Իշխան Սաղաթելյանը լուծում առաջարկեց այն քաղաքացիներին, որոնք կարծում են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց չեն ընդունում հարթակում կանգնած քաղաքական ուժերին

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց, որ, եթե Նիկոլ Փաշինյանին հեռացրած լինեին 6 ամիս առաջ, ապա պատերազմ չէր լինելու:

«Եթե մենք Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի ելքը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով: Եթե մենք Նիկոլին հեռացնեինք ստորացուցիչ պայմանագիրը ստորագրելու օրը, մենք այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ: Հետևաբար, Նիկոլի յուրաքանչյուր մեկ օր ավել մնալը փորձանք է մեր պետության և ժողովրդի համար»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, թե ինչ հարցեր են լուծվում Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ. «Առաջին՝ Նիկոլի հեռացումով մենք հնարավորություն ենք ունենում Հայաստանում հաստատել կայունություն և համերաշխություն: Քանի Նիկոլը կա՝ Հայաստանում հայ արժանապատիվ մարդը չի հանդուրժելու Նիկոլի ներկայությունը: Երկրորդ՝ Նիկոլի հեռացումով հնարավորություն է ստեղծվում պաշտպանել մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր պետականության շահերը: Թուրքի առջև ծնկի եկած, ձախողած, թուրքին հանձնված ղեկավարը չի կարող պաշտպանել մեր ժողովրդի շահերը: Երրորդ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումով մենք կկանխենք մեր երկրին սպասվող սոցիալ-տնտեսական կոլապսը և հումանիտար աղետը: Նիկոլն իր այս անմեղսունակ թիմով ի վիճակի չէ լուծել մեր երկրի առջև կանգնած խնդիրները: Եվ չորրորդ, Նիկոլ Փաշինյանի հեռացումով հնարավորություն կստեղծվի մեր երկրում իրականացնել ազատ, արդար ընտրություններ»:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօր արդեն պարզ է, որ իրավիճակից դուրս գալու համար Նիկոլ Փաշինյանը փորձ է անելու նշանակել արտահերթ ընտրություններ. «Եվ այդ ընտրությունների ժամանակ կառչած մնալով վարչապետի աթոռին՝ կեղծի հաջորդ ընտրությունները և արտադրվի: Եկեք մենք հենց հիմա հենց այստեղ հայտարարենք, որ մենք որևէ տարբերակ չենք ընդունելու: Նիկոլ, հեռացի՛ր»:

ՀՅԴ ԳՄ անդամն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու է Վազգեն Մանուկյանը. «Մարդ, որ իր անցած ճանապարհով, իր հմտություններով, իր կարողությամբ՝ մեր երկրում կբերի համերաշխություն և հանդարտություն: Վերջին 30 տարվա Հայաստանի նորանկախ պատմության մեջ տեղի է ունեցել 2 հիմնական ընդդիմադիր ուժերի համախմբում՝ մեկը՝ 1996թ., մյուսը՝ հենց այս օրերին, և այդ երկուան էլ տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի շուրջ: Մենք մեզ առաջնորդ, թագավոր կամ փրկիչ չենք ընտրելու, մենք ընտրելու ենք ադեկվատ մարդ, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն, որն ի վիճակի լինի հաղթահարել մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները»:

Իշխան Սաղաթելյանը լուծում առաջարկեց նաև այն քաղաքացիներին, որոնք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց չեն ընդունում հարթակում կանգնած քաղաքական ուժերին. «Այդ քաղաքացիները անհապաղ պետք է գան այս հրապարակ, որովհետև իրենց պայքարը հայրենիքի փրկության համար է, այլ ոչ թե մեզանից որևէ մեկին իշխանության բերելու համար: Հետևաբար, «Նիկոլ, հեռացի՛ր»-ը ոչ թե կոչ է, այլ հայ ժողովրդի համահայկական պահանջը: Կա մեկ ճանապարհ՝ հայ ժողովրդի, համահայկական բողոքի, զանգվածային ճնշումների, անհնազանդության ակցիաների միջոցով մեր պայքարը պետք է դառնա իրականություն և վերջ»:

Նա նաև պատասխանեց այն հարցին, թե ինչ պետք է անի ժամանակավոր կառավարությունը, որը չի անում այսօրվա իշխանությունը. «Պատասխանը շատ պարզ է՝ ժամանակավոր կառավարությունը պետք է անի այն, ինչ 2.5 տարի առաջ այս հրապարակում խոստացավ սուտասան Նիկոլ Փաշինյանը և խաբեց ժողովրդին: Մեր իշխանությունը ժողովրդին չի՛ ասելու՝ ծնկի կգամ ձեր առջև, արժանապատիվ, հպարտ քաղաքացիներ, բայց գնա ծնկի գա թուրքի առաջ և մեր ժողովրդից խլի իր արժանապատվությունը: Մեր իշխանությունն անօրինական միջոցներով չի փորձելու արդարություն հաստատելու իմիտացիա անի: Մեր իշխանությունը Սփյուռքին չի դիտելու իբրև կթու կով և միջոց՝ իր հիմնադրամները համալրելու համար: Մեր իշխանությունը Հայաստանում չի սպասարկելու օտարածին օրակարգեր: Այլասերված կոնվենցիաները Հայաստանում տեղ չեն ունենալու: Եվ ամենակարևորը՝ մեր իշխանությունը հիմք է դնելու Հայաստանում ազգային իշխանություն ստեղծելու համար: Հայ եկեղեցին, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը, հայ ազգային արժեքները գտնվելու են պետության հոգածության տակ»:

Իշխան Սաղաթելյանն առաջարկեց ազգովի ընդունել մի շատ կարևոր որոշում, որն ըստ նրա՝ պետք է մտնի յուրաքանչյուր հայի տուն և դառնա յուրաքանչյուր հայի հոգու հավատամք. «Հայ զինվորը չի՛ պարտվել, հայ հրամանատարը չի՛ պարտվել, հայ կամավորը չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել, Հայաստանը չի՛ պարտվել, պարտվել է միայն ու միայն Հայաստանի իշխանությունը և նրա պարագլուխ Նիկոլը: Հետևաբար, որպեսզի հայ մարդը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ուղղի իր ողնաշարը, վերականգնի իր արժանապատվությունը և լծվի երկիր կառուցելու գործին, Նիկոլը պետք է հեռանա, և վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս