«Էս մարդը չի հասկացել, որ ինքը պետք է էդ ընդդիմադիրի դերից դուրս գա». Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին:

Արթուր Վանեցյանը և Գեղամ  Մանուկյանը կարճ երկխոսության մեջ կարևորեցին անհայտ կորած զինծառայողների  հարցը:

«Ամենակարևոր հարցը անհայտ կորածների հարցն է, այսօր մենք ուրիշ հարց չունենք: Երկիրը բարձիթողի վիճակում…»,- նշեց Արթուր Վանեցյանը:

Կիմ Բալայանի հետ առանձնազրույցում  նա նշեց. «Ծայրահեղ քայլի եք գնացել, պետք է բոլորս Ձեզ տոկունություն մաղթենք, պինդ լինենք, մինչև կարողանանք հասկանալ-տեսնել՝ ինչ ենք անելու»:

ՍԴ նախկին անդամը նկատեց. «Ես կարծում եմ՝ մեր հայրենիքն այնպիսի վիճակում է, որ մենք այլ ելք չունենք, իրոք ծայրահեղ քայլերի էլ պետք է գնանք, որովհետև մենք շարունակում ենք հայրենիք կորցնելը»:

«Այո՛, մեր հանրությունը պետք է հասկանա և արթնանա այն քնից, որում երկուսուկես տարի է՝ մանիպուլյատիվ կերպով մտցրել են մեր հանրությանը: Խաբում ու խաբում, մանիպուլյացնում հասարակական կարծիքը, որի հետևանքով ունեցանք այս արհավիրքը»,- արձագանքեց Արթուր Վանեցյանը:

Կիմ Բալայանը հարցադրումներ հղեց ԱԱԾ նախկին տնօրենին. «Ես ձեզ հետ համաձայն եմ ձեր փաստարկների մեջ, բայց, ի վերջո,  բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ հանձինս  ՀՀ գլխավոր դատախազի, ինչո՞ւ մինչև հիմա ՍԴ կարգի տապալման հարցով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրել»:

Ի պատասխան՝ Արթուր Վանեցյանը հայտնեց,  որ պատերազմի 44 օրերի ընթացքում, երբ կորցրեցինք հայրենիքի արցախյան հատվածի 70 տոկոսը, այդ ամենի հետ մեկտեղ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է  մանիպուլյացնել հասարակական կարծիքը. «Այսօր մի նոր թեզ է գցել, որը ես կանվանեմ սրիկայություն, ասում է՝ հանրությունը չողջունեց ընդդիմության պահանջը իմ հրաժարականի, դրա համար ես չեմ ուզում հրաժարական տալ. սա հերթական սևուսպիտակի բաժանումն է, նախկին-ներկա բաժանումն է, բայց հարցը դրա մեջ չէ:

Ու ինքը կարողանում է խաբել:

Ինչու դա պատմեցի՝ հիմա եթե ինչ-որ մի իրավապահ մարմին, որն ի պաշտոնե պարտավոր է իրականացնել իրեն վերապահված լիազորությունները և պատասխանատվության կանչել այս կամ այն անձին՝ անկախ նրա զբաղեցրած պաշտոնից (դրա համար էլ այդ իրավապահ համակարգերն ապաքաղաքական են). պատկերացրեք` Գլխավոր դատախազը, Ազգային անվտանգությունը,  դատարաններ և այլն, ինչ-որ մի բան անեն՝ դուրս է գալու, գոռա-ասի՝ էս նախկինները, ռևանշիստները, էլի մանիպուլյացնելու է հասարակական կարծիքը, էլի մարդիկ փորձելու են ասել՝ փրկում ենք Նիկոլին նախկիններից:

Նիկոլը ի՞նչ է արել. հոգեբանորեն մարդկանց մեջ մտել է խղճի զգացումով. ինքը մեղք է, ինքը միշտ մեղք է: Էն որ ասեց՝ նախապատրաստում էին ինձ սպանել, ինքը շատ լավ գիտեր, որ ոչ մեկը չէր  նախապատրաստվում իրեն սպանել: Տարան մի օրով նստեցրին, ոչ մի ապացույց չբերեցին:  Արդեն 7-8 օր է անցել՝ չեն կանչել քննության,  քննչական գործողություն չեն արել, այսինքն՝ նպատակը ո՞րն էր, որ խղճահարություն ստեղծեր: Էս մարդը չի հասկացել, որ ինքը պետք է էդ ընդդիմադիրի դերից դուրս գա, և դառնա պետական գործիչ, պետականամետ մարդ, պետություն սիրող, հարգող, պետության կարիքներով ապրող:

Ու ոչ մի փաստարկ չի բերվում՝ ինչի՞ էսպես եղավ, այլ բերվում է մի բան՝ այ սրանք պաշտոնի կռիվ են անում. դուք պաշտոնի կռիվ ե՞ք անում, եկել եք ծայրահեղ քայլի եք դիմել, Գեղամը պաշտոնի կռի՞վ է անում, ես պաշտոնի կռի՞վ եմ անում…»:

«Ես թոշակի անցնելուց հետո բազմաթիվ առաջարկներ եմ ստացել այլ տեղեր աշխատելու, չեմ համաձայնվել՝ բազմաթիվ պատճառներով, բայց ձեր ամբողջ ասածը ես մեկ նախադասությամբ կբնութագրեի, որ Նիկոլ Փաշինյանը չի վերադարձել իրատեսական կյանք: Նա դեռ պոպուլիստական կյանքի մեջ է: Իսկ ինչ վերաբերում է այն վիճակին, որ այսօր ստեղծվել է, դրա մեջ բոլորս՝ այդ թվում նաև ես, ունենք մեր մեղքի մեծ բաժինը»,- արձագանքեց Կիմ Բալայանը:

«Երևի ամենամեծ մեղքի բաժինն էլ ես ունեմ»,- նշեց Արթուր Վանեցյանը:

Կիմ Բալայանը նշեց, որ ժողովրդին պետք է ասել, որ սխալվել են. «Եթե հիշում եք՝ 2018 թվականի մայիսի 2-ին, երբ առաջին քվեարկությունը պետք է լիներ խորհրդարանում, ինձ հրավիրել էին Հ1, որպեսզի ես բացատրեմ, թե Սահմանադրությունն ինչ կարգով է վարչապետի նշանակումը նախատեսում: Եվ երբ որ հարց տվեցին՝ պարո՛ն Բալայան, ի՞նչ է լինելու, եթե հանկարծ այսօր չընտրեն Նիկոլ Փաշինյանին, ես ասեցի՝ Աստված չանի, որ այսօր չընտրեն:

Իմ մտահոգությունը մի բան էր, որ հանկարծ քաղաքացիական պատերազմ չլինի. մերոնք չսկսեն հայը հայի արյուն թափելը (էդ առումով կարծում էի. որ եթե ժողովուրդը ցանկություն ունի, ուրեմն պետք է խորհդարանն ընտրի): Բայց այսօր այս նույն ժողովուրդն ասում է՝ դու մեզ տվեցիր հինգ հազար հերոս տղաների զոհ,  կրճատեցիր մի ամբողջ սերունդ, տապալեցիր մեր արտաքին և ներքին քաղաքականությունն ամբողջությամբ, մեկուսացրեցիր մեր պետությունը միջազգային հարաբերություններում, և իմ համոզմունքը նա է, որ ինչքան շուտ ինքը հրաժարական տա, այնքան կշահի մեր ժողովուրդը:  Ի վերջո, ժամանակն է, որ գա մարդ, որը կկարողանա միջազգային արենայում մեր երկրի ինքնասիրությունը պահել:  Չկա մի հայ, որն այսօր կորցրած չլինի իր հպարտության զգացումը՝ ուզում է արտասահմանում լինի, ուզում է՝ Հայաստանում»:

«Ամեն ինչ անելու ենք, Ձեզ տոկունություն, պինդ եղեք, առողջ եղեք»,- եզրափակեց «Հայրենիք» կուսակցության նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս