Ինչ ակնկալիքներ ունի ԿԲ-ն հաջորդ տարի

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով պետական կառավարման մարմիններում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում։ Բազային վարձատրության չափը, որի նկատմամբ կիրառվում են համապատասխան գործակիցներ, ներկայացված նախագծով մնացել է անփոփոխ։

Ինչպես նախորդ, այնպես էլ հաջորդ տարի բազային աշխատավարձը կկազմի 66 հազար 140 դրամ։ Բայց պահպանվել են նաև պարգևավճարները, որոնք հասնում են աշխատավարձի ֆոնդի գրեթե 21 տոկոսին։

Ի տարբերություն պետական կառավարման ապարատի, միջին աշխատավարձի 8 տոկոսանոց բարձրացում է սպասվում Կենտրոնական բանկում։ Դա կարվի՝ ինչպես աշխատակազմի կրճատման, այնպես էլ՝ աշխատավարձին ուղղված գումարների համալրման հաշվին։ Աշխատակազմը կկրճատվի 4 տոկոսով։ Նույնքանով կավելանան  աշխատավարձին և դրան հավասարեցված վճարումները։ Այդ նպատակով հատկացվող միջոցները կկազմեն ավելի քան 6 մլրդ 390 մլն դրամ, ինչը 245 միլիոնով կգերազանցի 2020թ. նախահաշվով նախատեսված գումարը։

Ակնկալվում է, որ միջին աշխատավարձը Կենտրոնական բանկում հաջորդ տարի կավելանա 53,3 հազար դրամով՝ կազմելով 693,4 հազար դրամ։

Աշխատավարձի սպասվող բարձրացումը Կենտրոնական բանկում բացատրում են հիմնականում 2 հանգամանքով՝ օրենքի պահանջներով  և իրավիճակի թելադրանքով։

Կենտրոնական բանկի մասին օրենքն ամրագրել է, որը ԿԲ-ի աշխատակիցների միջին աշխատավարձը պետք է համապատասխանի Հայաստանի բանկային համակարգի միջին աշխատավարձին: Օրենքի այս պահանջը հիմա խախտված է, բայց ԿԲ-ն ձգտում է այն վերականգնել։

«Աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների հաշվարկը կատարվում է՝ ելնելով  «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի պահանջներից, համաձայն որի` ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատավարձի միջինը պետք է համապատասխանի ՀՀ բանկային համակարգի միջին աշխատավարձին: 2021թ. համար առևտրային բանկերը կանխատեսել են 865 հազար դրամ միջին աշխատավարձ, ինչը 2020թ. բանկային համակարգի նախորդ տարվա կանխատեսվող ցուցանիշի նկատմամբ նախատեսում է 5,4 տոկոս աճ, իսկ 2020թ. 5 ամսվա փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 4,2 տոկոս աճ:

2021թ. համար «աշխատավարձ և դրան հավասարեցված միջոցներ» հոդվածը պլանավորելիս՝ ԿԲ-ն նախատեսել է նախորդ տարվա համեմատ ընդհանուր ֆոնդի աճ 4 տոկոսով՝ պայմանավորված առավելապես ԿԲ-ի վարձատրության քաղաքականությամբ նախատեսված աշխատավարձի բնականոն և/կամ արագացված աճով: Միաժամանակ, աշխատակիցների թվաքանակը 2020թ. համար կանխատեսված համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել է 4 տոկոսով (2020թ. մոտ 1 տոկոս նվազում նախորդ տարվա նկատմամբ)՝ կազմելով 768 աշխատակից։

Արդյունքում ԿԲ աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը 2020թ. պլանային ցուցանիշի նկատմամբ նախատեսվում է, որ կաճի 8 տոկոսով՝ կազմելով ամսական 693,4 հազ. դրամ (2020թ.՝ 640,1 հազ. դրամ)՝ պայմանավորված առավելապես ԿԲ-ի վարձատրության քաղաքականությամբ նախատեսված աշխատավարձի բնականոն և/կամ արագացված աճով և մասնակիորեն աշխատակիցների թվաքանակի կրճատմամբ: Արդյունքում՝ ԿԲ-ի և բանկային համակարգի միջին աշխատավարձերի միջև ճեղքվածքը գնահատվում է, որ կկազմի շուրջ 20 տոկոս (նախորդ տարիներին ճեղքվածքը կազմել է 23-24 տոկոս):

Նշենք, որ ԿԲ-ն միջնաժամկետ հատվածում հետամուտ է լինելու ԿԲ-ի և բանկային համակարգի միջին աշխատավարձերի միջև առկա ճեղքվածքի աստիճանական չեզոքացմանը»,- ասվում է Կենտրոնական բանկի 2021թ. վարչական ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկանքում, որը տեղ է գտել հաջորդ տարվա բյուջեի հավելվածներում:

Կենտրոնական բանկի և բանկային համակարգի միջին աշխատավարձերի միջև առկա շեղումը, ԿԲ կարծիքով, խնդիրներ է ստեղծում մասնագետների հոսունության առումով։ Բարձրակարգ մասնագետները՝ բարձր վարձատրության ակնկալիքով, հեռանում են Կենտրոնական բանկից։

«Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ վերջին տարիներին ԿԲ-ի առավելապես փորձառու աշխատակիցների որոշակի բարձր հոսունություն է գրանցվել: Արդյունքում աշխատանքի են ընդունվել առավելապես սկսնակ աշխատակիցներ, որոնց մասնագիտական գիտելիքների ու կարողությունների համապարփակ զարգացման նպատակով որոշակի շեշտադրում է դրվել աշխատակիցների վերապատրաստման հոդվածի վրա»,- արձանագրել է Կենտրոնական բանկը։

Պաշտոնական տվյալներով, ԿԲ-ից  2019թ. աշխատանքից ազատվել է 62 փորձառու աշխատող։ Փոխարենը՝ անձնակազմը համալրվել է 104 սկսնակ մասնագետով։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Կենտրոնական բանկը նպատակահարմար է համարում, որպեսզի ԿԲ աշխատակազմի աշխատակիցների միջին աշխատավարձը համապատասխանի բանկային համակարգի միջին աշխատավարձին: Բայց թե ի՞նչ ժամկետում է ԿԲ-ն մտադիր հասնել դրան, դժվար է ասել։

Ներկայացված տվյալներով՝ կանխատեսվում է, որ հաջորդ տարի բանկային համակարգում միջին աշխատավարձը կկազմի 865 հազար դրամ։ Նույնիսկ առաջարկվող բարձրացման պարագայում Կենտրոնական բանկում աշխատավարձի միջին չափը կշարունակի բավականաչափ հետ մնալ բանկայինից։ Խոսքը 172 հազար դրամի մասին է, ինչը լուրջ տարբերություն է։ Բնականաբար, անիմաստ է մտածել 1 կամ 2 տարվա ընթացքում այն վերացնելու մասին։ Հատկապես որ, բանկային համակարգի աշխատավարձերը ևս չեն կանգնում իրենց տեղում։

ԿԲ վարչական ապարատի պահպանման համար, աշխատավարձից բացի, նախատեսված են ծախսեր նաև սոցիալական ապահովության գծով։ Ի տարբերություն աշխատավարձերի, կանխատեսվում է այդ ծախսերի նվազում։

Աշխատակիցների սոցիալական ապահովության ծախսերը նախատեսված են անձնակազմի սոցիալական փաթեթի, այդ թվում՝ առողջության ապահովագրության ծախսերը հոգալու համար։ Այդ հոդվածի գծով 2021թ. նախահաշիվը կազմում է ավելի քան 403 մլն դրամ, ինչը ենթադրում է 4 տոկոս նվազում նախորդ տարվա նկատմամբ:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս