«Ամեն օր, մենք չենք հոգնելու, գնալու ենք դեսպանատուն առ դեսպանատուն». Ռուբեն Մխիթարյան
«Կներեք մեզ, որ չենք կարողացել, չենք հասցրել անել առավելագույնը թե՛ մեր տղաների կյանքը փրկելու համար, թե՛ իրենց օր առաջ վերադարձնելու համար:
Բայց հիմա այս համախմբվածությունը, որ ես տեսնում եմ, անկեղծ եմ ասում, հավատացեք՝ ինչ անում ենք իզուր չի, ու հաստատ իր պտուղները տալու է»,- Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև անհետ կորած և գերի զինծառայողների հարցերով կազմակերպված երթի ավարտին նշեց պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ մի խումբ արվեստի գործիչներ և քաղաքացիներ այսօր Ազատության հրապարակից քայլերթ էին կազմակերպել գերիների ու անհետ կորածների հարցի բարձրաձայնման համար:
Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ երեկոյան կհայտնեն հետագա գործողությունների պլանը. «Ժամը 20:00-ին մենք կգրենք, թե ինչ ենք անելու վաղը, մյուս օրը և հաջորդիվ:
Ամեն օր, մենք չենք հոգնելու, գնալու ենք դեսպանատուն առ դեսպանատուն:
Բոլորը մեր տղաներին պետք է տեսնեն այսպես. իրենք մեզ հետ այս շարքի մեջ կանգնած են»:
Նա առաջարկեց զոհված տղաներին հրաժեշտ տալ ծափերով, ինչպես հրաժեշտ են տալիս մշակույթի գործիչներին. «Ես խնդրում եմ մեր այսօրվա ակցիան ավարտենք բարձր ծափահարություններով, թող էդ ծափերը հասնեն իրենց»:
Հասարակական գործիչը հավելեց, որ առայժմ պրոցեսը չեն վերածելու հանրահավաքի, որովհետև դեռ հույս ունեն՝ այս միջոցով կկարողանան բողոքի ձայնը լսելի դարձնել և առաջարկեց գերի ու անհետ կորած զինծառայողների վերաբերյալ ցանկացած տեղեկություն ուղարկել նաև իրենց ֆեյսբուքյան էջերին.
«Ուղարկեք այդ ամբողջ ինֆորմացիան մեզ: Մենք կհրապարակենք մեր էջերում, կուղարկենք պատկան մարմիններին և մաքսիմալ հետևողական կլինենք, որպեսզի ոչ մի ինֆորմացիա, թեկուզ չճշտված… էդ իրենց պարտականությունն է բոլոր չճշտված տեղեկությունները ճշտել և հրապարակել: Ոչ մի տեղեկություն ոչ մի ինֆորմացիա չպետք է կորի»:
Մանրամասները՝ տեսանյութում