Արգիշտի Քյարամյանն Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանել հայերեն իմացող ադրբեջանցիների. Գառնիկ Իսագուլյան
«Հոկտեմբերի 19-ի, լույս 20-ի գիշերը, երբ Վլադիմիր Պուտինն առաջարկել է զինադադար՝ այն պայմաններով, որը միանգամայն ձեռնտու էր, ինչո՞ւ չի համաձայնել Նիկոլ Փաշինյանը, ով մամլո խոսնակի և Լենա Նազարյանի հետ գտնվել է անհասկանալի վիճակում, զանգել են Աննա Հակոբյանին և Սամվել Բաբայանին, որոնք բունկերում են եղել անհասկանալի վիճակում: Սարքելու են մեծ օպերացիա, որի ժամանակ ունենալու էին մեծ հաղթանակ, Նիկոլն էլ կայֆի տակ մերժել է Պուտինի առաջարկը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ ստուգել Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր հեռախոսներից արված զանգերը Սամվել Բաբայանին, Աննա Հակոբյանին և մյուսներին: Պարզել, թե որտե՞ղ են գտնվել Աննա Հակոբյանը և Սամվել Բաբայանը, Լենա Նազարյանը, Նիկոլ Փաշինյանն ու իր մամլո խոսնակը և ի՞նչ վիճակում են եղել:
«Խնդրում եմ ԱԱԾ-ին՝ ազնիվ եղեք, ասեք, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրը ի՞նչ վիճակում է գտնվել և ինչո՞ւ է հարբած կայացրել այդ որոշումը, որը հետագայում բերեց զոհերի և Արցախի հանձնմանն ու այդ ստորացուցիչ պայմանագրի կնքմանը: Ինչո՞ւ չեն կազմակերպել ՄՈԲ, հետո այդ մարդկանց թույլ չեն տվել ճակատ, ինչո՞ւ են Խաչատուրովին մերժել, որ թիկունքից կտրի ադրբեջանցիների հարձակումը: Հարցադրումներից պարզ է դառնում, որ տեղի է ունեցել կոլեկտիվ դավաճանություն: Ի՞նչ է արել այդ ժամանակ արդեն Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Երբ ուսումնասիրում ես Ֆեյսբուքի էջերի խրոնիկան, հարց է, թե ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հեռացրել շատ օրերի բաներ (գրառումներ,- Ա.Կ.). պատճառը ո՞րն է: Սքրինշոթեր արված կլինեն ու պարզ կերևա, թե այդ մարդիկ հոկտեմբերի 19-ին ինչ են գրել իրենց ֆեյսբուքյան էջերում»,- ասաց Գ․ Իսագուլյանը:
«Զարմանում եմ այսօր ընդդիմության գործունեության վրա: Հիմա էլ Նիկոլն է մանիպուլյացիա անում և օրակարգ է իջեցնում կեղծ հարցադրումներ, և փոխանակ դրան հստակ պատասխան տան ընդդիմադիր ուժերը, զարմանում եմ, որ խուսանավում են: Հարցերից մեկն այն է՝ եթե նորերը գնան, կգան հները, կամ՝ հնին վերադարձ չկա: Այսինքն, վերադարձ արցախյան ազատամարտի հաղթանակին չկա՞, վերադարձ Քոչարյանի՝ տնտեսական աճի 10 տարիներին չկա՞, վերադարձ Սերժ Սարգսյանի՝ 10 տարիների ընթացքում միջազգային հարաբերությունների ձեռքբերումների՞ն: Եթե ասում են՝ հնին վերադարձ չկա, ապա իրենց մեջ չկա՞ մեկը, որ նոր է: Եթե իրենք իրենց նոր են համարում, ապա իրենց մամաներն ու պապաները շատ-շատ հին են»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Նրա կարծիքով՝ վերադարձ հնին՝ նշանակում է՝ վերադարձ արցախյան ազատամարտի հաղթանակին, Արցախի զարգացմանը:
«Չե՞ք ուզում այդ Արցախը վերադառնա: Երբ անձերի նկատի ունեն՝ թող հստակ ասեն: Իսկ երբ ասում են՝ վերադարձ հնին չկա, դա ի՞նչ է նշանակում: Սա կեղծ օրակարգ է, որ նետել է Նիկոլը, և, ցավոք, ընդդիմությունն այդ կուտը կերել է: Հիմա, եթե ասում են՝ վերադարձ հնին չկա, հարց է առաջանում՝ եթե ոչ՝ Նիկոլը, ապա ո՞վ: Դա կարող է լինել Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը, Գառնիկ Իսագուլյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը..․ որոնց օրոք կորուստ չենք ունեցել: Հետո ասում են՝ սրանք պայքարում են իշխանության համար. բա եթե իշխանություն չունենան՝ ո՞նց կարող են իրավիճակ փոխել: Ես պայքարում եմ իշխանության համար, որովհետև այն գտնվում է պետական դավաճանների, հայրենիքը ծախածների ձեռքում: Բոլորը, չգիտես ինչու, խույս են տալիս. բա որ իշխանության համար չեք պայքարում, ինչո՞ւ եք դուրս եկել»,- հարց բարձրացրեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:
Գ. Իսագուլյանը հետաքրքրվեց նաև.
«Եթե հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության նախարարությունը զեկուցել են, որ երկարատև պատերազմի չենք կարող գնալ, ուզում եմ իմանալ՝ այդ օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդակցե՞լ է Օնիկ Գասպարյանի հետ, թե՞ ոչ: Եթե ոչ՝ ինչո՞ւ հրաժարական չի տվել: Ինչո՞ւ չեք կալանավորել նրան: Լավ, հիմա հասարակությանը կարելի է ասել, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի մայրը տառապել է հոգեկան հիվանդությամբ, 12 տարի գտնվել է հոգեբուժարանում, Նիկոլը ժառանգել է այդ հոգեկան հիվանդությունը: Ցանկացած հոգեբանի հարցրեք՝ նման մարդկանց մանիպուլյացիա անելը, տանելը այն ուղղությամբ, որը անհրաժեշտ է: Հիմա նրան պահում են մինչև դեկտեմբերի 15-ը, որպեսզի կատարի մնացած գործողությունները՝ ի նպաստ Թուրքիայի ու Ադրբեջանի»:
Գառնիկ Իսագուլյանը ընդգծեց՝ շատ են խոսում թիկունքից Հադրութ մտնելու մասին.
«Հադրութ թիկուքից մտել է 400 հոգի, որոնք Նախիջևանից Քաջարանով անցել են Արցախ ու հանգիստ գնացել են մինչև Հադրութի թիկունք, և դա ապահովել է ՀՀ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների: Սա արել է Արգիշտի Քյարամյանը: Դա փորձեցին կոծկել, մի ժամանակ նրան պահել են Շուշիի բանտում: Ինչո՞ւ հետո ազատեցիք. որովհետև Նիկոլը հասկացավ, որ, եթե Արգիշտի Քյարամյանը պետական ու հայրենիքի դավաճանության համար այդ գործով մեղադրվելու է, դա գնում է իր և իր Աննա Հակոբյանի վրա: Ասե՛ք իրականությունը, եթե ոչ, ես խոստանում եմ մեկ շաբաթից անուններ հրապարակել, թե ովքե՞ր են եղել բունկերում»:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի խոսքով՝ այս ամենին տեղյակ է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով «ճարտարապետներից, նախագծողներից մեկն է»: