
«Փաշինյանը ոչ սթափ վիճակում հրաման է տվել՝ եթե կարողանաք գրավել Լելե-Թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով». Աշոտ Մինասյան

Պատերազմը սկսվեց, որովհետև թշնամի երկիրը տեսավ, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ պատերազմ ղեկավարելու, տեսավ, որ քայքայված են պետությանդ բոլոր սյուները:
Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Պատերազմը սկսվեց նաև այն պատճառով, որ մեր պետության ղեկավար կոչեցյալը, չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական: Ինչ վերաբերում է պարտությանը, կասեմ հետևյալը. երբ հրամանատարական կետերից հանում են քո վաստակած հրամանատարներին, հեռացնում են պաշտոններից գեներալիտետին, որոնք կռել էին երկու հաղթանակ, և ասպարեզ են բերում մարդկանց, ովքեր ունակ չէին պատերազմ վարելու, չգիտեին՝ ինչ է պատերազմը, կամ աճել էին ինչ-որ շտաբներում, տաքուկ անկյուններում, բարձր զինվորական կոչումներ էին ստացել և նշանակվել հավասարազոր պաշտոնների, բնականաբար, իրենք պետք է պարտություն կրեին: Երբ սկսում է հերոսների կոչում շնորհել մարդկանց, որոնք ոչինչ չէին կատարել»,- նշեց նա՝ շեշտելով, որ պետություն գոյություն ունի, կա չկայացած իշխանություն:
«Սիսական» ջոկատի հրամանատարը շարունակեց, որ «գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը, ոչ սթափ վիճակում գտնվելով, գուցե՝ հարբած, ինչպիսին ինքը լինում է հաճախ, հրաման է արձակում՝ եթե կարողանաք գրավել Լելե-Թեփեն, դրա համար ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով»:
«Եվ այդ չկայացած գեներալիտետն ընդունում է այդ փաստը՝ որպես իրողություն և հրաման, անցնում են հարձակման, հասնում են մինչև Ստանցիա-Կենդ-Հորադիզ խաչմերուկ: Եվ երբ իրեն ասում են, որ հասել են այդտեղ, ինքն արդեն մեկին գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ ազգային հերոսի: Իր նպատակն այն է, որ ժողովրդին ներկայացնի՝ նախկինները տվել են Լելե-Թեփեն, ես ազատագրել եմ: Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք թողել թշնամուն, չներկայացնեմ՝ ինչքան զոհ ենք տվել այդտեղ: Եվ զորքը սկսում է ահավոր մեծ թափով նահանջել: Չգիտեմ՝ դա նահա՞նջ ասեմ, թե՞ փախուստ: Նույն փախնող զորքի հրամանատարին հանում են իր աշխատանքից՝ Սիսիանի գնդի հրամանատարի մասին է խոսքը, և նշանակում են Սովետաշենի գնդի հրամանատար: Ես մտածում եմ հետևյալը՝ սա պայմանավորված պարտության տանելու իրավիճակ էր, և խուճապ սարքողներին իրենք հետո սկսեցին կա՛մ տեղավորել տարբեր պաշտոնների, կա՛մ հանելով աշխատանքից՝ փորձեցին մաքրել տվյալ անձանց: Սա դավաճանություն է, և հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Սա մտածված քայլ է եղել»,- մանրամասնեց Աշոտ Մինասյանը:
«Սիսիական» ջոկատի հրամանատարն այս համատեքստում շարունակեց՝ այն, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը գնում-հասնում է Սյունիք, Գորիսում հանդիպում է համայնքների ղեկավարների, զինվորականների հետ ու ասում՝ ժողովուրդ, եկեք փրկենք Սյունիքը, երբ պատերազմը դեռ գնում էր Ջաբրայիլում, սա նշանակում է՝ առաջին պանիկյորն ինքն է դառնում:
«Առաջին խուճապ սարքողը երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալն է: Եթե սիսիանցին, գորիսեցին, կապանցին, որը կռվում է Ջաբրայիլում ու հանկարծ լսում է, որ՝ եկեք փրկենք Սյունիքը, հարց է առաջանում՝ ինչո՞ւ եմ ես կանգնել Ջաբրայիլում: նպատակը ո՞րն է, եթե Սյունիքը վտանգված է արդեն: Ինքը, բնականաբար, պիտի հետ գար՝ Սյունիքը պահելու: Նիկոլ Փաշինյանը խուճապ սարքեց: Դեռ հունվարին Սյունիքում Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տվել և ասել՝ մենք կառուցում ենք Տաթև-Աղվանի ճանապարհը: Մեր միամիտ, հզոր, հազարամյա ժողովուրդը, հավատալով Նիկոլ Փաշինյանին, չի մտածում, թե ինչու է այն կառուցվում: Անցնում է որոշ ժամանակահատված, ու մենք հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սյունիքում: Այսօր կառուցված է այդ ճանապարհի 10 կմ-ն, մնացած 2,5 կմ-ն կառուցվելու է 2021 թվականին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս-Կապան ճանապարհը, որը սահմանամերձ է, հանձնելու է, դրա համար մյուս ճանապարհը սկսեց կառուցել: Ես անգամ գիտեմ, թե ովքեր են ճանապարհ կառուցողները: Ես սա համարում եմ պետական դավաճանություն, ինքը պլանավորել էր»,- ասաց հրամանատարը: