
Նիկոլ Փաշինյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարան, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին:
Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները:
Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։
Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու և ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները:
Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով: