Բաժիններ՝

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 68 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության ծրագրի շահառու են Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Արցախ վերադարձած Արցախում հաշվառված քաղաքացիները:

Եթե շահառուն չունի սեփականության (այդ թվում բաժնային) կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), ապա շահառուին տրվում է լրացուցիչ աջակցություն (կեցավայրի ծախսերի փոխհատուցում)՝ միանվագ դրամական օգնության չափն ավելացնելով 15 000 ՀՀ դրամով

Աջակցություն տրամադրողը (նշանակում և վճարում է)՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)

Տրամադրման եղանակը և դիմելու ժամկետը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը օոliոe.ssa.am կայքէջից մուտք գործելով համապատասխան ծրագրային միջավայր՝ Ծառայություն ներկայացնելով համապատասխան տվյալներ:

Ծառայություն ներկայացվող տվյալները

1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը:

2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը:

3) շահառուի (2-րդ կետում նշված դեպքում՝ ծնողի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը:

Դիմումը մերժելու հիմքերը

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին):

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում:

3) շահառուն չունի Արցախի հաշվառում:

4) դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, և ծնողը չի հանդիսանում Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու:

5) շահառուի համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած որևէ ժամանակահատվածի համար, կամ նույն ժամանակահատվածում նա Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր (2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանդիսացել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր կամ որպես անհատ ձեռնարկատեր գործունեությունը դադարեցրել է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում):

6) շահառուի անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ:

7) շահառուն արական սեռի է, ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 10-ից (ներառյալ) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 27-ը (ներառյալ) և չունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն:

8)2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահառուն ունի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք, և 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի չափը կազմում է 68000 դրամից ավելի:

9) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների՝ շահառուն 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում:

10) շահառուի համար առկա է հաստատված դիմում:

Ծառայությունը դիմումը մերժելու, հաստատելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ hաշվարկված դրամական օգնության չափը (այդ թվում՝ 15 000 ՀՀ դրամի չափով լրացուցիչ աջակցության գումարը՝ առանձնացված)

Աջակցության գումարի վճարվան եղանակն ու միջոցը՝ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով, շահառուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, Ծառայության կողմից շահառուի բջջային հեռախոսահամարին աջակցությունը ստանալու մասին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելուց հետո

Միանվագ դրամական օգնությունն ու լրացուցիչ աջակցությունն ստանալու վերջնաժամկետը՝ 2021 թվականի մարտի 1-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս