«Նավթամուղերին չխփելու համար «Բրիթիշ փեթրոլիումը» շատ էր խնդրել ՀՀ նախագահին». Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ 1994 թվականին թշնամուն հաղթելուց 26 տարի անց Հայաստանը պարտվում է, ինչը ոչ այլ ինչ է, քան ջախջախում։
«Մեր բանակի, բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա՝ ջարդված է։ Ես գաղտնիք չեմ ասում, որովհետև ադրբեջանցիները հաշվում են, իրենց տարածքում են մնացել։ Հասկանում եմ, հիմա մեր ապուշ օպոնենտները կասեն, թե էլի տվյալներ եմ ասում։ Բանակը չկա, սա պարտություն չէ՝ ջախջախում է։ Ինչո՞ւ այսպես եղավ, երեք խումբ պատճառներ կան՝ առաջին խումբ պատճառը քաղաքական է, սա էլ իր ենթակետերն ունի։ Նախ, Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, երկու անգամ նախաձեռնել եմ, որ ճանաչեն Արցախի անկախությունը, սեպտեմբերի 27-ին, պատերազմից երկու ժամ անց, ֆեյսբուքյան իմ էջում գրել եմ, որ անմիջապես սկսեն այդ գործընթացը։ Մինչև հիմա Նիկոլի համարձակությունը չի հերիքում ճանաչի ԼՂՀ անկախությունը, կամ ՀՀ նախագահը, որն իբր թե նախագահ է։ Քաղաքական երկրորդ խնդիրը՝ հակառուսականությունն էր։ Քանի որ այս պահին տարածաշրջանում գնում է դեգլոբալիզացիա, մենք կա՛մ ռուսների, կա՛մ թուրքերի հետ պետք է լինենք, չկա երրորդ ընտրություն, կա՛մ սա մեր գլուխը մտնում է, կա՛մ մեր գլուխը ոչինչ չի մտնում։ Երրորդ ստրատեգիական սխալն՝ Իրանին նեղացնելն էր, այնպես, ինչպես մենք ենք նեղացրել, որևէ մեկը չի նեղացրել։ Իսկ չորրորդ սխալը՝ Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելն էր, իսկ հաջորդ սխալը՝ Չինաստանին ապտակելն էր, ասենք, Տիգրան Ավինյանի մակարդակով ռեգիոնալ Հայաստանն ապտակում էր Չինաստանին։ Չինաստանն ասում էր, որ ինքը հակաթուրքական երկիր է, մենք այդ ի՞նչ պետք է անենք Չինաստանին, որ «յախա» թափ տա ու ասի՝ լավ սրանցից պրծա, սրանցից մարդ դուրս չի գա։ Ես Տիգրան Ավինյանին եմ ասում, բայց նա Նիկոլի հրամաններն էր կատարում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հրանտ Բագրատյանը։
Նախկին վարչապետը նաև շեշտեց՝ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ կարողանում է նույն «նասկին» հագնել հայկական դրոշի գույներով, բայց Տրյուդոն Հայաստանին պատերազմի ժամանակ մեկ փամփուշտ չտվեց։
Նա նաև հավելեց, որ հայկական կողմը պարտվել է հիմնականում անօդաչու թռչող սարքերի պատճառով, մասնավորապես՝ «բարյաքթարների»։
«Հունվարին, երբ հայկական կողմը գնեց «Սու-34» ինքնաթիռները, ես այդպես էլ չհասկացա, թե այս մարդիկ ինչու են այն գնել։ Այն կործանիչ է, որի մեկ հատի արժեքը 30-40 մլն է, չնայած իսկական արժեքն էլ չեն ասել, այն չկիրառվեց և չէր էլ կարող կիրառվել։ Հունվարի 31-ին դրա հետ կապված գրառում արեցի, ինձ ձեռ էին առնում ՊՆ մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայտնի սուտասան Արծրուն Հովհաննիսյանը։ Պատերազմի ժամանակ պետք չէ պանիկա ստեղծել, բայց ճշմարտությունը պետք է ասել։ 20 օր էր, Ջաբրաիլը հանձնված չէր, արա՛ չեք ասում, որ հանձնված է։ 45 օրերին, 44 օր պատերազմը կրում էինք, իսկ 45-րդ օրը կապիտուլյացիա ստորագրեցինք։ Չգիտես՝ ինչու ու ում խելքով ստեղծվում է կենտրոնացված հակաօդային պաշտպանություն, փոխանակ ցրեն։ Հունիսի 1-ին հայտարարում եմ՝ խելքի եկեք, պատերազմը սկսվում է, բա այսքանից հետո երկրի ղեկավարությանը չկախե՞ս, լինի վարչապետ, Պաշտպանության նախարար, նախագահ։ Նույնիսկ Պաշտպանության փոխնախարարներից մեկը ինձ ձեռ էր առնում, որ, եթե չես հասկանում՝ մի խոսա, հիմա ո՞վ էր հասկանում, գյադա, լակոտ։ Մեր տրամադրության տակ կար «Իսկանդեր», որը չօգտագործվեց, որի պարագայում էլ մենք ենթարկվեցին կապիտուլյացիայի։Մենք, չգիտես ինչու, խփում ենք Գյանջային, փոխանակ խփեինք նավթամուղերին, հետո իմացա, որ նավթամուղերին չխփելու համար «Բրիթիշ փեթրոլիումը» շատ էր խնդրել ՀՀ նախագահին»,- ասաց Հրանտ Բագրատյանը։