«Կոֆե, կենտրոն, Միլան» պրոյեկտի անփառունակ վախճանը

Մեծ աղմուկով հայկական ավիացիոն շուկա մուտք գործած բյուջետային «Ryanair» ավիաընկերությունն իր գործունեության կարճ ընթացքում հասցրեց «տպավորություն թողնել» ոչ միայն իր՝ տարօրինակ կերպով գոյացող ավիատոմսերի ցածր գներով, այլ նաև իր վարքագծով, երբ օրինակ, ավիաընկերության մեղքով Միլանում էին մնացել մի քանի տասնյակ հայ ուղևորներ, երբ իրենց կողմից չեղարկված չվերթերի` նախապես ձեռքբերված տոմսերի գումարները ամիսներ շարունակ չէին վերադարձնում մարդկանց և այլն:

«Ryanair» ավիաընկերությունը, որը վերջերս դադարեցրել էր չվերթերը՝ նախ կորոնավիորսով, այնուհետև երկրում ստեղծված ռազմական դրությունով պայմանավորված, 168.am-ի տեղեկություններով` որոշել է, որ այլևս երբեք դեպի Հայաստան չվերթեր չի իրականացնելու:

Թե ինչով չվերթերի դադարեցումը պայմանավորված, դժվար է ասել։ Միգուցե պատճառն այն է, որ կառավարությունն այլևս չի կարողանում սուբսիդավորել ավիաընկերությանը կամ գուցե երկրում ստեղծված ծանր սոցիալական պայմաններին զուգահեռ այլևս չեն կարողանում «բանակցել» ավիաընկերության հետ։

Փաստն այն է, որ այլևս 50 եվրոյով «Կոֆե, կենտրոն, Միլան» էժանագին PR-ն այլևս կենսունակ չէ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, իհարկե, կշտապեն հերքել՝ նշելով, որ ակտիվ բանակցությունների մեջ են ավիաընկերության հետ, և շուտով այն կվերսկսի իր գործունեությունը, ինչպես հերքում էին այս կամ ավիաընկերության` Հայաստանի օդային տարածքը լքելու փաստը։

Ի դեպ, ընկերության պաշտոնական էջից արդեն իսկ հանվել են Երևանն ու Գյումրին, որպես ուղղություններ, և այլևս հնարավոր չէ ավիատոմսեր պատվիրել այնքան թմբկահարված եվրոպական քաղաքների համար։

Սպասենք պաշտոնական հերքմանը, որով դե ֆակտո կհաստատվի ավիաընկերության հեռանալու լուրը:

Նիկոլ Փաշինյան-Տիգրան Ավինյան-Տաթևիկ Ռևազյան տանդեմի` միլիոններ արժեցող ու Հայաստանը փաստացի օդային կրախի առջև կանգնեցրած հերթական փուչիկի անփառունակ պայթյունը հերթական վկայությունն է այս կառավարության` մասնավորապես ավիացիոն անհեռատես քաղաքականության։

Տեսանյութեր

Լրահոս