«Նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջե, և Կառավարությունն է որոշում, թե ինչպես ծախսի». Բաբկեն Թունյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ «Հայաստան Համահայկական» հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է և ճիշտ, քանի որ կա պարզ պատճառ՝ մարդիկ, որոնք գումարներ էին փոխանցում հիմնադրամին, գիտեին՝ ինչ նպատակով է:
«Իսկ հիմնադրամն ուղիղ այդպիսի գործիքակազմ չունի, այդ գումարն ուղիղ ծախսել այն նպատակով, ինչ նպատակով որ ծախսվել է: Կարծում եմ՝ սրանից ավելի փակագծեր պետք չէ բացել, որովհետև եթե մենք ստիպենք, որ այդ հիմնադրամը գումարներով իքս սպառազինություններ գներ, դա անթույլատրելի է: Այսինքն՝ կա պետական բյուջե, որը կատարում է ծախսեր, որն այդ ամբողջ գործընթացը կազմակերպում է: Շատ նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջե, և Կառավարությունն ինքն է որոշում, թե այդ գումարն ինչպես ծախսի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը:
Ըստ պատգամավորի, հիմնադրամի հաշվետվությունը կամփոփվի, նաև Կառավարությունը կհրապարակի, թե պատերազմի այս ամբողջ ընթացքում որքան պարգևավճար են ստացել, եթե հարկ լինի՝ կհրապարակվի նաև, թե գործադիրում և օրենսդիրում աշխատողներն իրենց աշխատավարձից որքան են ուղարկել հիմնադրամին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում