«Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է». ԳՇ պետի առաջին տեղակալը՝ Սոթքի ոսկու հանքի մասին

Ըստ պայմանավորվածության, նոյեմբերի 25-ին ՀՀ զինված ուժերը և տեղի ազգաբնակչությունը պետք է ամբողջովին դուրս եկած լինեին Քարվաճառի շրջանից, ինչը Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հայտարարության դրույթների համաձայն իրականացվել է:

Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

«Զորքերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են նախապես պլանավորված բնույթով: Ես մանրամասների մեջ չխորանամ, թե ինչ կարգով է իրականացվել, ինչ հաջորդականությամբ, ինչ է դուրս բերվել, ինչ ապահովման աշխատանքներ են իրականացվել, պատսպարման ինչ խնդիրներ են լուծվել: Ամեն դեպքում, այն, ինչ իրականացվել է մինչև այսօր, իրականացվել է պլանավորվածի համաձայն և ճշգրիտ ժամանակացույցով»,-նշեց նա:

Անդրադառնալով մամուլում շրջանառված լուրերին` կապված Սոթքի տարածաշրջանում և «Գեոպրոմայնինգ» ռուսական կազմակերպության կողմից շահագործվող ոսկու հանքի տարածքում կատարվածին, որ ադրբեջանցի զինվորականները մտել են հանքի ադմինիստրատիվ տարածք, աշխատողներին տարածքն ազատելու պահանջ և ժամկետ առաջադրել, Տիրան Խաչատրյանը պնդեց` նման հարցեր չեն առաջացել` իրավիճակը քարտեզի վրա նկարագրելով:

«Նմանատիպ իրավիճակ չի տիրել: Ոսկու հանքի, և, ընդհանրապես տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես տարածքի պաշտպանության համար ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ: Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ: Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու նպատակից ելնելով: Ռուսական ընկերության նախաձեռնությամբ այս խնդրի կատարման մեջ մեր զինված ուժերն ընդգրկվածություն չեն ունեցել: Այսինքն, այդ արգելափակոցների տեղադրման հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ նախաձեռնվել և իրականացվել են ռուսական կողմի նախաձեռնությամբ և ուժերով: Մեր զորքերն այդ հատվածում անվտանգության գոտու ապահովման հարցերում ընդգրկված չեն եղել։ Ադրբեջանական զորքերի` Քարվաճառ մտնելուց հետո այդ արգելափակոցին հանդիպելով խնդիր է բարձրացվել, թե սա մեր տարածքն է։ Բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ` պահանջելով դուրս գալ այդ տարածքից։ Զգուշացրել ենք մենք, թե սա ինչ պատկանելիություն ունի, ում կողմից է, որից հետո մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այսպիսի պահանջներ կան: Իրականացվել են բավական երկար բանակցություններ, որից հետո ռուսական կողմը պահպանության գոտուց դուրս է բերել համապատասխան անձնակազմը»,–ասաց Խաչատրյանը` հավելելով, որ Քարվաճառ տանող ճանապարհին տեղադրված ուղեփակոցը, անցակետը եղել են ռուսական, տեղադրված է եղել դրա մոտակայքում նաև կառույց, որտեղ պետք է բնակվեին այնտեղ ծառայություն իրականացնող անձինք: Անցակետն ապամոնտաժվելու է:

«Սա ներկայացվել է որպես վարչական շենք` հանքի շահագործման տարածքի: Դա այդպես չի»,-պնդեց ԳՇ պետի առաջին տեղակալը` լրացնելով, որ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր:

Տիրան Խաչատրյանն ասաց, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի:

Հարցին` մտե՞լ են ադրբեջանցիներն այսօր Սոթքի հանքի տարածք, թե՞ ոչ, և ոչ միայն վարչական շենքեր, այլ թափոնների հատված, ԳՇ պետի առաջին տեղակալը պատասխանեց. «Այո, երեք դիրք են տեղադրել այդ տարածքում, ընդ որում, մեկն անմիջապես հանքի եզրագծով»:

Տեսանյութեր

Լրահոս