ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագիծը պարունակում է պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ՝ Ս-400-ի համար
ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը տարածվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, նախատեսում է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանում՝ նրա կողմից ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու համար:
Մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահին հրահանգվում է պաշտպանական ծախսերի վերաբերյալ օրենքն ստորագրելուց հետո 30 օրվա ընթացքում «հինգ կամ ավելի պատժամիջոցներ» սահմանել այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են C-400-ի ձեռքբերման գործընթացին:
Պատժամիջոցները կարող են սահմանվել Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու օրենքին համապատասխան (CAATSA): Գործող օրենքով Ռուսաստանի հետ գործարքի համար արգելված են F35 կործանիչների վաճառքները Թուրքիային: Ընդհանուր առմամբ օրինագիծը 2021 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության ծախսերը նախատեսում է 732 մլրդ դոլար գումար, ներառյալ 69 մլրդ դոլար արտասահմանյան ծախսերը:
ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերման կապակցությամբ, քանի որ կարծում են, որ Ռուսաստանը կարող է այդ համակարգերն օգտագործել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկատվություն ստանալու համար: Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք է С-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: Արդյունքում Վաշինգտոնը F-35A-ի արտադրության ծրագրից Անկարային բացառել է անցյալ տարվա հուլիսին այն բանից անմիջապես հետո, երբ Թուրքիան ձեռք է բերել C-400 զենիթահրթիռային համալիրները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: