«Եթե այսօր էլ են տապալելու սահմանադրական ճանապահով այս ճգնաժամը հանգուցալուծելը, մեր պատասխանը լինելու է համարժեք». Քրիստինե Վարդանյան

Ազգային ժողովի առջև բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները ներկայանան և կողմ քվեարկեն ռազմական դրության չեղարկմանը: Հիշեցնենք՝ այսօրվա նիստի օրակարգում է ռազմական դրությունը չեղարկելու մասին խորհրդարանական ընդդիմության ներկայացրած որոշման նախագիծը:

«Եթե իրենք այսօր էլ են տապալելու սահմանադրական ճանապահով այս ճգնաժամը հանգուցալուծելը, մեր պատասխանը լինելու է համարժեք: Մեր արձագանքը կլինի նիստից հետո, երբ պարզ կլինեն արդյունքները: Յուրաքանչյուրն այսօրվա քվեարկության համար անհատապես պատասխանատվություն է կրելու, և մենք հետևելու ենք, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները զգան այդ պատասխանատվությունն ամբողջապես»,- լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը: Նա համոզված է՝ ռազմական դրությունը շարունակում է ծառայել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

Ի պատասխան հարցին,  թե՝ չե՞ք հավատում զինված ուժերի այն պնդմանը, թե այս պահին այդ ռազմական դրությունն անվտանգության խնդիրների լուծման համար է, նա նշեց. «Չեմ հավատում այն քաղաքական թիմին, որը պարզապես իր քաղաքական նպատակների համար օգտագործում է բոլոր բարոյական, անբարոյական, թույլատրելի, անթույլատրելի հնարքները»:

Մեկ այլ մասնակից էլ դիմելով իշխանական խմբակցության պատգամավորներին՝ ասաց.  «Դեռ շատ ուշ չէ իրավիճակը շտկելու համար.  մաս մի՛ կազմեք դավաճանական կառավարությանը: Ռազմաճակատում տարածքներ չեն հանձնվել,  տարածքներ հանձնվել են դավաճանական գրչի միջոցով: Հայ զինվորը միշտ կանգնած է եղել իր սահմանին, հայ զինվորը հերոսաբար պահպանել է իրեն վստահված սահմանը: Հայ զինվորին դավաճանությամբ հարվածել է մեջքից Նիկոլ Փաշինյանը:

Կո՛ղմ քվեարկեք ռազմական դրության հանմանը, մի՛ խոչընդոտեք մեր պայքարին:  Մեր պայքարն անկախ ամեն ինչից՝ շարունակվելու է, մեր պայքարն արդար է:  Հանձնված հողերն ուղղակի հողատարածքներ չէին.  Արցախը սրբազան հայրենիք է և շարունակում է սրբազան հայրենիք մնալ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս