«Ըստ էության, ունենալու ենք Արցախ, որտեղ որևէ մեկը չի գնա բնակվի այս պայմաններում»․ Պատմաբան

Նոյեմբերի 10-ին տարածվել է ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարությունը, որտեղ նշված էր, որ Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են Հայկական կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը։ Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, մ 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահ զորակազմը ռուսական տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու համար տեղակայման համար։

«Սա հատուկ պլանավորված մեծ օպերացիա էր և, ցավոք, մեր քաղաքական, ռազմական ղեկավարությունը այն շուտ չնկատեց, չէին պատկերացնում, որ դեպքերը կարող են այսպես զարգանալ։ Մենք պետք է կարողանանք այս պահին ապահովել զորքերի, մարդկանց անվտանգությունը, ովքեր այնտեղ են։ Այսքան կորուստներից հետո մեզ ժամանակ է պետք՝ վերականգնվելու, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, որովհետև մենք, ըստ էության,  մնացինք մենակ՝ ինչպես միշտ մեր պատմության ծանր շրջաններում։ Եվ, թե ինչ արեցինք սխալ, որ մնացինք մենակ՝ այ սա պետք է  քննարկենք։ Երկրում մեծ ցնցումներ պետք չեն, քանի որ ավելի շատ բան կկորցնենք։ Պետք է կարողանանք ունեցածը պահել, զորքը համալրել, քանի որ սա դեռ վերջը չէ, պատերազմի հերթական փուլն է ավարտվել։  Արցախյան հերթական ճակատամարտն է ավարտվել, ոչ թե պատերազմը։ Այն ոչ Հայաստանն է դեռ հաղթել, ոչ Ադրբեջանը։ Հիմա շատ կարևոր է արագ տեմպերով տնտեսությանն ուշադրություն դարձնել, որ կարողանանք պատրաստվել հաջորդ գործողություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ մեծ մասի մոտ կա տպավորություն, որ 100 տարի անց կրկնվեց պատմությունը։ 1920 թվականին, առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու, Մոսկվայի պայմանագրով ռուսների և թուրքերի կողմից իրականացվեց հայկական հողերի բաժանում։

«Մարդիկ կարծում են, որ սա ռուսների և թուրքերի միջև հերթական պայմանավորվածությունն էր՝ Արցախի հողերի և հարակից շրջանների  վերաբաժանման հետ կապված։ Սա շատ ակնհայտ է, սակայն ինձ համար տարօրինակ է, թե ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց գնալ այդ գործարքին։ Հասկանում եմ՝ սիրիական, ուկրաինական խնդիր կա, և այլն, որոնք գումարվեցին, և Ռուսաստանը ստիպված եղավ  գնալ զիջումների։ Հարավային Կովկասում մենք կարող ենք հստակ փաստել, որ թուրքական գործոնը դառնում է ավելի զգալի և ուժեղանում է։

Կոչ կանեմ ժողովրդին՝ բավական է զբաղվել ինքնախաբեությամբ, պետք է հասկանալ, որ թուրքական գործոնն ուժեղացել է և ժամանակն է գնալ Թուրքիայի Հանրապետության հետ ուղիղ բանակցությունների։ Հերի՛ք է մեզ խաբենք։ Պարզապես ինքնախաբեություն էր այն, որ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի Թուրքիան գործոն դառնա։

Մենք պետք է գնանք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, որպեսզի չհայտնվենք իրավիճակում, որ առանց մեզ տեղի ունենա նման գործարք»,- նշեց Գևորգ Մելքոնյանը։

Պատմաբանը վստահեցնում է՝ մենք ոչ մեկի ստրուկը չենք դառնա, եթե խելացի լինենք։

«Ըստ էության, ունենալու ենք Արցախ, որտեղ որևէ մեկը չի գնա բնակվի այս պայմաններում։ Այս գործարքը մեզ համար ոչ փրկություն էր, ոչ էլ բարեգործություն, ինչպես փորձում են ներկայացնել։ Մեծ հաշվով, ռուսների համար նշանակություն չուներ և չունի, թե ով է լինելու ՀՀ իշխանությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները երբեք հակառուսական քայլ չեն արել, ավելին, Սիրիա հայկական զորաբանակ են ուղարկել, և այլն»,- եզրափակեց Գևորգ Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս