Լավրովը հայտարարել է Իրաքում ՌԴ նավթընկերությունների կողմից 13 մլրդ դոլարի ներդրումների մասին
Ռուսաստանյան նավթընկերություններն Իրաքում շուրջ 13 մլրդ դոլար են ներդրել:
Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա Ռուսաստանի խոշորագույն ընկերություններն Իրաքում աշխատում են իրենց գործընկերների հետ միասին: Դա ե՛ւ ԼՈւԿՕՅԼ-ն է, ե՛ւ «Ռոսնեֆտ»-ը, ե՛ւ «Գազպրոմ նեֆտ»-ը, ե՛ւ «Բիշնեֆտ»-ը:
Չորսը միասին ավելի քան 13 մլրդ դոլար են ներդրել Իրաքի տնտեսության մեջ»,-ասել է Լավրովը՝ հանդես գալով նոյեմբերի 25-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Իրաքի իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ բանակցությունների արդյունքները: Նախարարի խոսքով՝ «ե՛ւ մեր, ե՛ւ իրաքցի գործարարների միջեւ առկա են այդ համագործակցությունը շարունակելու պլաններ»:
Նա նաեւ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բավարարել ռազմատեխնիկական ոլորտում Բաղդադի բոլոր պահանջները: Լավրովի խոսքով՝ «մեր երկիրն ավանդաբար խաղացել եւ շարունակում է շատ կարեւոր, նշանակալի դեղ խաղալ Իրաքի պաշտպանունակության, բանակի զինման եւ անվտանգության ուժերի ապահովման գործում, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքների համատեքստում»:
Լավրովը նշել է, որ տեսանելի ապագայում պլանավորվում է Իրաքի պաշտպանության նախարարի այցը ՌԴ: «Վստահ եմ, որ այնտեղ այդ հարցերն առավելագույն չափով կոնկրետ եւ առարկայորեն կքննարկվեն»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Իր կողմից Հուսեյնը հայտարարել է ՕՊԷՔ+ի շրջանակներում Իրաքի եւ Ռուսաստանի լավ համակարգման մասին: «Մեր երկրների միջեւ լավ դրական համակարգում է իրականացվում, ինչը միայն մեծացնում է այդ ձեւաչափի արդյունավետությունը»,-ընդգծել է Իրաքի ԱԳ նախարարը, հավելել է «Ինտերֆաքս»-ը: