Կպատժվե՞ն արդյոք Մարդու իրավունքների պաշտպանին սպառնացողները. քրեական գործ է հարուցվել
Նոյեմբերի 20-ին չինական տարբերանշաններով, սև հագուստներով դիմակավորված իբր ոստիկանների՝ ցույցերը ցրելուն ներգրավված լինելու մասին տեղեկատվությունը տարածվելուց հետո Ոստիկանությունը շտապեց պարզաբանել, թե քանի որ ոստիկանները մեկնել էին ռազմաճակատ, նրանց հագուստները մաշվել էին, իսկ նորերը պահեստից հանելուց հետո հայիֆիկացնելու ժամանակ չի եղել, դրա համար էին ոստիկաններն այդ հագուստներով:
Հարցին անդրադարձավ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ նշելով, որ Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ՝ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար, պետք է բացառվի:
Հենց նրա արած այդ հայտարարությունը սաստկացրեց ՄԻՊ-ի նկատմամբ սկսված նպատակաուղղված հարձակումները, և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին անձնական հաշվեհարդարով սկսեցին սպառնալ «Հեղափոխության պահապաններ» խմբի կամ խմբավորման անդամները ու դա անել անթաքույց, առանց մտահոգվելու, որ կարող են դրա համար պատասխանատվություն կրել:
168.am-ը հանգամանորեն անդրադարձել էր այս թեմային ու դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ի՞նչ դիրքորոշում ունի իրավապահ այդ կառույցն այս գրառումների վերաբերյալ:
«Նյութերն ուղարկվելու են Ոստիկանություն: Դատախազությունն անպայման ընթացք կտա այս մեկնաբանություններին»,- ասել էին Գլխավոր դատախազությունից:
«Նյութերը ստացել ենք, հրապարակման հիման վրա այս պահին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում». սա էլ ոստիկանության պատասխանն էր:
Այսօր կրկին փորձեցինք ոստիկանությունից ճշտել, թե ինչ փուլում է Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստության ընթաքը:
«Հրապարակման հիման վրա ստեղծված նյութերով ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ում հարուցվել է քր․ գործ ՀՀ քր․ օր․ի 332․2 հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՔԿ նախաքննության»,- ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ հոդված 332.2-ը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հանցակազմին:
Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: