Զոհված Արմանի որդին՝ 14-ամյա Նարեկը, հոր մեքենան վարել է՝ մորն և քրոջը Մարտակերտից դուրս բերել
Արցախում զոհված 39-ամյա փոխգնդապետ Արման Էդվարդի Դրմեյանը Շիրակի մարզի Կամո գյուղից էր, ամուսնացած է, ունի 1 տղա և 1 աղջիկ: Արմանի հայրը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ավարտելուց հետո ծառայության էր անցել Հայաստանում, իսկ 2019 թվականի ամռանն արդեն՝ Արցախում:
«Արմանս ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 17-ին, շատ աշխույժ ու ընդունակ տղա էր, 1998 թվականին դպրոցն ավարտեց, դեռ 18 տարին չէր էլ լրացել, բարձր գնահատականներով ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ինքը շատ լավ սովորող տղա էր, համալսարանն էլ շատ լավ, պատվով, հարգանքով ավարտեց, անցավ աշխատանքի Հայաստանում, մի քանի զորամասում է ծառայել, իսկ անցած տարի ամռանը տեղափոխվեց Արցախ՝ Մարտակերտ: Ընտանիքով տեղափոխվեցին այնտեղ, վարձով էին ապրում, երեխաներն այնտեղ էին դպրոց գնում, Նարեկս 9-րդ դասարան է, Մերիս՝ 6-րդ»,- պատմեց Արմանի հայրը:
Հոր նկարագրելով՝ Արմանը շատ բարի, ընկերասեր, բարեկամասեր անձնավորություն էր, սակայն ծառայության մեջ շատ խիստ և պատասխանատու էր, վատն ու կեղծիքը չէր հանդուրժում, խիստ զինվորական էր և չափից դուրս հայրենասեր: Դեռ փոքր տարիքից էր որոշել, որ պետք է զինվորական դառնար.
«Մենք էլ էինք ուզում, ինքն էլ, դե, հայրենիքի պաշտպանության գործն ամենավեհ գործերից մեկն է, մինչև վերջ էլ իր մոտ այդ պատկերացումն էր, ինքն իր աշխատանքը շատ էր սիրում: Ծառայության ընթացքում իր տրամադրությունը միշտ բարձր է եղել, երբեք բանակից ոչ մի բան չի ասել, ինչը գաղտնիք է, գաղտնիք է, բանակի գաղտնիքը նաև ծնողի համար է գաղտնիք, ինքն այդ կարգը լրիվ պահել է, մինչև վերջ»:
Արմանի հայրը պատմեց, որ սեպտեմբերի 27-ին, երբ լուրերով իմացել են, որ Արցախում պատերազմ է սկսվել, գնացել են, որպեսզի հարսին և թոռներին Հայաստան բերեն: Հպարտությամբ նշեց, որ մինչև իրենք կհասնեին՝ մոտ 50 կիլոմետր ճանապարհը 14 տարեկան թոռն է այնտեղից մեքենան վարել, մոր և քրոջ հետ առաջ է շարժվել դեպի իրենց:
«Զանգեցինք, երեխեքն ապաստարանում էին, մենք այստեղից գնացինք, այնտեղից էլ Նարեկս, մոր և քրոջ հետ, մեքենայով եկան մինչև Դրմբոն, հետո այնտեղից արդեն իրենց բերեցինք: Պապան էր մեքենա վարել սովորեցրել, մենք, դե, գալիս-գնում էինք… Ինչ ունեին՝ ամբողջը մնացել է Մարտակերտում, 2 մեքենա ուներ Արմանս, մեքենաներից մեկն էլ է այնտեղ մնացել, չգիտենք՝ հիմա ինչ վիճակ է այնտեղ»:
Արմանը վերջին անգամ զոհվելուց մի քանի ժամ առաջ է հեռախոսով խոսել ծնողների ու ընտանիքի անդամների հետ։
«Արմանս վերջին անգամ տղայի՝ Նարեկիս ծննդյան օրն է զանգել՝ հոկտեմբերի 2-ին, դա վերջին զանգը եղավ: Էլի բանակից, պատերազմից, ոչ մի բան չասաց, միայն՝ լավ ենք, ու ծնունդն է շնորհավորել, այդքան բան: Դեպքը եղել է լույս 3-ի գիշերը»,- պատմեց Արմանի հայրը:
Արմանը սեպտեմբերին՝ պատերազմից առաջ էր Հայաստան եկել, ուզում էր Երևանում հիպոթեքով բնակարան գնել, սակայն կիսատ մնաց: Արցախ գնալուց մոտ 1 շաբաթ անց պատերազմը սկսվեց: Հոր խոսքով՝ որդու զոհվելու մասին 2 տարբերակով են իրեն ներկայացրել, թե կոնկրետ որտեղ և ինչ պայմաններում է դեպքը եղել, հստակ չգիտեն.
«Մեկն այն է, որ իր հրամանատարական բունկերին են հարված հասցրել, մյուսը՝ վիլիսի վրա են կրակել, շուռ է եկել, հետո դրել են շտապօգնության մեքենա, որ տանեն հիվանդանոց, բայց շտապօգնության մեքենային էլ են հարվածել, մինչև հասցրել են վիրահատության, չի դիմացել, մահացել է, ասկոլկեքը շատ էին…»:
Արման Էդվարդի Դրմեյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Շիրակի գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում: Նոյեբերի 11-ին լրանում է նրա մահվան 40 օրը: