
Մեքսիկայում պատմել են «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի շուրջ բանակցությունների մասին

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, ինչպես սպասվում է, Մեքսիկայում կանցկացվի հենց որ ռուսաստանյան մշակողները թույլտվություն ստանան մեքսիկական կարգավորիչ մարմիններից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Մեքսիկայի դեսպան Նորմա Պենսադո Մորենոն: Սեպտեմբերին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Landsteiner Scientific դեղագործական ընկերությունը հայտարարել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի 32 միլիոն չափաբաժին Մեքսիկա մատակարարելու շուրջ համաձայնագրի մասին:
Միեւնույն ժամանակ Մեքսիկան համագործակցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ուրիշ արտադրողների հետ, ինչպիսիք են բրիտանական AstraZeneca-ն, ամերիկյան Pfizer-ը եւ չինական CanSino Biologics-ը, նշել է Պենսադոն: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «էպիՎակԿորոնա»-ն, գրանցվել է հոկտեմբերի 14-ին:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել է իր պատվաստանյութը: Այս պատրաստուկն այժմ գտնվում է կլինիկական փորձարկումների փուլում Ինչպես սպասվում է, պատվաստանյութը գրանցում կարող է ստանալ մինչեւ տարեվերջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: