«Նիկոլը ցույց տվեց իր իրական դեմքը. ի վերջո, նրա մեջ արթնանալո՞ւ է հայը». Նաիրա Կարապետյան

«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պետք է գտնի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար. հիմա հարց՝ ինչպե՞ս ստացվեց, որ այդ լուծումը միայն Ադրբեջանի ժողովրդի համար է ընդունելի: Նիկոլը ցույց տվեց իր իրական դեմքը՝ այն, որ ինքը եկել է ստի վրա և շարունակում է 2.5 տարի պաշտոնավարել ստի վրա»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները մի ստորագրությամբ ի չիք դարձան. «Մենք կորցրեցինք տարածքներ, գյուղեր, որտեղ անգամ մի կրակոց չի հնչել, որևէ պարագայում, որևէ փաստաթղթում Շուշին չի եղել: Մենք այսօր չունենք Շուշի, մենք այսօր ունենք սարսափելի տեսարան՝ ստահակ թուրքը նստած է սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի գլխին. այդ ո՞ր փաստաթղթում էր դա նշվում: Իր սուտը հերքում է իր իսկ ենթակայության տակ գտնվող ԱԳՆ-ն, իր սուտը հերքում է նույնիսկ ՌԴ նախագահ Պուտինը:

Երկրի դե յուրե ղեկավարը ինչպե՞ս է համարձակվում իր հանրային խոսքում նման հրեշավոր ստեր ասել: Ես չեմ կարողանում պատկերացնել մի ժողովրդի, որը կարող է հանդուրժել ոչ միայն կապիտուլյացիան, ոչ միայն պարտությունը, թեև այստեղ ևս կան վերապահումներ՝ պարտությունը լինում է լիակատար, ուժերը ճիշտ չհաշվարկելուց, ռազմի դաշտում, իսկ սա թղթային պարտություն էր…

Նա հնչեցնում է թվեր և գաղափարներ, որ ստորագրությունը դրվել է, որպեսզի փրկվի 20-25 հազար զինծառայողների կյանք, բայց ես չեմ կարծում, որ այդ թվով կռվող ունենալով՝ մենք կարող էինք ստորագրել այդ խայտառակ փաստաթուղթը: Առանց բանակցելու, առանց փորձելու պոկել գոնե Շուշին, որը սիմվոլ էր, որը Ադրբեջանի՝ այս պատերազմը սանձազերծելու մեծագույն նպատակն էր»:

Նաիրա Կարապետյանի խոսքով՝ բեկումը եղել է հենց Դուշանբեի վերելակում. «Դուշանբեում մենք կորցրինք հնարավորությունը ունենալու մշտադիտարկման այն մեխանիզմները, որոնք գոնե կփորձեին ապացուցել աշխարհին, թե ով սկսեց պատերազմը: Բանակցային սեղանին ամենավատ փաստաթուղթը, որ եղել է, եղել է 7 շրջանների վերադարձը: Երբ Փաշինյանն ամպագոռգոռ բղավում է, թե բոլոր ժամանակներում 7 շրջանների վերադարձը եղել է, ինքն իրեն հարց չի՞ տվել՝ ինչո՞ւ դա ստորագրված չի եղել: Փաստացի հայկական կողմից այդ շրջանների վերադարձի համաձայնություն չի եղել՝ առանց ֆիքսելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Բանակցվել են՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, իսկ Փաշինյանի օրոք դա դարձավ տարածքներ՝ խաղաղության դիմաց, իսկ պատերազմի ժամանակ՝ տարածքներ՝ կռիվը դադարեցնելու դիմաց: Որևէ փաստաթղթում չկար, որ մենք պետք է կորցնենք մեր հայրենիքի մասը՝ Հադրութը՝ իր հարակից շրջաններով և գյուղերով, Մարտունին՝ իր գյուղերով, Ստեփանակերտից Մարտակերտ տանող կենսական ճանապարհի վրա գտնվող գյուղերը: Հայաստանն իր վրա հանձնառություն է վերցրել կառուցելու նոր ճանապարհ, որը կկապի Նախիջևանը Ադրբեջանի հետ՝ Մեղրիով: Եթե բացվում են բոլոր ենթակառուցվածքները և ճանապարհները, դա ենթադրում է ոչ միայն Մեղրին»:

Նախկին պատգամավորն ընդգծեց՝ երբ Արցախում տղաները կռվում էին, Հայաստանում էլ պետք էր դիվանագիտական դաշտում կռիվ տալ՝ Արցախի ճանաչման համար.

«Ես չեմ ուզում բաժանել՝ ընդդիմություն-իշխանություն, որովհետև մենք կորցրել ենք մեր հայրենիքի բաղձալի մասը, բայց հուշումներ բազմիցս եղել են՝ ճանաչել Արցախի անկախությունը: Եթե լիներ դիվանագիտական աշխատանք, ոչ թե փոքրատառով արծրունհովհաննիսյանական «հաղթելու ենք»-ը… մենք պետք է նախ խոսեինք ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ որպես համանախագահ պետություններ, բոլոր այն պետությունների հետ, որոնց հետ ունեինք բարիդրացիական հարաբերություններ: Այդ ալիքը, որ բարձրացել էր տարբեր քաղաքային խորհուրդների կողմից, լավագույն առիթն էր սկսելու պետական մակարդակով այդ կոնսուլտացիաները»:

Նաիրա Կարապետյանի գնահատմամբ՝ միակ հույսն այս պահին գոնե մեկ գյուղ, գոնե մեկ շրջան վերադարձնելն է՝ ճիշտ բանակցելու դեպքում.

«Դա մեզ կտա ոչ միայն դիրքերի փոփոխություն, ոչ միայն ֆիզիկապես վերադիրքավորում, այլև հոգեկան փոքրիկ հույս՝ ապրելու, շնչելու: Իսկ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ, նա հանդգնում է ճանապարհային քարտեզ ներկայացնել, որտեղ քայլեր են, որոնք պարտադիր կիրառում ունեն ցանկացած կառավարության համար: Քանի որ նա ունեցել է մեծ ազդեցություն ժողովրդի լայն մասսաների վրա ազդելու, նրան թվում է, թե հասարակությունը մնացել է նույն մակարդակին, ինչ 2.5 տարի առաջ էր: Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա բանակցել, որովհետև պարտվողը չի կարող առաջնորդ լինել: Թեկուզ, եթե ընդունենք, որ նա ամենալավ մարդն է, ամենաբարի ցանկություններն ուներ, նա գնալու է Ալիևի հետ խոսելո՞ւ: Նա չի կարող բանակցել, ի վերջո, նրա մեջ արթնանալո՞ւ է հայը, ի վերջո, հասկանալո՞ւ է, որ իր հրաժարականով նա ոչ միայն կորցնում է իր աթոռը, իշխանությունը, բարեկեցիկ կյանքը, այլ հնարավորություն է տալիս շտկելու այն, ինչ եղավ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս