
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին:
ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց Արցախում հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծման և վերջիններիս իրավունքների պաշտպանության ու վերականգնման հրատապությունը:
Ընդգծվեց Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: