«Պատերազմի մասնակիցների ծառայությունը դարձնել 1.5 տարի, զինվորներին տեղափոխել Հայաստան». Առաջարկել են ծնողները պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ
Ժակետային զինծառայողների ծնողներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում Պաշտպանության նախարարության դիմաց. հանդիպել են՝ ինչպես նախարարության ներկայացուցիչների, այնպես էլ՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ցույցի մասնակից ժամկետային զինծառայողների ծնողներից Արմինե Ավագյանը նշեց, որ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ առաջ են քաշել երեք պահանջ, որոնք միտված են ընդամենը 44 օր պատերազմին մասնակցած իրենց որդիների բարոյահոգեբանական վիճակը մեղմելուն։
Հարցազրույցի մասնակից մեկ այլ ծնող՝ Սուրեն Ջուլհակյանը, որի զույգ որդիները մասնակցել են պատերազմին և այս պահին գտնվում են Արցախում, մանրամասնելով առաջ քաշած պահանջները, նշեց. «Մենք առաջարկում ենք՝ այն ժամկետային զինծառայողները, որոնք մասնակցել են պատերազմին և այս պահին շարունակում են գտնվել Արցախում, վերադառնան Հայաստանում ծառայության. սա 1-ին պահանջն է։ 2-րդ կերտով պահանջում ենք նվազագույն՝ 20-օրյա արձակուրդ, իսկ 3-րդ կետով ցանկանում ենք ստանալ սոցիալական աջակցության երաշխիքներ, ինչպես նաև՝ ծառայությունը կրճատել՝ դարձնելով 1.5 տարի»։
Դիտարկմանը՝ չունե՞ն մտավախություն, որ իրենց այս պահանջով կստեղծեն նախադեպ, որ այսուհետև ծնողները բողոքի ակցաներով փորձեն բանակում ծառայության ժամկետի և տեղի հետ կապված պահանջներ ներկայացնել Պաշտպանության նախարարությանը, Սուրեն Ջուլհակյանը պատասխանեց.
«Մենք կարծում ենք, որ անարդար է, որ այն տղաները, որոնք կրել են պատերազմի բեռը, հիմա էլ կրեն նաև Արցախի սահմանը պահելու բեռը, անարդար է ամբողջ բեռը դնել այդ տղաների ուսերին։ Մենք ցանկանում ենք նաև, որ ծառայության ժամկետը կրճատվի և դառնա 1.5 տարի, բացի այդ, ցանկանում ենք, որ մեզ համար պարզաբանեն, թե ինչ սոցիալական փաթեթ են առաջարկելու պատերազմին մասնակցած զիառայողներին»,- ասաց Ջուլհակյանը։
Ինչ վերաբերում է ժամկետների կճատմանը՝ Արմինե Ավագյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունից առաջարկել են այդ հարցով դիմել օրենսդիր մարմնին, ինչն էլ արել են և դիմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, նա էլ հավաստիացրել է, որ կառաջարկվեն տարբերակներ՝ զինծառայության ժամկետների կրճատման հետ կապված, և առարկայական քննարկում խոստացել մեկ շաբաթ անց։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում