Բաժիններ՝

Դժվարություններ հանդիպում են յուրաքանչյուրի կյանքում, սակայն փորձությունները, որ տրվում են քրիստոնյային, նպատակային են

Սուրբ Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Անդրեաս և Սուրբ Փիլիպպոս առաքյալների հիշատակի օրը։

Երկու առաքյալներն էլ իրենց կյանքով և անգամ նահատակությամբ օրինակ են մեզ՝ քրիստոնյաներիս համար։ Նրանք օրինակ են Փրկչի հանդեպ անսպառ հավատարմության և սիրո։

Հովհաննեսի Ավետարանում կարդում ենք, որ Քրիստոս «… գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ ետևից»» (Հովհաննես 1։43)։ Այս երևույթը կատարվում է նաև յուրաքանչյուրիս կյանքում։ Մեզ թվում է, թե մենք ենք գտնում Աստծուն, մինչդեռ իրականում, ի պատասխան մեր որոնումներին, հենց Քրիստոս է գտնում մեզ և հրավիրում. «Արի՛ իմ ետևից»։

Մեզ է թողնված կամքը՝ գնալու, թե տեղում մնալու՝ Փրկչին չհետևելու։ Ակնհայտ է միայն այն, որ Քրիստոսին հետևողների ուղին լի է փորձություններով, որի արդյունքում իրական է դառնում աստվածհայտնությունն ամենքիս կյանքում։ Այդ դժվարությունների պահին մեզ օգնության է գալիս Քրիստոսի խոսքը, թե «Արի՛ իմ ետևից»։ Եվ հիշելով, որ մեր դժվարությունները բնավ աննպատակ չեն, պատվով ենք հաղթահարում դրանք՝ Քրիստոսով զորացած։

Բոլոր անլուծելի իրավիճակներում, երբ խնդրում ենք Աստծո առաջնորդությունը, փրկությունը կամ օգնությունը, հիշում ենք, որ ունենք շնորհը Քրիստոսին հետևելու, որ թեկուզ և բարդ է ճանապարհը, սակայն տանում է դեպի Լույսը և Փրկությունը։

Ի՞նչ կլինի, եթե մնամ տեղում և չհետևեմ Քրիստոսին՝ կհարցնենք։ Քրիստոսին դրանից ոչինչ չի պատահի, Նրան ոչինչ չպատահեց մինչև անգամ մատնության պարագայում, սակայն ինչ կպատահի մեզ՝ դժվար է ասել։ Մի՞թե առանց Քրիստոս մեր ուղին նույնչափ լուսավոր է և նպատակային, մի՞թե չի բացակայում իմաստը։ Դժվարություններ հանդիպում են յուրաքանչյուրի կյանքում, սակայն փորձությունները, որ տրվում են քրիստոնյային, նպատակային են։ Փորձությունների միջոցով է, որ ճանաչում ենք Աստծուն, մոտենում Նրան։

Այո՛, Քրիստոս մեզ տալիս է ընտրության հնարավորությունը, միաժամանակ ընտրում յուրաքանչյուրին, ով կընտրի Նրան։ Ուրեմն՝ այս ընտրության առաջ կանգնելիս՝ մենք էլ հետևենք խոհեմ առաքյալների օրինակին՝ դառնալով Քրիստոսի արժանի հետևորդներ։ Գիտակցելով, որ հեշտ չէ քրիստոնյայի ուղին՝ միաժամանակ հավատանք լուսավոր հաղթանակին, որ մշտապես տրվել է յուրաքանչյուրին, ով անսալով Տիրոջ կանչին՝ պատասխանել է՝ քո ծառան եմ Տեր:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս