«Սա նոր պարտությունների սկիզբ է, եթե այս իշխանությունը մնա». Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատում է հետաքրքիր ձևով: Ասածն ամբողջացնելու համար Արա Վարդանյանը հիշեցրեց նախորդ տարի կառավարության մի նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե տեղեկություններ ունեն, որ Արցախում որոշ դավադիր գեներալներ հրահրելու են պատերազմ, որի արդյունքում պարտվելու ենք:

«Անցավ որոշ ժամանակ և, ցավոք սրտի, հայ ազգը կրեց իր պատմության երևի ամենախայտառակ պարտություններից մեկը»,- ասաց Արա Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ սա խայտառակ պարտություն է, որովհետև այլ բան է՝ պարտվել արդար կռվում, այլ բան է՝ երբ «քեզ քո ղեկավարությունը տանում է դեպի պարտություն»: Ըստ Վարդանյանի՝ Մովսես Հակոբյանի բացահայտումներն էլ հենց դրա մասին էին:

«Մովսես Հակոբյանը, փաստորեն, բոլորիս ասաց, որ, ցավոք սրտի, մեր երկրի իշխանություններն արել են իրենցից ամեն հնարավորը, որպեսզի մենք պարտվենք այս պատերազմում: Կասկած չունեմ, որ նրա ասածների հիման վրա պետք է բազմաթիվ քրեական գործեր հարուցվեն, և բոլորը պատասխան տան: Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս՝ մենք պետք է հասկանանք՝ ով է իրականում երկրի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Աննա Հակոբյանը: Ես արդեն չեմ հասկանում, ճիշտն ասած: Երկու դեպքում էլ դժբախտություն է:

Ամենակարևորն այն է, որ մենք պիտք է հասկանանք, ժողովուրդը նաև պետք է հասկանա, որ այս պարտությունը չվերջացավ միայն այդ պարտությունով: Սա նոր պարտությունների սկիզբ է, եթե այս իշխանությունը մնա»,- ասաց Վարդանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենի խոսքով՝ այժմ աշխարհը հետաքրքրությամբ հետևում է, թե արդյո՞ք հայոց ազգը պատրաստ է հանդուրժել պարտված իշխանության: Ըստ Վարդանյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ականատեսն ենք լինելու ՀՀ-ի պատմության մեջ արտագաղթի երկրորդ խոշոր ալիքին:

«Մենք պետք է հասկանանք, որ առանց այդ էլ բավականին քիչ բնակչություն ունեցող երկրի համար սա կարող է կործանարար լինել: Դրա համար պետք է շատ արագ փոխել այս իշխանությունը և, գիտե՞ք ինչ, ես չեմ ասում, որ փոխել է պետք փողոցով, փոխել է պետք ակցիաներով: Ես ասում եմ, որ այս իշխանությունը պետք է հեռանա: Այս իշխանությունն այն իշխանությունն է, որը նվեր է տվել թուրքերին»,- նշեց Արա Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս