Ինչպե՞ս կազդեն անձրևները ֆոսֆորային զենքի պատճառով հրդեհված անտառների վրա

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ այսօր և վաղն Արցախում անձրևներ են տեղալու: Տեղումներ եղել են նաև երեկ: 168.am-ը բնապահպաններից  հետաքրքրվեց՝ անձրևներն օգուտ կտա՞ն թշնամու կողմից ֆոսֆորային զենքի կիրառման պատճառով հրդեհված անտառներին:

«Անձրևը, պարզ է, որ մաքրելու հատկություն ունի, եթե, իհարկե, անձրևն ու ձյունն առատ են: Շրջակա միջավայրը դրա միջոցով կարող է մաքրվել, բայց քանի որ ֆոսֆորային զենքի օգտագործման պատճառով այրված անտառներում թունավոր քիմիական նյութեր կան այս պահին, իրենք դեռ երկար ժամանակ այդտեղ կմնան: Անձրևը կօգնի միայն հրդեհը կանգնեցնել, իսկ քիմիական տարրերը երկար գործընթաց են, որը պետք է շատ ուժեղ անձրև լինի, որ ամբողջ բերրի շերտը քաշի տանի, բայց միևնույն է, իր ազդեցությունը բավականին երկար ժամանակ կարող է մնալ: Հրդեհների մասով, իհարկե, դա օգնություն է»,- ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Բնապահպան Կարինե Դանիելյանի պնդմամբ՝ անձրևները կարող են և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ ֆոսֆորային զենքի օգտագործման հետևանքով այրված անտառների պարագայում:

«Անձրևը, իհարկե, կօգնի լոկալ տարածքում, որովհետև կոնցենտրացիան կքչանա, անձրևն այդ մասը կլվանա, բայց տարածման առումով՝ հակառակը՝ կվնասի, որովհետև ջուրը կսկսի ֆոսֆորը տարածել: Լոկալ առումով դրական երևույթ է, ռեգիոնալ առումով բացասական է, որովհետև դառնում է ռեգիոնալ երևույթ»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Ֆոսֆորի տարածման հավանականության հետ համակարծիք է նաև Սիլվա Ադամյանը:

«Իհարկե, մեկ տեղից կարող է ուրիշ տեղ փոխվել: Եթե հորդառատ անձրև է այնտեղ,  որտեղ կա քիմիական աղտոտվածություն, անձրևը տանում է հողի բերրի շերտը,  այսինքն՝ թունավոր նյութերը կարող են տարածվել ուրիշ տեղ էլ: Հնարավոր և վտանգավոր բան է»,- ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Հարցին, թե ֆոսֆորի պատճառով հնարավո՞ր է, որ այդ տարածքում այլևս բուսականություն չաճի, Կարինե Դանիելյանը պատասխանեց, որ կաճեն, սակայն հարց է, թե ի՞նչ որակի ծառեր ու բուսականություն կլինի:

Իսկ ե՞րբ մենք կկարողանանք ասել, որ ֆոսֆորն այլևս վտանգ չի ներկայացնում անտառի համար:

«Դա ժամանակի խնդիր է, և կարծում եմ՝ հենց եղանակային փոփոխությունների միջոցով կլինի դա, բայց ոչ մեկանգամյա անձրև կամ մեկանգամյա ձյուն: Կարծում եմ՝ 1-2 տարի ժամանակ է պետք, նախ՝ պետք է ուսումնասիրել, թե վիճակն ինչպիսին է, մենք ոչ մեկս չգիտենք, այստեղ կանգնած հետևություններ ենք անում, պետք է մոնիտորինգ անել տեղում և հասկանալ, թե այդ տարածքը որքա՞ն է վնասվել, բերրի հողն ինչքա՞ն է վնասվել, սա լուրջ հարց է, որին պետք է անդրադառնան պատկան մարմինները, բայց քանի դեռ պատերազմն ընթանում է, մենք հնարավորություն չունենք հասկանալու, թե ի՞նչ վիճակ է այնտեղ: Պարզ է, որ աղտոտված է, բայց թե ինչքա՞ն ժամանակում այդ ամեն ինչը կվերանա, դա արդեն ստուգումները ցույց կտան: Մեկ կամ երկու տարվա կտրվածքով մենք հստակ ունենալու ենք խնդիրներ, իսկ բույսերի, կենդանիների վերականգնումը բավականին երկար գործընթաց է: Պատերազմի ավարտից հետո մոտ 10 տարվա ընթացքում այդ ամենը սկսում է վերականգնվել, լիարժեք է սկսում վերականգնվել և՛ բուսական աշխարհը, և՛ կենդանական աշխարհը, որովհետև լուրջ խնդիրներ են»,- ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Նա նաև նշեց, որ բացի ֆոսֆորային զենքից, կիրառվում են այլ զենքեր, որոնց պարունակությունը մեզ հայտնի չէ, և որոնք ևս մեծ վնասներ են հասցնում ամբողջ տարածաշրջանի բնությանը:

«Ոչ միայն անտառն է այրվում, մենք հասկանում ենք, որ, երբ  ռումբեր են ընկնում, կրակոցներ են լինում՝ տարբեր տեսակի զենքերի միջոցով, հողի բերրի շերտին խառնվում են տարբեր տեսակի նյութեր, էլ չեմ ասում երկաթի պարունակությունը, ինչպիսի քանակությամբ կլինի այդ բերրի շերտի մեջ, ինչքա՞ն ժամանակում է հնարավոր դա վերականգնել, սա շատ լուրջ խնդիր է»,- ասաց Ադամյանը:

Բնապահպանի խոսքով՝ պատերազմի ավարտից հետո հետազոտական մեծ աշխատանք կա անելու:

«Սա շենք չէ, որ ֆունդամենտը փորես, շենքը քարից սարքես, ու վերջ, սա խնդիր է, սա կենսաբազմազանություն է, սա շղթա է, պետք է վերականգնվի և մաքրվի շրջակա միջավայրը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին  և նոյեմբերի 1-ին Ադրբեջանն Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել է սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ, որն արգելված է Ժնևյան կոնվենցիայով։ Դեպքի մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Տեսանյութեր

Լրահոս