Ֆուտբոլի ընտրանին առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին 99-րդն է և նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է երկու հորիզոնականով: Լավագույն հնգյակում փոփոխություն չկա. Բելգիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Անգլիա, Պորտուգալիա: Այնուհետ միմյանց հաջորդում են Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան և Իտալիան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում: