«Սյունիքի կյանքը ՀՀ կազմում՝ մնացել է 5-15 տարի՝ դրանից հետո կորցնելու ենք». Ադրբեջանի հարցերով փորձագետ

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի փաստաթղթի պահանջները տեսնելուց հետո, որևէ արցախցի չի վերադառնա Արցախ և կողք կողքի ապրի ադրբեջանցու հետ։

Ըստ փորձագետի, արցախցիները կմնան Հայաստանում, կմեկնեն Ռուսաստան ու այլ վայրեր, բայց նման պայմաններում չեն վերադառնալու Արցախ։

Ինչ վերաբերում է Սյունիքով ցամաքային ճանապարհին՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, Արմինե Ադիբեկյանը նկատեց. «Սյունիքի կյանքը ՀՀ կազմում՝ մնացել է 5-15 տարի։ Դրանից հետո Սյունիքը մենք կորցնելու ենք։ Այսինքն՝ Մեղրին արդեն կորցնում ենք այդ ճանապարհի պատճառով, որովհետև թուրքն է արդեն թույլ տալու գնանք Ագարա՞կ, թե՞ ոչ, Իրանից մեր բեռները գա՞ն, թե՞ չգան, որովհետև այդ հատվող ճանապարհը վերահսկվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ուժերի կողմից»։

Թե ինչո՞ւ Հայաստանն ու Արցախը հայտնվեցին նման իրավիճակում, Արմինե Ադիբեկյանն ունի մեկ պատասխան. «Մենք անկախություն նախաձեռնեցինք մեկ անձի համար, որը բացարձակ չգիտի, թե ինչպես կառավարի անկախությունը և բոլորովին արժանի չէ ազգային պետություն ունենալու համար։ Տվյալ անձի համար մեկ փոր հաց ուտելն ավելի կարևոր էր, քան ազգային պետականությունը։ Այսինքն՝ մարդիկ թողած իրենց բուն պարտականությունները՝ նստած հաշվում են սրա կամ նրա փողը։ Ու այդ մարդկանց զայրույթը ոչ թե թալանն էր, այլ այն, որ իրենք չեն թալանել, զրկված են եղել թալան իրականացնելուց։ Հեղափոխությունը ոչ թե նրա համար էր, որ կոռուպցիան վերացնեին, այլ նրա համար, որ հենց իրենք մասնակցեն կոռուպցիային, հետագա բոլոր իրադարձությունները հենց սա ապացուցեցին։ Այն աստիճանի կոռուպցիա, որը Հայաստանում ծավալվեց Նիկոլ Փաշինյանի օրոք, նման բան չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյանի կառավարման վերջին օրը։ Մենք 30 տարվա ընթացքում չենք ունեցել այս աստիճանի կոռուպցիա, որը եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք, փաստերով կարող եմ ապացուցել»։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից ելքերին՝ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ ելք չի տեսնում, քանի որ այս պահին երկրում ներքին անկայուն վիճակ է, որը պետք է հանդարտվի։ Դրանից հետո պետք է հասկանալ, թե երկրի վարչապետն ինչ է ստորագրել, որովհետև այդ համաձայնագիրն ինքնին ոչինչ է, որի տակ պետք է դրվեն առանձին միջպետական պայմանագրեր, որից հետո էլ ամեն ինչ պարզ կլինի։

«Ինձ համար անհասկանալի է Տավուշի գյուղերի թեման, ՀՀ-ի ներսում գտնվող գյուղերից պետք է տանք Ադրբեջանին ու լռենք Արծվաշենի մասի՞ն, այդ գյուղերը փոխանակվել են Արծվաշենով։ Ստացվում է, որ այդ գյուղերը տալիս ենք, բայց Արծվաշենը հետ չենք բերում։ Մեզ պետք է Ադրբեջանի անկլավներ այդ տարածքում, որովհետև այդտեղ Ադրբեջանը չի բնակեցնելու, այլ իր զորքն է բերելու տեղակայի։ Նշանակում է, որ մենք Տավուշում, ասենք, Ոսկեպարի չորս կողմում ունենք երեք գյուղ, որտեղ կանգնած է ադրբեջանական զորք՝ ՀՀ տարածքում»,- շեշտեց փորձագետը։

Նա նաև ընդգծեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում փաստացի որևէ պետական կառույց չի աշխատել, Արցախից եկած փախստականների հարցերով զբաղվել են միայն կամավորները։

«Երբ նայում էի քարտեզին ու դրանից հետո ինձ ասում էին՝ հաղթելու ենք, հարցեր էր առաջանում։ Ցավոք, լինելով օրինապաշտ քաղաքացի, ռազմական դրության ժամանակ զրկված եմ եղել շատ հարցեր բարձրաձայնել, որովհետև իմ բերանը փակեցին տուգանքներով, ես չունեի 300 հազար դրամ, որ տուգանք վճարեի։ Եթե երկրի վարչապետն օգտագործում է կապիտուլյացիա բառը, հետո ասում է՝ ես ժողովրդին փորձելու համար եմ արել, որից հետո գիշերով, երբ ժողովուրդը քնած է, կապիտուլյացիա է ստորագրում, ապա էլ ինչի՞ մասին եք խոսում»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս