ՊՆ զորանոցներն անհատույց տրվել են 100 մլն դոլարանոց ներդրումային մի ծրագրի համար, որն ընդամենը տեսլական է, երաշխիքներ առկա չեն

Կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով հավանություն է տվել ներդրումային մի  ծրագրի, որով նախատեսվում է Շիրակի մարզում գտնվող Պաշտպանության նախարարությանն ամրացված հատուկ նշանակության թվով 5 հողամասերը, որոնցից երկուսը՝ զորանոցային տարածքներ, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին և Արման Սահակյանին՝ Գյումրի քաղաքում «Ռենեսանս» թաղամասի կառուցման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում ներդրողի կողմից, ըստ նախագծի, ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետ է սահմանվում 5 տարի՝ այդ աշխատանքների իրականացման համար տրված շինարարության թույլտվությունների տրամադրման պահից։

Ծրագրի նախնական արժեքը կազմում է մոտ 100 մլն ԱՄՆ դոլար: Միայն շինարարության փուլում նախատեսվում է միջինում ստեղծել առնվազն 300 աշխատատեղ։

Նախատեսվում է, որ թաղամասում՝ պահպանելով տարածքում առկա պատմամշակութային միջավայրը և հուշարձան հանդիսացող շենքերը, կառուցվելու են ժամանակակից և ավանդական ճարտարապետության համադրությամբ կառուցված բազմաբնակարան շենքեր, որոնց ճակատային 1-ին հարկերը կնախատեսվեն փոքր և միջին բիզնեսին, հասարակական նշանակության հաստատություններին:

Կառավարության ընդունած այս նախագծի վերաբերյալ, սակայն, մի շարք առարկություններ են ներկայացվել. հավանաբար այդ առարկություններն էին պատճառը, որ նախագիծը ընդգրկվել էր ոչ թե Կառավարության զեկուցվող, այլ չզեկուցվող հարցերի շարքում։

Եվ այսպես՝ 100 մլն ԱՄՆ դոլար ներդրումային նախագծի վերաբերյալ  առարկություններ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Մասնավորապես՝ նախարարությունից հայտնել են, որ ներկայացված նեդրումային նախագծից պարզ չէ, թե անհատույց սեփականության իրավունքով տրվող գույքը նախատեսված էր ՊՆ գաղտնի աշխատանքների կատարմա՞ն համար, թե՞ ոչ։  Նախարարությունից նաև մտահոգություն են հայտնել, որ այս նախագծում առկա չեն ներդրումային ծրագրի իրականացման երաշխիքները, իսկ ներդրումային ծրագիրն ընդամենը տեսլական է, չկան իրականացման հստակ մեխանիզմներ, պարզ չէ, թե ինչ մեթոդներով են կատարվել թվային հաշվարկները։

Մտահոգիչ են նաև ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած առարկությունները, ըստ որի,  ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության կողմից ներդրողին ուղղակի ձևով կառուցապատման նպատակով հողամասի փոխանցում, բայց նմանատիպ ծրագրերը հարկավոր է իրականացնել մրցութային կարգով, հակառակ դեպքում խախտվում են շուկայական տնտեսվարման սկզբունքները, ինչը կարող է հանգեցնել տնտեսական արդյունավետության նվազմանը, քանի որ պետությունը զրկվում է նվազագույն ծախսերով առավելագույն արդյունք ստանալու այլընտրանքներից:

Ֆինանսների նախարարության արձանագրած մյուս խնդիրն առնչվում է  ծրագրով իրականացվող միջոցառումների ֆինանսական գնահատականների համապատասխան հաշվարկային հիմնավորումներին։

Մասնավորա­պես նշված է, որ Գյումրիում առկա են, այո, շահառու ընտանիքներ, որոնց նկատմամբ առկա են բնակարանային ապահովման կամ բնակարանային պայմանների բարելավ­ման պետա­կան պարտավորություններ, սակայն, այս նախագծով հստակեցված չէ, թե ինչպես են իրացվելու այդ  բնակարանները։

Նախարարությունից նաև շեշտել են, որ հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ 2020թ․  պետական բյուջեով նախատեսված 72.0 մլն դրամ միջոցների հաշվին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվում է իրականացնել թվով 5 բազմա­բնակարան բնակելի շենքերի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում, որից 3-ը՝  Գյումրի քաղաքում, իսկ այս ծրագրի  պետություն-ներդրող և գնորդ առաջարկվող մեխանիզմի կիրառման հետևանքով թուլանում է պետության կողմից վարվող անօթևան բնակչությանը բնակար­անով ապահովման սոցիալական քաղաքականությունը:

Թե ինչպես են լուծվելու մատնանշված խնդիրները, պարզ չէ, սակայն նախագիծը գործադիրն ընդունել է։

Տեսանյութեր

Լրահոս