Պանթուրքիզմի վտանգը պետք է միավորի Հայաստանին և Չինաստանին. «Հայաստանի Հանրապետություն»

Մեր տարածաշրջանի արցախյան ճակատում այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնք աշխարհաքաղաքական վերադասավորումների տիրույթում են։ Որպես գերտերություն այս գործընթացներում իր ասելիքն ու դերն ունի նաեւ Չինաստանը։ Այս երկրի վարած քաղաքականության, հետաքրքրությունների եւ շահերի, ինչպես նաեւ հայ-չինական համագործակցային ներուժի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու (Հոնկոնգի համալսարանի Ասիա գլոբալ ինստիտուտ) Մհեր Սահակյանի հետ։

-Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն առնչվում են նաեւ Չինաստանի շահերին։ Ի՞նչ արձագանքներ կան այդ երկրից։ Որքանո՞վ է արցախյան հակամարտությունը ճիշտ ներկայացված Չինաստանում։

-Չինաստանն ուշի ուշով հետեւում է իրադարձությունների զարգացմանը. ԱԳՆ մամուլ խոսնակ Ջաո Լիծիանը վերջին անգամ հոկտեմբերի 23-ին է անդրադարձել արցախյան ընթացիկ պատերազմին։ Նա նշել է, որ Չինաստանը կոչ է անում կողմերին պահպանել կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ տարաձայնությունը լուծել քաղաքական երկխոսության միջոցով։ Իսկ որքանո՞վ է արցախյան հակամարտությունը ճիշտ ներկայացվում Չինաստանում հարցի պատասխանը վերջերս փորձեցինք պարզել Հայ-ռուսական համալսարանի իմ ուսանողներ Էմմա Առաբաջյանի, Քրիստինա Ավագյանի հետ համատեղ կատարած հետազոտության արդյունքներով։ Ցավո՛ք, չինական պաշտոնական մամուլում գերակշռում է ադրբեջանամետ դիրքորոշումը, երբեմն տպագրված հոդվածները չեն համապատասխանում Չինաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որոնց առթիվ մեր կապերի միջոցով բողոք ենք հայտնել։

Երեւում է, որ ադրբեջանական եւ թուրքական դեսպանատները Պեկինում կապ են պահում չինական մամուլի հետ, նրանց տրամադրում են տեղեկատվություն, օգտագործում են չինական մամուլի տարբեր օղակներում աշխատող պակիստանցիներին, ովքեր այդ ոլորտում աշխատանք են ստացել անգլերեն եւ չինարեն լեզուների իմացության պատճառով։ Սա է իրականությունը, այս ուղղությամբ բաց կա եւ այս օրերին ավելի ընդգծված երեւաց… Կարծում եմ, որ Հայաստանը լրագրող պետք է գործուղի Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակի հետ հանդիպումներին մասնակցելու համար։ Սա հնարավորություն կտար, որ ամեն անգամ հայ լրագրողը բարձրացներ Արցախի հետ կապված հարցերը։

Օրինակ՝ հարցներ Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Հարավային Կովկաս, որոնց դեմ պայքարում է նաեւ Չինաստանը… Միակ հակակշիռը մնում է փոքրաթիվ հայկական համայնքը, հայ ուսանողները, ովքեր մեծ ծավալի աշխատանք են տանում այս օրերին։ Չինական սոցցանցերում ակտիվ աշխատանք են տանում, ներկայացնում հայկական կողմի տեսլականը։ Նրանք նաեւ կազմակերպեցին դրամահավաք, ընդամենը մի քանի հարյուր հոգով «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեցին ավելի քան 129.000 դոլար։ Փառք ու պատիվ նրանց, որ փոքր ուժերով նմանատիպ ծավալի աշխատանք են տանում։

-Տնտեսական առումով Չինաստանի հետաքրքրությունները մինչ այս կապված էին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ինչպիսի՞ պատկեր է անվտանգային առումով, եթե հաշվի առնենք, որ ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական վերադասավորումներն առնչվելու են նաեւ Չինաստանի շահերին։

-Պետք է վերջիվերջո հասկանալ, եւ սրա մասին մենք բազմիցս ենք խոսել, որ երբ Հայաստանը չի զարգացնում չինական ուղղությունը, ապա դա որոշակի ռիսկեր է առաջացնում։ Հարց է առաջանում, իսկ որո՞նք են այդ ռիսկերը, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ ուղղակի չօգտագործվեցին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ընձեռած հնարավորությունները։ Ռիսկն այն է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ավելի են խորացնում իրենց ընդգրկվածությունը չինական նախաձեռնությունում՝ փորձելով օգտագործել այն Հայաստանի դեմ, ինչպես նաեւ Պեկինում իրենց ձայնն ավելի լսելի դարձնելու միջոցով խոչընդոտել հայ-չինական հարաբերությունների խորացմանը։ Հայաստանն աշխարհի երկրորդ գերտերության հետ պետք է փորձի բարելավել հարաբերությունները, որոնք վերջին տարիներին լճացման փուլում են, որպեսզի կարողանա թե՛ օգտագործել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ընձեռած հնարավորությունները, թե՛ դիմակայել վերոհիշյալ ռիսկերին:

-Թուրքիան մեծ աշխատանք է տանում Կենտրոնական Ասիայում պանթուրքիստական գաղափարախոսությունը տարածելու համար։ Ինչպե՞ս է առնչվում այս ծավալապաշտական քաղաքականությունը Չինաստանի հետ։

-Չինաստանը հենց ինքն է փորձում սեփական ազդեցության գոտի դարձնել Կենտրոնական Ասիան. այսօր այնտեղ չինացիները զգալի աշխատանք են տանում։ Մի քանի տասնյակ միլիարդի ներդրումներ ունեն տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները մասնակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, ինչը Չինաստանին ընձեռել է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ահռելի ազդեցություն։ Կենտրոնական Ասիայում չինացիների դեմ պայքարելը նույնիսկ ռուսներն անհույս գործ համարեցին եւ փորձում են տարածաշրջանում համագործակցել նրանց հետ, որ կրճատեն այլ ուժերի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, Իրանի հնարավորությունները։ Չին-ռուսական տանդեմի անմիջական առաջնորդությամբ գործում է նաեւ Շանհայի համագործակցություն կազմակերպությունը, որը փորձում է լուծել Կենտրոնական Ասիայի անվտանգային խնդիրները։ Չինարենը մեծ համարում ունի Կենտրոնական Ասիայում, այսօր տեղի երիտասարդությունն ամենաշատը հենց այդ լեզուն է սովորում, քանի որ հետագայում դա օգնում է աշխատանք գտնել։ Չինաստանը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչներն անվճար կրթություն ստանան իր բուհերում։

Այս տարածաշրջանում չինական «փափուկ ուժի» դիվանագիտությունն ամենամրցունակն է, որի վառ ապացույցն են Կոնֆուցիոսի բազմաթիվ ինստիտուտները։ Իհարկե՛, Չինաստանը բացասական է վերաբերվում պանթուրքիզմի վտանգին, հակազդում է դրան տարբեր միջոցներով։ Այստեղ կարելի է համագործակցության եզրեր գտնել չինական կողմի հետ։ Չինաստանին պետք է հստակ տեղեկացնել, որ եթե Ադրբեջանում Թուրքիան հաստատվի իր ահաբեկիչներով, ապա մոտ ապագայում այդ ահաբեկիչները, որոնք Սինծիանի պատճառով թշնամաբար են տրամադրված նաեւ Չինաստանի նկատմամբ, իսկական պատուհաս կդառնան Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում չինական ներդրումների համար, կփորձեն ներթափանցել նաեւ Սինծիան եւ ապակայունացնել իրավիճակը։ Պետք է ակտիվացնել չինական կողմի հետ քննարկումները, բայց նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի հարցերում Չինաստանը նայում է դեպի Մոսկվա, այսինքն՝ չինացիները յուրաքանչյուր քայլ, արտահայտություն կատարելուց առաջ կփորձեն նաեւ ճշտումներ կատարել ռազմաքաղաքական հարցերով իրենց համար առաջին գործընկերոջից՝ Ռուսաստանից։

Մի քանի խոսքով կցանկանայի անդրադառնալ նաեւ Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրներին։ Այնտեղ Հայաստանն ունի բազմաթիվ ընկերներ, պետք է շատ զգույշ լինել եւ նրանց չնույնականացնել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խուժանի հետ։ Այնպես չէ, որ անկախ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի քաղաքական էլիտաները սպասում են, թե երբ պետք է իրենց ռեսուրսները, երկրները հանձնեն Էրդողանին։ Սա պետք է հասկանալ եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ շարունակել կառուցողական համագործակցությունը տարբեր բնագավառներում։

-Հայ-չինական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ Որքանո՞վ ենք օգտագործում երկու պետությունների ներուժը համագործակցության առումով։ Ո՞ր ուղղությունները կարող են լինել առանցքային։

-Այո՛, Հայաստանում մենք սիրում ենք խոսել հայ-չինական դարավոր հարաբերությունների մասին, բայց ազնիվ լինելու համար պետք է նշենք, որ շարքային չինացիների ճնշող մեծամասնությունը չգիտի Հայաստանի մասին, տեղյակ չէ այդ հարաբերությունների պատմությունից, աշխատանք պետք է տանել։ Օրինակ՝ կարելի է չինացի ուսանողների տարեկան 40-50 հոգու կրթաթոշակ տրամադրել Հայաստանում հայագիտություն ուսումնասիրելու համար։ Անդրադառնալով հարցի երկրորդ մասին, պետք է նշենք, որ երկու պետությունների համագործակցային ներուժի չնչին մասն է օգտագործվում։ Ելնելով այսօրվա դրությունից՝ կնշեմ մեկ ուղղություն, որի մասին նշել էինք 2018 թ. հրատարակված «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը» գրքում։ 21-րդ դարի պատերազմի կանոնները, զինատեսակները փոխվել են, ժամանակի հրամայականն է Հայաստանում կառուցել ռոբոտացված զինատեսակների, հարվածային ԱԹՍ-ների լուրջ, ժամանակակից ռազմաարդյունաբերական կենտրոն։ Առաջարկել էի սրա շուրջ բանակցություններ վարել Չինաստանի հետ, քանի որ վերջինս այս բնագավառում հաջողություն ունի, ինչի շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի ստեղծել համատեղ արդյունաբերություն։ Կարելի է մտածել Հայաստանում չին-հայկական ռազմական տեխնոլոգիաների համալսարանի հիմնման մասին, որի շրջանավարտներն էլ հետագայում կաշխատեն վերոհիշյալ ռազմաարդյունաբերական կենտրոնում։ Այս դարաշրջանում բոլոր պատերազմներում կհաղթեն միայն նրանք, ովքեր գիտական ռազմարդյունաբերություն կունենան… Ուժը, քանակը այլեւս կդառնան երկրորդական։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս