«Ամենածանր տեսարաններից մեկը հենց այս չվերջացող հերթերն են». Սիրանուշ Սարգսյան

Արցախում արցախահայության խնդիրների, նրանց սպասումների ու զգացողությունների մասին 168.amը զրուցել է ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Սիրանուշ Սարգսյանի հետ

– Պատերազմի ընթացքում արցախցի մի խումբ կանանց հետ Երևանում ՄԱԿ-ի, ԵՄ-ի և տարբեր երկրների դեսպանատների առջև փորձում էիք լսելի դարձնել Ձեր ձայնը՝ բարձրաձայնելով ադրբեջանաթուրքական ոճրագործությունների մասին: Ձեզ մոտ ինչ-որ չափով ստացվե՞ց, կոնկրետ արձագանքներ կա՞ն, որ կցանկանայիք առանձնացնել:

– Մենք շատ ենք կարևորել արցախցի կանանց ու երեխաների կողմից աշխարհին Արցախում կատարվածի մասին պատմելը: Արցախի չճանաչված լինելու պարագայում մեր ձայնը լսելի դարձնելը շատ կարևոր ենք համարել: Մենք ցանկանում էինք, որ միջազգային կառույցները, որոնք ամեն կերպ անտեսում են Արցախի գոյությունը, հենց մեզնից լսեն դա: Մենք հրավիրել ենք բոլոր դեսպաններին, կառույցների ղեկավարներին Արցախ, որ մեր ուղեկցությամբ գան ու տեսնեն, թե ինչ է կատարվում:

Մենք մատնանշել ենք երկակի ստանդարտները, որ միջազգային կառույցները կիրառում են Արցախի հանդեպ: Իհարկե, Արցախի ճանաչման մեր պահանջը չէր ընդունվում դեսպանների կողմից, բայց նրանք պատրաստակամություն են հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերել տեղահանված քաղաքացիներին: Չեմ կարող ասել, որ գոհ ենք արդյունքներից, բայց մենք փորձել ենք հնարավորինս լսելի դարձնել մեր ձայնը և մեր պահանջները որոշումների կայացման ժամանակ:

– Հրադադարից հետո առաջիններից էիք, որ վերադարձաք Ստեփանակերտ. ի՞նչ տպավորություններով մտաք հարազատ քաղաք:

– Բավական ծանր զգացողություններով ենք մտել քաղաք: Այդ օրն աննկարագրելի մշուշ էր քաղաքում, և հենց այդ մշուշով եմ ես բնութագրել քաղաքի տրամադրությունները: Պարտության, կորստի, ցավի, հուսահատության ու, իհարկե, անորոշության մշուշ էր ամենուր: Շատ անսովոր էր, որ քաղաքում դեռ լույսեր չկային՝ ինչպես պատերազմի ժամանակ էր, բայց միևնույն ժամանակ՝ չկային կրակոցների, ռումբերի ձայները և տագնապի ազդանշանը, դա շատ անսովոր էր:

– Ինչպիսի՞ տրամադրություններ են այսօր Արցախում, այս սահմանները, ապագայի անորոշությունները, համաձայնագրի հաջորդ կետով նախատեսված փախստականների վերադարձը ձեզ չե՞ն վախեցնում:

– Անորոշությունը՝ կապված ապագայի, մեր կարգավիճակի, սահմանների ճշգրտման հարցի մասին, հիմա էլ կա: Առանձին ողբերգություն է, երբ փորձում ես գուշակել՝ արդյոք քո բնակավայրը, գյուղը, տունը հայերի վերահսկողության տա՞կ է, թե՞ ոչ:

Քանի որ թուրքերին, բացի ազատագրված տարածքներից, թողել ենք մեր գոհարները` Հադրութը ու Շուշին, դա բոլորիս համար նաև անձնական կորուստ է: Արցախը փոքր է, և համարյա ամեն ընտանիքից կամ զոհ ունենք, կամ՝անհայտ կորած: Այս օրերին իրար հանդիպելիս, բարևից հետո սովորական հարց է դարձել՝ արդյո՞ք տնից կորուստ չունեն:

Իհարկե, այս վերջին օրերին ահագին բան է փոխվել. քաղաքը լուսավորվել է. ուրախալի է երեկոյան բնակելի շենքերում ավելի շատացող լույսեր տեսնելը, արդեն երկու դպրոց ունենք քաղաքում բացված, մյուսները շուտով կբացվեն: Կարծես թե փորձում ենք վերադառնալ բնականոն կյանքի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այնքան խորն է վերքը, կորուստը շատ, որ առաջվանը դժվար թե լինի: Ինչ-որ տեղ մենք դեռ մերժման փուլում ենք, իրականության մերժման:

Քաղաքում ամենուր հերթեր են, օգնություն ստանալու, փաստաթղթեր վերցնելու և հատուցումներ ստանալու: Ամենածանր տեսարաններից մեկը հենց այս չվերջացող հերթերն են: Մենք կոլեգաներով փորձել ենք աջակցել և որոշ առումով կանխել հերթերը:

– Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էիք, որ ձեր աշխատանքից զատ՝ այս պահին նաև սոցիալական աշխատանք եք իրականացնում, գործընկերների հետ միասին օգնում բնակիչներին` դիմումներ գրել, որպեսզի կարողանան օգտվել միանվագ օգնության ծրագրից, որոնք, ի դեպ, ձեր գրառման մեջ հեգնանքով որակել էիք՝ «փառահեղ», ինչո՞ւ :

– Արդեն իսկ քաջատեղյակ եք 68 հազար + 15 հազար միանվագ աջակցության ծրագրի մասին: Այո, ես այն հեգնանքով «փառահեղ» եմ կոչել: Ի սկզբանե հայտարարվել էր, որ այդ գումարը կստանան Արցախի հաշվառում ունեցող բոլոր քաղաքացիները, սակայն դա ընդամենը ՀՀ կառավարության հերթական փիառ քայլն է. Իրականում բազմաթիվ են սահմանափակումները, թե ովքեր կարող են օգտվել այդ ծրագրից: Սակայն, սահմանափակումներից բացի՝ ծրագրի գրանցման համակարգը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում հատկապես երեխանների ծննդյան վկայականները գրանցելու համար:

Արցախում մեծ խնդիր է նաև համացանցի բացակայությունը, միայն մի քանի հիմնարկներում է գործում այն, և մենք որոշեցինք օգնել քաղաքացիներին գրանցել իրենց դիմումները: Պատկերացրեք՝ տարբեր շրջաններից, գյուղերից մարդիկ այս եղանակին ու պայմաններում գալիս են հասնում Ստեփանակերտ, ժամերով հերթ կանգնում, որպեսզի կարողանան իրենց տվյալները գրանցել, և ընթացքում պարզվում է, որ չեն կարող գրանցել. պետք է լրացուցիչ փաստաթղթեր բերել, և այլն:

Մենք ԱԺ-ում հնարավորինս փորձում ենք կոլեգաներով օգնել նրանց, և անգամ այն փաստաթղթերը, որոնք համակարգը չի ճանաչում, փորձում ենք համապատասխան գերատեսչությունների միջոցով կարգավորել:

Համակարգն անկատար է նաև նրանով, որ որոշ քաղաքացիներ, ովքեր աշխատավարձ են ստացել, կարող են օգտվել այդ ծրագրից, իսկ մյուսները` ոչ, ինչը նույնպես տրամաբանական չէ: Կարծում եմ՝ շատ ավելի թեթև ու հարմար տարբերակ կարելի էր մշակել, որպեսզի քաղաքացիները, հատկապես ծերերն ու փոքր երեխա ունեցող մայրերը, ստիպված չլինեին այդքան հերթ կանգնել, կամ գյուղերից մայրաքաղաք հասնել իրենց դիմումը գրանցելու համար: Օրինակ, եթե թոշակառուներին տրամադրվող օգնությունից հանվում է իր ամենամսյա թոշակը, կարելի էր հենց թոշակի տրամադրման հետ էլ տրամադրել նաև այդ ավել գումարը, որ նախատեսվում է այս ծրագրով: Կամ՝ երեխաների ամենամսյա գումարը, որ ծնողները ստանում են, դրանց հետ ստանան:

Փախստականների վերադարձի շուրջ դեռ չենք մտածում, մենք ավելի շատ մտահոգված ենք հենց մեր` արցախցիներիս վերադառնալու հարցերով: Մեզ իսկապես հուզում է, թե ինչ թվով հայրենակիցներ նորից կվերադառնան իրենց տները. արդյո՞ք մենք կկարողանանք նորից այս ամենից հետո հարմարվել նոր իրողություններին և ապրել թուրքերի հետ այդքան մոտ սահմանում:

Նախկինում ազատագրված տարածքները, չնայած համարյա վեաբնակեցված չէին, բայց մեզ ապահովության, անվտանգության զգացում էին տալիս. հիմա դա չկա: Մենք միայն մեր ներքին ուժի, հավատի, մեր զոհված ու անհայտ կորած հարազատների, հայրենակիցների չափազանց թանկ գին վճարելու համար ենք այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս