Օնիկ Գասպարյանի խոսելու ժամանակը…
Երեկ տելեգրամյան «Mediaport» ալիքը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունել՝ խնդրելով սպասել մինչև դեկտեմբերի վերջ։
Ժամեր անց պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն տարածեց, թե «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
Հերքման այս տեքստը, ըստ էության, ոչ բոլորին համոզեց, հատկապես, երբ ունենք օրինակներ. պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի դիմում գրելու մասին տեղեկություններն ակտիվորեն հերքվեցին պաշտոնական շրջանակներից, բայց օրեր հետո պարզվեց, որ դրանք համապատասխանում էին իրականությանը: Իսկ եթե որոշողը, օրինակ, Դավիթ Տոնոյանը չի եղե՞լ, պետք է հանրությունն իմանար, որովհետև կան նրբություններ՝ ցանկացել է ազատվե՞լ պատասխանատվությունից, թե՞ իրենից ցանկացան ազատվել՝ ընդառաջ գնալով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի քմահաճույքներին:
ԳՇ պետի դեպքում ևս հստակության անհրաժեշտություն կա, թերևս, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը նորից ուղերձով հանդես պետք է գա՝ բանակին մենակ թողնելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ, կամ՝ ո՞ր դեպքում կթողնի, որ հետո, եթե այլ զարգացումներ լինեն, ստիպված չլինի ուշացած արդարանալու՝ ոչ թե ինքն է որոշել բանակին մենակ թողնել, այլ երկրի ղեկավարությունն է որոշել ազատվել իր զինվորական փորձառությունից՝ անտարբերություն դրսևորելով բանակի ճակատագրի հանդեպ, քանի որ չի բացառվում, որ իր օրինակին կհետևեն այլ գեներալներ, և փորձառուներին կփոխարինեն տակտիկական նահանջ դրսևորածները, որովհետև բանակում կիսատ գործ ունեն թողած:
Չենք կարող անտեսել այն փաստը, որ քաղաքական որոշման արդյունքում պատերազմի դադարեցման և տարածքների հանձնումից հետո ԳՇ պետին համակրողների շրջանակում վերաբերմունքի փոփոխություն նկատվեց. Երբ 2020-ի հունիսի 8-ին Օնիկ Գասպարյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, մամուլում և սոցցանցերում նրա հետ մեծ հույսեր էին կապում, մասնավորապես, նշվում էր գեներալի՝ զինվորականին վայել «ձեռքը սեղանին խփելու» կարողությունը, ինչի մասին մարդիկ նաև հիշեցին հուլիսյան մարտական գործողությունների օրերին:
Մամուլը, մարդիկ վստահ էին, որ Օնիկ Գասպարյանի անունը չի շոշափվի քաղաքական համատեքստում, և, այսպես ասած, ինքն իր գեներալի «վերջին խոսքը» միշտ կարողանալու է առաջ տանել Գերագույն գլխավոր հրամանատարի մոտ:
Եվ այսօր այս հարցն ու այս կարևոր քննությունը հանձնելու խնդիրն առավել քան ակտուալ է. ԳՇ պետը պետք է կարողանա ցույց տալ, որ պահում է զինվորական կամ գեներալական ինքնուրույնություն՝ իհարկե, օրենքի սահմաններում: Պատերազմի ընթացքում զոհերի 80 տոկոսը բաժին է ընկնում զինված ուժերին՝ շարքայինից մինչև գնդապետ, չհաշված նյութական և ռազմատեխնիկական կորուստները:
Ըստ այդմ՝ ավելի քան երբևէ, բանակի վերակառուցումը, բանակում բարեփոխումները պիտի արվեն փորձառու զինվորականների մասնագիտական պատկերացումների և հաշվարկների հիման վրա, որտեղ պետք է բացառվեն քաղաքական նախապատվությունը և անձնական «ռազմական» երազանքները, այդ թվում՝ սպառազինության գնման հարցում: Այսօր, ավելի քան երբևէ, պետք է ոսկերչական հաշվարկներ անել, ժամանակին հաճախ էինք լսում՝ փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու տեսլականի մասին, ինչո՞ւ չէ՝ գրոհիչ խմբերի ստեղծման և կիրառման մասին, ինչի փորձ Օնիկ Գասպարյանն արել է, երբ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:
Այս օրերին օրակարգում էր ռազմական դրության վերացման հարցը. իշխանություններն ամեն կերպ փորձեցին ապացուցել, որ ռազմական դրությունը պետք է մնա, քանի որ Թուրքիայից անվտանգային սպառնալիքներ կան: Նույն մտքին է, ըստ էության, ԳՇ-ն: Մասնավորապես, երեկ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը նշել էր, թե պատերազմի հետևանքով ունենք մոտ 520 կմ լրացուցիչ սահմանային տարածք, որտեղ պետք է պահպանություն իրականացվի:
«Ռազմական դրության իրավական ռեժիմը հանելը շատ հեշտ է ու շատ կարևոր է, բայց եկեք նայենք մյուս կողմից. եթե մենք հանում ենք ռազմական դրությունը, ապա ինչպե՞ս է կազմակերպվում ծառայությունը մեր սահմաններում: Արդյոք կարո՞ղ ենք կազմակերպել զորահավաքային զորակոչ և կազմակերպել մեր սահմանների պահպանությունը: Կարո՞ղ ենք: Եթե կարող ենք, խնդիր չենք տեսնում ընդհանրապես»,- ասել է նա:
Նշենք, որ Ռազմական դրությունը չի հանվի. Այսօր ԱԺ արտահերթ նիստում մի քանի ժամ տևողությամբ թեժ քննարկումից հետո քվեարկության դրված նախագծին «դեմ» էր քվեարկել 56 պատգամավոր, «կողմ» 36-ը, 2-ը՝ «ձեռնպահ», և 15 հոգի չի քվեարկել:
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 3-րդ հոդվածում նշված է.
«Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում»:
ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պետք է հստակ և հիմնավոր պատասխանի սրա հետ կապված հետևյալ հարցերի.
- Ադրբեջանից և Թուրքիայից ռազմական սպառնալիք միշտ էլ եղել է, գուցե հիմա այն ավելի քան մոտ է և սուր, բայց այս սպառնալիքը նոր չէ, և այն չի վերանալու վաղը, ըստ այդմ՝ որքա՞ն պետք է շարունակվի ռազմական դրության պահպանումը, դրա վերացման դեպքում արդյո՞ք չենք կարող իրականացնել պատշաճ պահպանություն:
- Ինչո՞վ էր պայմանավորված այն, որ ռազմական դրության պայմաններում պատշաճ զորահավաք չի իրականացվել:
- Այսօր, երբ դեռ ռազմական դրության մեջ ենք, որքանո՞վ են պատերազմի ավարտից 16 օր հետո զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծվում:
- Այսօրվա մեր ունեցած ռեսուրսներով կամ կազմակերպվածությամբ որքանո՞վ ենք կարողանալու, կարողանում ՀՀ սահմանների և տարածքների պատշաճ անվտանգություն ապահովել ռազմական դրության պայմաններում, երբ ադրբեջանցիները հասել են Սոթքի հանքավայր, որը ՀՀ տարածքում է:
- Որքանո՞վ եք վստահ, որ ռազմական դրության չվերացման կամ պահպանման իշխանական շահագրգռվածությունը զուտ քաղաքական նպատակներ չեն հետապնդում՝ անվտանգային սպառնալիքի քողի տակ, և ԳՇ-ին էլ «խառնում» են դրան:
Չմոռանանք, որ, երբ ռազմական դրության համատեքստում լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ մտցվեցին՝ իբր երկրի անվտանգության մասին մտածելով, ռազմական ոլորտի մասնագետները չցուցաբերեցին որևէ շահագրգռվածություն՝ տալու այն սահմանումը, թե ինչ ասել է՝ երկրի անվտանգությանը վնասող նյութ, հոդված, տեղեկություն:
Այսինքն, իշխանությունները չբարեհաճեցին ոլորտի մասնագետների հետ քննարկել և սահմանել հստակ չափորոշիչներ, որի դեպքում կունենայինք երկրի անվտանգությանը չվնասող տեղական վերլուծություններ, իսկ լրատվամիջոցները պաշտպանված կլինեին քաղաքական ոչ պրոֆեսիոնալ «հետապնդումներից», որից կշահեր բանակը: Պատերազմի օրերին մենք չունեցանք բանակ-լրատվամիջոց արդյունավետ համագործակցություն, երբ տեղեկությունը ճկուն կօգտագործվեր, անգամ, եթե նպատակը քարոզչական էր: Եվ այսօր նաև սրա հետևանքով է, որ ամբողջ մեղքը փորձ է արվում բարդել բանակի վրա, չնայած նրան, որ երկրի ղեկավարությունն ինքն էր անտեսել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի իրատեսական վերլուծությունը և զգուշացումները՝ պատերազմի ելքի և առկա ռեսուրսների մասին:
Վերջին թարմ օրինակը. ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում՝ ունեցել ենք:
ԳՇ պետը պետք է համարձակորեն բացատրի կետ առ կետ՝ եթե համաձայն է այս ձևակերպման հետ, ապա ո՞ւմ մեղքով ենք ձախողել ռազմադաշտում, եթե համաձայն չէ՝ դարձյալ ասի: Ավելին, պետք է հստակ բացատրել դիվանագիտական տարրական այբուբենը չիմացող նախարարին՝ եթե պատերազմ է սկսվել, ուրեմն՝ ձախողել ենք դիվանագիտական դաշտում, երկրորդ՝ արդեն պատերազմի օրերին չենք ունեցել այնպիսի դիվանագիտություն, որն ամուր կպահեր զինվորականի թիկունքը ռազմադաշտում, և ստիպված չէինք լինի առանց կրակոցի տարածքներ տալ:
Սողոմոն իմաստունն ասում է՝ կա լռելու ժամանակ, և կա՝ խոսելու, հիմա խոսելու և գործելու ժամանակն է, որ երկրի ղեկավարի թաքուն կայացրած քաղաքական որոշման ծանր պատասխանատվությունը չմնա բանակի վրա, որ բանակի՝ ոչ իր մեղքով չկարողացածը տարանջատվի քաղաքական հաշվարկներից: