Դիմել եմ տաքսի ծառայություններից մեկին՝ բեռներ տեղափոխելու համար, սակայն պահանջել են մոտ 90․000 դրամ․ արցախցին՝ բեռնատար մեքենաների անհրաժեշտության մասին

Արցախցիները բնակավայրերը լքում են անասելի ցավով ու սրտի կսկիծով, և ստեղծված իրավիճակում փնտրում են օգնության ձեռքեր, որոնք կօգնեն գոնե տեղափոխել տան գույքը, անասուններ, մեղուներ և այլն։

«Բերձորից եմ, դիմել եմ տեղի տաքսի ծառայություններից մեկին՝ բեռներ տեղափոխելու համար, սակայն պահանջել են մոտ 90․000 դրամ։ Ստեղծված իրավիճակում դա վճարելն անհնար է։ Կան շրջաններ, որ մարդիկ դպրոցներից չեն կարողանում պետական գույքը, գրքերը տեղափոխել։ Գոնե գան, օգնեն։ Բեռնատար մեքենաների անհրաժեշտությունը շատ մեծ է։ Մենք չենք կարող այս ամենը թողնել այստեղ։ Մեր արխիվային մատյանները, մեր գույքը, մեր գրքերը․․․ դրանք տեղափոխել է պետք շատ արագ։ Մենք ժամանակ չունենք։ Մարդիկ փորձում են դուրս բերել ավելի քան 20 տարվա ստեղծածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Լենա Պողոսյանը։

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Արցախի նախագահի մամլո Խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:

Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերնա Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: 

Տեսանյութեր

Լրահոս