«Ռազմական դրությունը շարունակում է մնալ մարդկանց բերանները և դժգոհությունները փակելու գործիք». Անի Սամսոնյան
Նոյեմբերի 10-ին հրապարակված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո իրականացվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի քանի հանրահավաք: Ռազմական դրության պայմաններում զանգվածային միջոցառումներ կազմակերպելու ու անցկացնելու համար՝ ձերբակալել էին, ապա՝ մեղադրանք էր առաջադրվել ընդդիմադիր գործիչների, քաղաքացիների:
Սակայն, երբ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող քաղաքացիներ էին հավաքվել Հանրապետության հրապարակում, ոստիկանները որևէ մեկի չձերբակալեցին, ավելին, հավաքված քաղաքացիների հետ հենց Հանրապետության հրապարակում հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, զրուցեց նրանց հետ, շնորհակալություն հայտնեց իրեն աջակցելու համար: Այս դեպքում իրավապահ մարմինների աչքից վրիպել էր, որ երկրում ռազմական դրություն է հայտարարված, որ ռազմական դրության պայմաններում հավաքների անցկացումն արգելված է:
Վաղը ԱԺ-ում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել, օրակարգում Ռազմական դրությունը չեղարկելու հարցն է:
Ռազմական դրության ժամանակ հավաքների անցկացումը թույլատրելու վերաբերյալ երկակի ստանդարտներ կիրառելու մասին լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեցին նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները:
«Ռազմական դրությամբ արգելված է հավաքներ կազմակերպել, անցկացնել, բայց մենք տեսնում ենք, որ դա, հերթական անգամ մոտեցումը դրան լինում է խտրականորեն, որովհետև մենք տեսանք նաև, որ հրապարակում այդպիսի ակցիա եղավ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից, և որևէ մեկը այդ կապակցությամբ բերման չենթարկվեց: Եթե թողնում ենք, որ լինեն հավաքներ, ուրեմն դա պիտի վերաբերի բոլորին: Եթե չենք թողնում, ուրեմն բոլորին պետք է արգելվի և բոլորին պիտի հավասար մոտեցում ցուցաբերվի, որովհետև օրենքը գործում է բոլորի համար:
Վաղը քննարկումից մեզ համար պարզ կդառնա, թե ինչ են մտածում մեր գործընկերները: Ես կարծում եմ, որ մենք կգանք, հույս ունեմ՝ կգանք ընդհանուր հայտարարի, և նրանք կհասկանան, որ այսօր այդ ռազմական դրությունը, ըստ էության, այլևս ոչ մի բանի չի ծառայում, շարունակում է մնալ մարդկանց բերանները և մարդկանց դժգոհությունները փակելու գործիք»,- ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Սիմոնյանը, տեսակետ հայտնեց, թե այս իշխանությունները բազմիցս կիրառել են երկակի ստանդարտներ, ու սա էլ բացառություն չի: Կարեն Սիմոնյանի խոսքով՝ այս պահին ռազմական դրությունն ինքնանպատակ է:
«Վերջիվերջո, սա որևիցե այլ նպատակի, քան ուղղակի մարդկանց լռեցնելուն, չի ծառայում»,- ասաց Կարեն Սիմոնյանը:
Խորհրդարանականները նաև անդրադարձան Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը ՍԴ ուղարկելու վերաբերյալ ԱԺ խորհրդում երեկ կայացրած որոշմանը:
«Պատերազմից հետո Հայաստանում այնքան խնդիրներ են կուտակված: Մենք բոլորս փորձում ենք լուծել գերիների, փորձում ենք զբաղվել անհետ կորածներով, սոցիալ-տնտեսական աղետ է երկրին սպասվում: Բայց նաև հասկանում ենք, որ այս իշխանությունը դասեր չի քաղել նույնիսկ պատերազմի պարտությունից, հակառակ դեպքում չէր շարունակի այս ներքաղաքական բազարների թեման: Սա ներքաղաքական բազար է: Նաև զարմանալի է այն, երբ մենք մեր ԱԺ իշխանական գործընկերներին ասում ենք՝ «եկեք խորհրդի նիստում քվորում ապահովեք, եկեք ԱԺ նիստում քվորում ապահովեք, մենք քննարկենք այն փաստաթուղթը, որը մեզ բոլորիս համար չարիք է դարձել», մարդիկ չեն գալիս: Բայց մարդիկ պատրաստ են գնալ և քվորում ապահովել մի նիստում, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը: Ես չեմ հասկանում՝ սա՞ է այսօր մեր խնդիրը, ինչ-որ մեկին մանդատից զրկելու հա՞րցը: Ո՞ւմ է դա հետաքրքրում»,- ասաց Անի Սամսոնյանը:
Սամսոնյանի խոսքով՝ իշխանության միասնականության կոչերը դատարկ խոսքեր են, որովհետև մի կողմից՝ միասնության կոչեր են արվում, մյուս կողմից՝ խորհրդարանական խմբակցության ղեկավարից ուզում են «մանդատ խլել»:
«Սա ադեկվատ չի իմ կարծիքով: Սա ադեկվատ իշխանության գործելակերպ չի»,- նշեց Սամսոնյանը:
Նշենք, որ իշխանական պատգամավորների խոսքով՝ այս գործընթացը նոր նախաձեռնություն չէ, սկիզբ էր առել դեռ հուլիսին:
«Ու անգամ, եթե այս պրոցեսը, ինչպես իրենք են պնդում, սկիզբ է առել հուլիսին, այս պրոցեսը որևիցե մեկը իրենց չէր ստիպում շարունակել հիմա, մանավանդ այս պայմաններում: Պետք էր սպասել՝ իրավիճակը կայունանա: Եթե կար որևիցե իրավախախտում, ես համոզված եմ, որ հնարավոր բոլոր տարբերակներով դրա առաջը կառնվեր, բայց ոչ այս պայմաններում, ոչ այս իրավիճակում»,- նշեց Սամսոնյանը:
Կարեն Սիմոնյանն էլ նշեց, որ այս գործընթացը պարզապես անիմաստ էներգիայի կորուստ է, ու որևէ պետական ինստիտուտ դրա արդյունքում չի շահում:
«Եվ բացի այդ՝ ո՞ւմ է օգուտ տալիս: Պետությա՞նը, փախստականների՞ն, մարդիկ, ովքեր սոցիալական խնդիրներ ունեն, օգուտ ունե՞ն դրանից: Որևիցե պետական ինստիտուտ դրանից շահո՞ւմ է: Մենք չենք շահում: Անիմաստ էներգիա է ծախսվում, որ այս պահի դրությամբ ԱԺ-ն կատարում է, որովհետև մենք ունենք խնդիրներ, որոնք հրատապ են օր առաջ լուծելու համար: Մենք պետք է այդ խնդիրները լուծենք այսօր: Ինչո՞ւ ամբողջ Ազգային ժողովի հնարավորությունները ծառայեցնել մի հատ անիմաստ նպատակի համար, որը որևիցե օգուտ պետությանը այս պահին չի տալիս»,- ասաց պատգամավոր Կարեն Սիմոնյանը: