«Գնալով ավելի լայն ճնշումներ են լինելու իշխանությունների վրա. հրաժարականն անխուսափելի է». Արտակ Զաքարյան

«Ցավոք, այս ողբերգությունը պետք է անպայման իր հետևանքներն ունենա, և այն առաջարկը, որ արվում է 17 կուսակցությունների կողմից, նաև՝ միասնական թեկնածուի տեսքով, հուսով եմ, որ այսօր կլսենք նաև միասնական թեկնածուի ելույթը, դա հնարավորություն կտա, որպեսզի ապագայում արդեն մեր հասարակությունն ավելի պարզ պատկերացում ունենա հնարավոր զարգացումների վերաբերյալ, և վստահ եմ, որ գնալով ավելի լայն ճնշումներ են լինելու իշխանությունների վրա. հրաժարականն անխուսափելի է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրան բոլորովին չի հետաքրքրում՝ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը. «Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած հիմարություն ասել՝ հանուն իր խղճուկ իշխանությունը մի քանի օրով երկարեցնելու: Աշխարհը վերջին 2.5 տարում գործ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Նախորդ իշխանությունները Նիկոլ Փաշինյանին հանձնել են ամուր բանակցային դիրքեր, հասկանալի քաղաքական գործընթաց, բանաձևված մաթեմատիկական ճշգրտությամբ գնացող բանակցություններ, հակառակորդ, որը տրամադրված է եղել խաղաղ ճանապարհով խնդիր լուծելուն, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի արձանագրություններ, որով ՄԽ անդամ պետությունները անմիջապես պարտադրում էին ուժի սպառնալիքի չկիրառումը: 2.5 տարի Նիկոլ արեց ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի համար բացվեն բոլոր դռները՝ լեգիտիմ պատերազմ սկսելու: Եվ աշխարհին ցույց էր տալիս, ասում էր՝ հիմա ի՞նչ եք ասում, ես այս վիճակով բանակցելու բան ունե՞մ Հայաստանի հետ, երբ Հայաստանի ղեկավարը կանգնում է՝ ամենատարբեր ախմախ հայտարարություններն է անում Ղարաբաղի վերաբերյալ՝ չհասկանալով դրա նրբության և վտանգավորության աստիճանը»:

Տեսանյութեր

Լրահոս