Դրամի թուլացումն ավելացրել է նաև սակագնային ճնշումը. ինչ սպասել առաջիկայում
Արժութային շուկայում մի պահ արձանագրված աժիոտաժից և ազգային արժույթի բավական կտրուկ արժեզրկումից հետո Կենտրոնական բանկին կարծես հաջողվեց կայունացնել դրամը, թեև դեռ վաղ է ասել, թե դա որքան կտևի։ Ամեն դեպքում, տարադրամային ներարկումների արդյունքում՝ ազգային արժույթը հասցրեց նաև որոշ չափով հետ բերել կորցրածը։ Եթե մի քանի օր առաջ դոլարի գինը հասել էր ընդհուպ մինչև 525 դրամի, ապա այժմ սկսել է տատանվել 506-507 դրամի սահմաններում։
Դրանով հանդերձ, դոլարի գինը շարունակում է շատ ավելի բարձր դիրքում մնալ, քան 1,5-2 ամիս առաջ էր։ Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին ամերիկյան արժույթի փոխարժեքը տատանվում էր 486-487 դրամի շրջակայքում։
Դա նշանակում է, որ այս ընթացքում այն հասցրել է 19-20 նիշով թանկանալ, ինչը բավական մեծ տատանում է՝ նույնիսկ նման ժամանակահատվածի կտրվածքով։ 1,5-2 ամսում դրամի արժեզրկումը ամերիկյան արժույթի նկատմամբ կազմում է գրեթե 4 տոկոս։
Նույնը տեղի է ունեցել նաև եվրոյի պարագայում։ Եթե սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին եվրոյի գինը 570 դրամի շրջակայքում էր, ապա հիմա անցնում է 600-ից։ Եվրոյի նկատմամբ ևս դրամը արժեզրկվել է 4 տոկոսով։
Սրանք այն հիմնական արժույթներն են, որոնք կարևոր դեր ունեն սպառողական գների ձևավորման գործում։ Ներմուծումը Հայաստան իրականացվում է հիմնականում այս 2 արժույթներով։ Ուստի դրանց թանկացումը, թանկացնում է նաև ներմուծումը՝ հանգեցնելով ներքին շուկայում գների բարձրացման։
Եթե առաջիկայում դրամը չկարողանա վերականգնել նախկին դիրքերը, ապա դա բերելու է բազմաթիվ ներմուծվող, ինչո՞ւ չէ, նաև տեղական արտադրության ապրանքների գների բարձրացման։ Այդ երևույթն առանձին ապրանքային շուկաներում արդեն նկատվում է, բայց այն կխորանա և կընդլայնվի հետագայում, եթե պահպանվեն գործող փոխարժեքները։
Վերջին օրերին գնաճային դրսևորումներ կան ոչ միայն՝ պարենային, այլև՝ ոչ պարենային ապրանքների շուկաներում։ Ոչ պարենային ապրանքներից վերսկսել է թանկանալ նաև հեղուկ վառելանյութը։ Խոսքը, մասնավորապես, բենզինի մասին է, որի գինը բարձրացել է լիտրի հաշվով 20 դրամով։ Թեև վերջին օրերին համաշխարհային շուկայում նկատվում է նավթի թանկացում, այնուհանդերձ վառելանյութի ներքին շուկայում նկատվող գնային տեղաշարժերն ավելի շատ ոչ թե՝ դրա, որքան՝ դրամի թուլացման հետևանք է։
Պարզ է, որ այս պրոցեսը չի սահմանափակվելու միայն վառելանյութի շուկայով։ Տարադրամի գներից սպառողական ապրանքների կախվածությունը բավական մեծ է։ Ուստի առաջիկայում այստեղ պետք է սպասել նոր անակնկալների՝ գների բարձրացման տեսքով։
Ճիշտ է, պաշտոնական գնաճը Հայաստանում բարձր չէ, 12-ամսյա հատվածում այն չի հասնում նույնիսկ 2 տոկոսի, բայց դրամի թուլացումը կարող է լուրջ գործոն դառնալ դրա ակտիվացման համար։ Առավել ևս, այն կարող է դրսևորվել հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում, որտեղ, ինչպես սովորաբար լինում է, գնային տեղաշարժերը շատ ավելի ագրեսիվ են արտահայտվում։ Տարադրամի 4 տոկոսանոց թանկացումը բավական մեծ ազդեցություն է ներմուծման գների վրա։ Հատկապես որ, մինչ այդ էլ ներմուծվող ապրանքների առանձին շուկաներում նկատվում էին գնաճային ոչ պակաս կտրուկ տեղաշարժեր։
Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, բերենք 1-2 օրինակ։
Վերջին 1 տարվա ընթացքում շաքարավազի գինը բարձրացել է ավելի քան 20 տոկոսով։ Նույն ժամանակահատվածի կտրվածքով՝ ձեթը թանկացել է 16 տոկոսով։ Այն պարագայում, երբ 12-ամսյա գնաճը կազմել է ընդամենը 1,3 տոկոս։
Տարադրամի թանկացումը մեծացնելու է գնաճային ճնշումը, ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ ապրանքների վրա։ Պետք է սպասել, որ առաջիկայում ներմուծվող շատ ապրանքներ կթանկանան։
Գնաճային ճնշումը ոչ պարենային ապրանքների շուկաներում կարող է մեծանալ նաև մեկ այլ գործոնի հետևանքով. խոսքը որոշ երկրներից ներմուծման արգելման մասին է։
Հիմնական արժույթների նկատմամբ դրամի արժեզրկումը մեծացնում է ճնշումը ոչ միայն՝ ապրանքների, այլև՝ հանրային ծառայությունների վրա։ Դա վերաբերում է առաջին հերթին՝ էներգակիրների, մասնավորապես՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագներին։
Ինչպես հայտնի է, գազի սակագնի հաշվարկի հիմքում դրված է դոլարի որոշակի փոխարժեք։ Այս պարագայում դա դոլարի 480 դրամ գինն է, որն արդեն առնվազն 25 դրամով ցածր է գործող փոխարժեքից։ Սա լրացուցիչ ոչ պակաս փոքր ճնշում է գազամատակարար ընկերության վրա, որը ներմուծվող գազի դիմաց վճարում է տարադրամով։
Եթե պահպանվի դոլարի այդ գինը, ապա չի բացառվում, որ այն առաջացնի գազի սակագների վերանայման անհրաժեշտություն։ Հիշեցնենք, որ այսօր գործող սակագներն ուժի մեջ են մտել հուլիսի 19-ից և 6 ամիս հետո կարող են ենթարկվել փոփոխության։
Դրամի թուլացումը ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում ոչ միայն՝ գազամատակարար ընկերության, այլև՝ տնտեսության համար։ Ինչպես հայտնի է, տնտեսական հատվածի մասնակիցները կամ խոշոր սպառողները գազի դիմաց վճարում են տարադրամի այդ պահին առկա փոխարժեքի հաշվարկով։ Դա նշանակում է, որ դոլարի թանկացումը մեծացնում է նրանց բեռը։ Չհաշված, որ սակագնի վերջին փոփոխությունը վերաբերում էր հենց տնտեսական հատվածի մասնակիցներին։ Սակագինը բարձրացավ միայն նրանց համար։
Դրամի թուլացումը ճնշելու է նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որն առանց այդ էլ սպասում է վերանայման։ Ատոմակայանի նախատեսված երկարատև կանգառի հետևանքով ճնշումն էլեկտրաէներգիայի սակագների վրա մեծացել է։ Սպասվում է, որ այս անգամ ՀԱԷԿ-ը կկանգնի 141 օրով, ինչն ավելացնում է համակարգի ծախսերը։ Չնայած Հայաստանն ունի ատոմակայանին փոխարինող հզորություններ, այնուհանդերձ, դրանք անհամեմատ ավելի թանկ են։ Խոսքը ջերմային կայանների մասին է, որոնք օգտագործված գազի դիմաց վճարում են տարադրամի հաշվարկով։ Դոլարի թանկացումը մեծացնում է այդ կայանների ծախսերը։
Հիշեցնենք, որ առանց այդ գործոնի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն սկսել էր հաշվարկել էլեկտրաէներգիայի սակագների վրա ատոմակայանի երկարատև կանգառի ազդեցությունը։ Ենթադրվում է, որ դրանով պայմանավորված՝ գրեթե անհնարին է լինելու խուսափել հոսանքի թանկացումից։ Հիմա ավելացել է նաև փոխարժեքի ազդեցությունը։
Դրամի թուլացման հետևանքով՝ ինչպես հանրային ծառայությունների, այնպես էլ՝ պարենային և ոչ պարենային ապրանքների շուկաներում սպասվող հավելյալ գնաճը մեծացնելու է սոցիալական լարվածությունը։ Հատկապես որ, կապված տնտեսական իրավիճակի ու բյուջետային դժվարությունների հետ՝ առաջիկայում հասարակության եկամուտների ավելացում չի ակնկալվում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ