Բաժիններ՝

Սոցիալական աղետը կանխելու նպատակով անհրաժեշտ է վերագործարկել Ալավերդու պղնձաձուլական գործարանը. Նախկին աշխատակիցների առաջարկը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն ահազանգում են՝ Զանգելանի և Կաշենի հանքահարստացման կոմբինատների չաշխատելու արդյունքում գործազուրկ դարձած համաքաղաքացիներին աշխատանքով ապահովելու և քաղաքում սոցիալական աղետը կանխելու նպատակով անհրաժեշտ է շատ արագ վերագործարկել Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը:

Այս առիթով  նրանք մոտ 5 առաջարկ են  ներկայացրել՝ ինչպես իշխանության, այնպես էլ՝ բիզնեսի ներկայացուցիչներին, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել: Որպես առողջացման ծրագիր՝ առաջարկում են գործարանը վերաբացել:

Սակայն նրանք համոզված են՝ այս պահին ամենաարագ և շատ աշխատատեղ կարելի է ապահովել պղնձաձուլարանը վերագործարկելով, քանի որ  ահավոր մեծ գործազրկություն է քաղաքում, մարդիկ աշխատանք չունեն, ծանր վիճակ է:

«Գործարանը պետք է աշխատի, որ հարկ վճարի, պետությունն ուժեղանա, ուրիշ ի՞նչ կարող ենք անել: Տնտեսությունը պետք է զարգանա, ինչպես հասկանում եմ՝ հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ: Գոնե դեռևս չվճարած աշխատավարձն էլ տան, որ ապրենք մի կերպ, եթե ոչ՝ թող գործարանը վերաբացեն՝ գնանք, աշխատենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պղնձաձուլարանի նախկին աշխատակիցներից Ռոմանը:

Հիշեցնենք, որ մետալուրգիական արտադրամասի  200 աշխատակից մոտ չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, և հարցը որոշ չափով լուծվել էր նախորդ ամիսների ընթացքում։ Սույն թվականի հունվարի 11-ին Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված 101 աշխատակից վերականգնվել է աշխատանքի, և անվտանգության աշխատակիցների հետ միասին աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել էր 183, ստանում են աշխատավարձի 2/3-ը:

«Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:

Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս