Բաժիններ՝

Կաթնամթերքը ոչ թե պետք է թանկանա, այլ էժանանա, որովհետև գրեթե բոլոր տեղական արտադրողները կաթնայուղի փոխարեն բուսական յուղ են օգտագործում. Ռուբեն Հայթյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 1.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.3%:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է՝ 2.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ:

«Կաթնամթերքը ոչ թե պետք է թանկանա, այլ էժանանա, որովհետև գրեթե բոլոր տեղական արտադրողները կաթնայուղի փոխարեն բուսական յուղ են օգտագործում, ինչն ավելի էժան է: Կամ էլ չոր կաթ են բերում»,- 168.am–ի հետ զրույցում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:

Նրա խոսքով՝ անարատ կաթը եթե գյուղերից գնում էին 120, 130 դրամով, դրա փոխարեն՝ կոպեկներով ուկրաինական չոր կաթ են բերում ու մեկ կիլոգրամից 8 լիտր կաթ է ստացվում:

«Եթե ըստ տեխնոլոգիայի ճիշտ պատրաստեն, ապա 1 կգ փոշի կաթից պետք է ստանան 8 լիտր նորմալ, 3.2 տոկոս յուղայնությամբ կաթ, բայց իրենք 8-ի փոխարեն 10-12 լիտր կաթ են ստանում: Ջուրը շատ են լցնում, յուղայնությունն իջնում է, բայց այլ լուծոււմ են գտնում, բուսական յուղ են օգտագործում և մակնշման վրա բոլորն էլ գրում են կաթնայուղի փոխարեն՝ բուսական յուղ: Հետևաբար, եթե լավ հանձնաժողով ունենանք, մանրակրկիտ ստուգում իրականացնի, կաթնամթերքը պետք է շատ էժանանա: Արտադրողների մոտ 60 տոկոսը չոր կաթ է բերում ու չեն գնում գյուղերից կաթ առնելու: Մի ընկերություն կա, որը կաթ նոր է սկսել արտադրել, բացարձակ չգիտի, թե որ գյուղ պետք է գնա՝ կաթ առնի: Գնում տոննաներով չոր կաթ է բերում, բացում է, լցնում: Օրենքը սա չի արգելում, ասում է՝ չոր կաթով պատրաստիր, պարզապես մանրամասն գրիր և պահպանիր տեխնոլոգիան: Այլ բան է, եթե գյուղից անարատ կաթ գնեն, հնարավոր է՝ 10-20 դրամով թանկանա: Սակայն 1-2 ընկերություն է, որ այդպես է անում»,- նշեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս