նշեց, որ զոհվելուց 10 օր հետո եղբոր դին գտել են դիահերձարաններից մեկում.

«Այնքան մարդու ենք զանգել, այնքան մարդու ենք խառնել, մինչև նոյեմբերի 17-ին Մարտունու դիահերձարանում գտել ենք: Լսել էինք, որ Քարին տակի անտառներում ողջ մնացած զինվորներ կան, հույս ունեինք, որ եղբայրս էլ է նրանց մեջ, ցավոք… Եղբորս գտել ենք իր խաչի օգնությամբ, արծաթե խաչ էր, որը միշտ կրում էր, երբեք չէր հանում, երևի կռվի ժամանակ պոկվել է, քանի որ միայն խաչն է եղել գրպանում, այդ խաչով ենք ճանաչել Գևորգին»:

Գայանեն պատմեց, որ Գևորգը շատ նպատակներ ուներ, պետք է հաջորդ տարի ամուսնանար, բնակարան գներ, ավաղ, չհասցրեց.

«Ամռանն ավտոմեքենա էր գնել, նպատակ ուներ Երևանում բնակարան գներ, մյուս տարի ամուսնանար: Շատ նպատակներ ուներ, որոնք կիսատ մնացին»:

Գայանեն նաև պատմեց, որ եղբոր ծառայակից ընկերներն ավելի ուշ իրենց մի քանի դրվագներ են պատմել Գևորգի կատարած սխրանքներից.

«Իր ընկերենը, որոնք հետ են եկել, պատմում էին, որ Գևորգը մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն ունենալուց բացի՝ նաև օգնել է, վիրավոր զինվորներին հրետակոծվող տարածքից դուրս են բերել: Ամսի 6-7-ին, որ կրակոցները շատ են եղել, իրենք իջել են ձորի մեջ՝ Քարին տակ, իր ընկերներն ասել են՝ դուրս եկեք, մի գնացեք, որովհետև նահանջ հրաման է եղել, բայց իրենք մտածել են՝ երևի խաբել են, ու գնացել են առաջ: Այդ ընթացքում թշնամու դիվերսիոն խումբ է մտել Քարին տակ, իրենք ոչնչացրել են, թույլ չեն տվել, որ գան առաջ: Դրանից հետո այլ բան չգիտեմ, իր ընկերն էլ, որ վերադարձել է՝ ոտքերից և ձեռքերից վիրավոր է…»:

Գևորգ Թորոսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Մայիսյան գյուղի՝ ընտանեկան գերեզմանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս