Քաղաքական հայացքների նկարագիր. Գործադիրում աշխատանքի անցնելու թոփ պահանջները

Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանի էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո, նախարարությունում փնտրում են նրան արժանի տեղակալի:

Այսօր նախարարության կայքէջում, ապա ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց նախարարի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հայտարարությունը, որտեղ թվարկվում են անհրաժեշտ մասնագիտական և անձնական հմտությունները.

«Կրթություն

Աշխատանքային փորձի նկարագիր՝ նշելով յուրաքանչյուր աշխատատեղում ձեռք բերած հաջողությունները՝ թվերով

Հմտությունների նկարագիր՝ ցանկալի է թվերով

Խորը վերլուծական ունակություններ

Արդյունքներ տալու կարողություն (նկարագրել համապատասխան փորձը)

Քաղաքական հայացքների նկարագիր

Երեք հիմնական արժեքները

Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ազատ տիրապետում), երրորդ օտար լեզվի իմացությունը ցանկալի է»:

Փաստորեն, ժողովրդավարության բաստիոն Հայաստանում աշխատանքի ընդունվելիս կարևորվում է քաղաքական հայացքների նկարագիրը:

Իսկ յուրաքանչյուր աշխատատեղում ձեռք բերած հաջողությունները՝ թվերով նկարագրելու համար էլ, թերևս, պետք է ունենալ վարչապետի կախարդական փայտիկը և 100 փաստերի բրոշյուրը՝ որպես օրինակ:

Ինչ խոսք, այս պահանջներին համապատասխանող թեկնածուն կկարողանա նաև բեկում բերել մեր երկրի տնտեսական քաղաքականության մեջ:

Թե ո՞վ է մարդկային ռեսուրսների կառավարման այն հրաշալի մասնագետը, որը կարողացել է այս ութ կետերով այսքան ակնառու կերպով ներկայացնել ներկա իշխանությունների ողջ թշվառությունն ու պերճանքը, դեռ պարզ չէ, բայց նրան անկեղծության և ազնվության համար, ինչ խոսք, պետք է երախտապարտ լինել:

Նկատենք՝ այս հրաշալի ութնյակը թավշյա իշխանությունների միակ թավշյա պահանջների ցանկը չէ, որ իրարանցում առաջացրեց.  առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տարածվում էր ՀՀ վարչապետի աշխատակազմում թափուր աշխատատեղ զբաղեցնելու համար ընդունելության թեստի ձևանմուշը, որում, ի թիվս այլ հարցերի՝ մրցույթի մասնակցից պահանջվում էր՝ «Դասավորել շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ»:

 

Տեսանյութեր

Լրահոս