Մեր երկրի մշտական բնակչությունը
Պատերազմն ավարտվում է: Կամ՝ բոլոր իմաստներով՝ տարօրինակ ավարտ է մոտենում: Հետևաբար՝ արդեն կարելի է ներկայացնել ու վերլուծել մեր երկրի սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական տվյալները: Հատկապես, որ այդ տվյալները պաշտոնական են:
Վերջին տարիներին մեր Վիճկոմիտեն ամեն տարի հրապարակում է «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հոկտեմբերի 1-ի դրությամբ»: Այս տարվա պաշտոնական հաշվետվության սպասումն այլ էր: Խոսքը պատերազմի ժողովրդագրական հետևանքների մասին չէ: Այդ հետևանքները նկատելի կդառնան առաջիկա մեկ-երկու տարում:
Այս տարի պիտի նկատելի լիներ համավարակի հետևանքները: Առաջին հերթին՝ երկրում առկա բնակչության քանակը պիտի որ աճեր սահմանների փակ լինելու պատճառով: Նույն պատճառով պիտի որ դրական լիներ ժողովրդագրական (անսովոր՝ աչքի ու ականջի համար՝ կոպիտ) «Միգրացիայի մնացորդ» ցուցանիշը: Այն այս տարի իսկապես բացասական չի, բայց մեծ էլ չի՝ 2.8 հազար: Իսկ հիմա բացարձակ թիվը՝ այս տարվա հոկտեմբերի 1-ին ՀՀ բնակչության թվաքանակը 2 մլն 967 հազար 900 մարդ է: Անցած տարվա համեմատ՝ աճը 10.4 հազար է: Միանգամից ասենք, որ սա բնական հավելաճի արդյունք չէ:
Ծնունդների քանակական առավելությունը գրանցվող մահերի համեմատ տարեցտարի նվազում է: Համեմատենք վերջին չորս տարիների թվերը: 2017թ. հոկտեմբերի 1-ին բնական հավելաճը 7 հազար մարդ էր: 2018թ.-ին՝ 7.4 հազար: 2019-ին այն նվազեց՝ 6.9 հազար, իսկ այս տարի անկումը շատ ավելի կտրուկ է՝ 5.4 հազար: Սա է կարծես սեպտեմբերի 21-ին իշխանությունների հրապարակած 2050թ․ երկրի բնակչության թիվը 5 մլն-ի հասցնելու ծրագրի պատասխանը: Կամ՝ հերքումը, եթե կուզեք:
Իսկ հիմա հերթով տեսնենք, թե որ տարածքներին է բաժին հասել 10.4 հազարանոց աճը:
Առյուծի բաժինը, բնականաբար, մայրաքաղաքինն է, ու բնակչության թվաքանակն ավելացել է 8.6 հազարով: Բնակչության աճ արձանագրվել է ընդամենը հինգ մարզում: Արմավիրի բնակչությունն անցած տարվա համեմատ աճել է 1.3 հազարով: Արարատի մարզի բնակչությունն ավելացել է ուղիղ մեկ հազարով: Կոտայքի մարզի աճը 500 բնակիչ է, Գեղարքունիքի մարզինը՝ 200: Մնացած հինգ մարզերում բնակչության քանակը նախորդ տարվա համեմատ պակասել է: Ամենամեծ տեմպով պակասում է Սյունիքի բնակչությունը: Այն այս տարի կազմել է 137.4 հազար մարդ, ինչն ուղիղ հազար բնակչով պակաս է նախորդ տարվանից: Կրճատման երկրորդ ցուցիչը Շիրակի մարզինն է, ուր նախորդ տարվա համեմատ պակասել է 700 բնակչով: Անցած տարի մեր վիճակագիրները Լոռու մարզում արձանագրել էին աննախադեպ իրավիճակ: Այս մարզում բնական հավելաճի բացասական ցուցանիշ էր արձանագրվել:
Այսինքն՝ գրանցված մահերի քանակն ավելի շատ է, քան մարզում արձանագրված ծնունդների քանակը: Իսկ հիմա արձանագրվում է, որ այս տարի Լոռվա մարզի բնակչությունը նախորդ տարվա համեմատ պակասել է 400-ով:
300-ական բնակչով պակասել է Տավուշի և մեր երկրի ամենափոքր մարզի՝ Վայոց ձորի բնակչությունը:
Ահա այսպիսի պատկեր է երկրի մշտական բնակչության թվաքանակում: Փաստորեն, կարելի է արձանագրել նաև, որ երկրի (հիմնականում՝ Ռուսաստան) արտագնա աշխատանքի մեկնողներին հաջողվել է «լքել» երկիրը (փորձագետների տվյալներով՝ նրանք մեկնել են հիմնականում Մինսկով): Լքել են ու համավարակի սահմանափակումների պատճառով հավանաբար չեն վերադառնա: Ժողովրդագրական պաշտոնական տեղեկատուների մեջ նաև նշվում է մահացության վիճակագրությունը: Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն արձանագրող տեղեկատվության համաձայն՝ այս տարի արձանագրված մահերի պատճառների մեջ նոր տող կա` covid-19-ը:
Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կորոնավիրուսի պատճառով արձանագրվել է մահերի 4.9 տոկոսը: Սա՝ այն դեպքում, որ համավարակն առաջին երկու ամիսներին չկար: