Reuters. Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ
Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ, News.am-ի հաղորդմամբ՝ գրում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը: Հակասությունները կապված են թուրքական կողմի` միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտորդական կետ բացելու ցանկության հետ, փոխանցում է ՌԲԿ-ն:
Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները հուշագիր էին ստորագրել համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին, որը վերահսկողություն կիրականացնի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Այն տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում: Միևնույն ժամանակ, ռուս խաղաղապահները 23 դիտակետ են տեղակայել տարածաշրջանում:
Reuters-ի փոխանցմամբ` Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ դիտորդական առաքելության պարամետրերի շուրջ բանակցությունները շարունակվում են: Սակայն Անկարան պնդում է մոնիտորինգի միասնական կենտրոնից անկախ սեփական դիտակետի ստեղծումը: «Ռուսաստանը համարում է, որ պարտադիր չէ, որպեսզի Թուրքիան դիտակետ տեղակայի տարածաշրջանում, որն անկախ կլինի միասնական կենտրոնից: Սակայն դա սկզբունքային նշանակություն ունի Թուրքիայի համար»,- գործակալությունը մեջբերում է զրուցակցին թուրքական կողմից:
Աղբյուրը մանրամասնել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, և Թուրքիան փոխզիջումային լուծման է ապավինում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թուրք խաղաղապահները կհետևեն, թե ինչ է կատարվում բացառապես Ադրբեջանի տարածքում և չեն գնա Լեռնային Ղարաբաղ: